Կային ժամանակներ, երբ ամերիկյան գրեթե յուրաքանչյուր կատակերգական ֆիլմի գլխավոր հերոսը չարի հախից գալուց հետո իր հաղթական խոսքն ավարտում էր «Խաղաղությո՛ւն ողջ աշխարհին» մաղթանքով։ Մենք հանդիսատեսներով ծիծաղում էինք, որովհետև կատակերգուի կատարմամբ դա կոկետություն էր թվում, հետն էլ՝ այնքան հաճախ էր հնչում, որ «խաղաղություն» բառը նմանվել էր մկան պոչի՝ սպառողների հասարակության բարեկեցության, շատ թե քիչ ապահով ապրելակերպի և խախուտ կայունության համեմատ։ Մենք ծիծաղում էինք, որովհետև մոռացել էինք, թե որքան անսպասելի են արթնանում ննջող հրաբուխները և հրեշները, իսկ եթե արթնանում էլ են, ապա ինչ-որ ուրիշ մի տեղ, մեզնից շատ հեռու, և դա, ուրեմն, մեզ չի վերաբերում, մենք ընդամենը հանդիսատես ենք։
Կային ժամանակներ, երբ Ամանորին մենք միմյանց մաղթում էինք սեր, երջանկություն, առողջություն, ձայնը ցածրացնելով՝ շատ փող, կորուստ ունեցողներին՝ համբերություն և ուժ, նորապսակներին՝ մեկ հավերժական բարձ, գործարարներին և ստեղծագործողներին՝ հաջողություն… Իսկ թե ինչու էր ձևական թվում ամերիկյան ֆիլմերում հաճախ հնչող ուղերձը, գոնե ինձ համար այսօր պարզ է դարձել. որովհետև խաղաղությունը չի ճանաչում «Ողջ աշխարհում» առանձին հաղթանակներ և առանձին ողբերգություններ, երբ մնացած բոլորը պոպկորն են ծամում։
Ես խաղաղություն եմ մաղթում Մեր աշխարհին և հուսով եմ, որ հաջորդ տարին իր նախորդների սխալները ամանորյա կողովի մեջ հավաքելով՝ կդարձնի դրանք հետևություններ ու կներարկի մարդկության երակների մեջ միասնության կենսական ցանկությունը՝ իբրև սիրո, երջանկության, առողջության, հաջողության, սփոփանքի և նույնիսկ մեկ հավերժական բարձի միակ իրական պայման։