Այսպես էլ է եղել / Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

– Էս Լուսիկն էլ աշխարհից գնալու ժամանակ գտավ. հայ ու թուրք իրար խառնված, շունը տիրոջը չի ճանաչում, կռվի էս թունդ պահին առավ ու գնաց: Դե գնա ու կրակոցների տակ թաղում արա, լացդ լաց…- Վարդին է, ասաց՝ առաջին անգամ աշխարհից հեռացողների մասին անհումոր արտահայտվելու փորձ անելով:
Մինչև Ղարաբաղի անկախանալը Վարդին ուղիղ 55 տարի Ռոզա էր եղել: Հայկական անկախ հանրապետության քաղաքացի դարձած Ռոզան մի օր ոչ տեղին ու ոչ պահին, չգիտես ինչու, անկապ կատակ էր արել.
– Հիմա ի՞նչ… բոլորս երևանսկի ենք խոսելու, ես էլ Վա՞րդ եմ դառնալու…
– Դու կյանքում Վարդ չես դառնա, բայց, ա՛յ, անունդ կարելի է «Վարդի» դարձնել,- բառախաղ էր արել Լենան, ու խոսքը գլորվել էր թաղով մեկ, «Վարդին» տեղը-տեղին կպել էր Ռոզային:
Մի օրում մարդու անունը կենսականությունից իսպառ զրկվել էր: Ինքն էլ էր լուրջ-լուրջ զարմանում՝ «Էս շան լակոտներն էլ են սկսել Վարդի բաբո ասել». խոսքը թոռների մասին էր:
Թաղի կանայք անգրել օրինականացրած մի սովորություն ունեին. հոգեհանգստի գնում էին միասին, մի տեղ հավաքվում էին, խմբվում ու, նայած թե մահացածը ահել էր, թե ջահել, համապատասխան տրամադրությամբ ու համապատասխան տեսքով բռնում էին հանգուցյալի տան ճանապարհը: Խմբի գլուխ-առաջնորդը լինում էր Լենան: Վարդին միայն նրանից էր քաշվում, նրան էր լսում, ինչպես կանայք էին ասում, միայն Լենան էր կարողանում Վարդու լեզվի հախից գալ: Ու Լենան էն գլխից Վարդուն խստորեն զգուշացնում էր ամեն անգամ.
– Նայիր հա՜, լեզվիդ չտաս, թե բառ ես բերանիցդ հանելու, մեզ հետ մի՛ գա:
Վարդին երեխաների արևով երդվելով էր խոստանում բերանը չբացել: Երդվում-խոստանում էր, բայց տեղում մոռանում: Բանն այն էր, որ նման տեղերում Վարդին հենց բերանը բացում-խոսում էր, լաց ու սուգ մոռացած՝ հարևաններով իրենց գցում էին դուրս՝ զսպած փռթկոցներից ազատվելու: Հետո մի քանի շաբաթ բերնեբերան պտտվում էր Վարդու անունը, թե ինչպես, երբ հանգուցյալի կինը լացաձայն ամուսնու գանգուրներն էր գովում, Վարդին կողքին կանգնած Զինայից ցածրաձայն հարցրել էր.
– Լսի՛ր, էս անաստվածը մարդու գլուխը ճըպլ թրաշա՞ծ է որոշել թաղել…
Զինան ու կողքի կանգնածները ոչ միայն նկատել, այլ նաև հիշել էին, որ հանգուցյալն, ախր, անհիշելի ժամանակներից էր ճաղատ: Իրար երեսի էին նայել ու… սկսվել էր անկարելին: Եվ այդպես համարյա միշտ: Մի անգամ էլ, ասում են, հանգուցյալի կինը մղկտալով նրան հանդիմանում էր, թե նոր կոստյումը այնքան պահեց ու չհագավ, որ հիմա հետը նոփ-նոր է տանում… Վարդին էլ, կողքինի ականջին, թե՝ տեսնես գոնե յառլիկը վրայից հանե՞լ է…
Ո՛ր մեկը գրես: Այդպիսին էր Վարդին: Պատմում են, որ եթե հանգուցյալը ջահել էր լինում, ամեն մի մանրուք տեսնող, ամեն ինչ լսող Վարդին ոչինչ չէր լսում, ոչինչ չէր տեսնում, մղկտում ու լացում էր, երկար ժամանակ էլ վշտակցում ու սուգ պահում: Վարդու սուգ պահելը թաղամեջ դուրս գալուց խուսափելն էր. որ հանկարծ բերան չբացի, ու մարդիկ չխնդան:
Լուսիկը, որի մահվան լուրն արագ տարածվել էր թաղով մեկ, Լենայի մայրն էր. նա կռվող Կրկժանից այդպես էլ դուրս չէր եկել. ո՛չ աղջիկներն էին կարողացել համոզել, ո՛չ տղաները: Ասել էր՝ թե մեռնեմ, թող տանս-դռանս մեռնեմ: Ու մինչև վերջին օրը (ու հավանաբար նաև ժամերը) իր տան-դռան գործին էր եղել: Նրա տուն ու տեղը, բակ ու դուռը միշտ մաքուր, տեղը-տեղին հավաքված ու կոկիկ էր: Զարմանալի մի սովորություն էլ ուներ. սեղանին միշտ հաց, պանիր ու կանաչի էր դրված լինում՝ թեյի մաքուր սրբիչով ծածկված: Մի անգամ հարցրել էին, թե ինչու է միշտ սեղանը բաց պահում, ասել էր.
– Խէ ես տան կնեգ չը՞մ, տոնս տոն չի՞… Պա վեր տանս տիռնէվ մարդ մտնե, ստոլս տերտակ տեսնա, ինձ հի՞նչ կասե…
Վարդին էլ անհամ կատակ էր արել.
– Նայիր, մեռնելուցդ առաջ չմոռանաս սեղան գցել, սոված ենք գալու:
«Սեղանը գցած» էր մահացել, սեղանի մոտ՝ աթոռին նստած:
Հարևանությամբ ապրող թոռանը տարօրինակ էր թվացել բակ ու բանջարանոցում տիրող անսովոր լռությունը. Լուսիկը բակից բակ թոռ ու հարսին, չարություն անող ծոռներին դիտողություններ անելու անխախտ սովորություն ուներ, ճիշտն ասած, միշտ՝ տեղին: Եթե դիտողություն էլ չաներ, եղանակի հետ կկռվեր. երկարատև թոռութաց կլիներ թե այրող-վառող արև, մեկ է, վարած-ցանածի համար եթե անբարենպաստ էր, վե՛րջ: Կռվում էր անաստված երկնքի հետ, որ խիղճը կորցրած վերևից նայում է, ամեն ինչ տեսնում ու չտեսնելուն տալիս: Ես նրա համուհոտով զրույցների չափ սիրում էի նաև նրա կռվախոսքերը, որոնք հնչում էին զարմանալի գունաշեշտերով. նա ամեն ինչի հետ խոսում էր, ինչպես մարդու հետ կխոսեր՝ թուփ ու ծառ լիներ, կուժ ու կուլա թե թոնիր ու կուտ գնացած հաց… Բայց հատկապես առանձնանում էին նրա խոսքուզրույցները Աստծո, Երկնքի (Վերևի), Արեգակի ու Լուսնի հետ: Աչքի էր ընկնում հատկապես արեգնապաշտությամբ ու լուսնապաշտությամբ. ցերեկը Իրիգնակից էր բարին խնդրում, գիշերը՝ Լուսնինգայից: Թե որ եղածը սրտովը չէր լինում, վերևին ու վերևներում եղածներին էր հանդիմանում՝ «Ա՛ անաստված, մի կտոր արևն ի՞նչ է, որ յոթ սարի հետև պինդ-պինդ պահել ես, ախր ամբողջը փտեց-բորբոսնեց, է՜…»: Մեկ այլ դեպքում էլ, թե՝ «Ա՛ Իրիգնակ, Աստվածդ կորցրե՞լ ես, էս ի՞նչ ես անում, էսքան կրակ թափել կլինի, որ դու ես թափում. բան չմնաց, ամբողջը վառվեց-չորացավ… Արածդ ի՞նչի նման է»: Ու այսպես շարունակ ցանել-վարելու, բերք քաղել-հավաքելու տարվա եղանակներին Լուսիկը նույն կռիվն էր անում վերևների հետ, իհարկե, ասելիքի շարահյուսական փոփոխակներով: Ու միշտ կողքից լսողի համար նրա խոսքը համուհոտով էր հնչում. ինչպես դեռևս ջահել տարիներից նրան սիրահարված Սարգիսն էր ասում. «Լուսիկի կռիվ անելուց էլ է մարդու քեֆը գալիս»:
Քաղաքից գյուղ հարս եկած Լուսիկը գյուղի կանանցից շատ էր տարբերվում թե՛ նիստուկացով, թե՛ հագուկապով. ինչպես կրկժնեցիներն էին ասում, ոչ մի բանով իրենց նման չէր: Այդպես էլ կար. ինքն իրեն քաղաքի աղջիկ էր համարում, բաքվեցի էր: Բայց դա չէր խանգարում, որ հասակակից կանանց հետ ընկերություն ու հարևանություն աներ: Նրանց նման տանդռան գործերն էլ էր անում, հանդուչոլերինն էլ: Մինչ օր-ծերություն նա կով կթելու, այգում աշխատելու ու հաց թխելու, տանը հագնելու ու գյուղամեջ դուրս գալու շորերը ոչ խառնեց, ոչ իրար մոտ պահեց, իսկ Ստեփանակերտ հագնել-գնալու շորերը յուրահատուկ էին` կրեպդեշենից ու կրեպժոժետից, հեռու Տաշքենդ-աշխաբադներում ապրող ավագ դուստրն էր բերում ու գեղեցկուհի մորը սիրուն-սիրուն հագցնում: Դրանք նա հատուկ էր պահում` հոր տնից օժիտ բերած գույնզգույն թիթեղահյուսվածքով սնդուկում:
Լուսիկը գյուղում նախանձողներ շատ ուներ, բայց նաև քիչ չէին հարգող-պատվողները: Նրա նկատմամբ հատուկ հարգանքով էին նաև կրկժանաբնակ թուրքերը: Հանրային այգիներում, ֆերմաներում խառնազգի էին աշխատում, բոլորն իրար տեսուճանաչ էին: Լուսիկի ամուսինը՝ Անդրին, որ բարձրակարգ գյուղատնտես և հմուտ ու գիտակ անասնաբույժ էր, առանց խտրականության ձեռք էր հասցնում նաև վերևի գյուղի թուրքերին. սրանցից շատերը, գործի բերումով ներքևում հայտնվելով, բազմիցս վայելել էին նաև Լուսիկի ձեռքի հացը:
Բայց դե միայն ժամանակ կոչվածը ստույգ գիտի, թե ինչքան է տևում թրքական «բարիդրացիությունն ու հարևան-բարեկամությունը»: Չգրված պարբերականությամբ դրանց քողը պատռվում է և բացում իր տակ եռացող անսահման ատելությունն ու թշնամանքը: Այդպես էր եղել և 88-ին: Ժահրոտ վերք էր բացվել: Արյուն էր հեղվում նաև Կրկժանում. ներքևի գյուղն ու վերևի գյուղը թշնամացած էին:
Լուսիկն էլ, Վարդու ասածի նման, աշխարհից գնալու ժամանակ էր գտել: Լուրը շատ արագ էր տարածվել գյուղում: Անպայմանավորվել զինադադար էին արել երկու կողմերն էլ. քանի ժամ էր՝ վերևից չէին կրակում: Թուրքերի աղսախկալներից մեկը՝ Շահբազը, հայտարարել էր, որ չեն կրակելու, մինչև Լուսիգ խանումի հուղարկավորությունը չավարտվի: Եվ հայերին էին դիմել, որ թույլ տան աղսախկալների խմբին՝ մասնակցելու արարողությանը՝ հանգուցյալի հարազատների անվտանգությունն ապահովելու և ոչ կրկժնեցի ասկյարների կողմից անկանխատեսելի գործողությունների ձեռնարկումները կանխելու համար: Հայերը մերժել էին՝ ասելով, որ իրենք չեն կարող երաշխավորել, թե ինչ քայլերի կարող են դիմել մորթված ու խոշտանգված տասնյակ հայ երիտասարդների հարազատները: Այնուամենայնիվ, երեք օր գյուղում կրակոցներ չեն եղել:
– Էն Աստվածը, ես ըսէնց պաչյոտնի թաղում տէսած չըմ,- Վարդին էր: Բայց այս անգամ խնդացող չեղավ…
Հուղարկավորությունից հետո Ստեփանակերտի ճամփան բռնած կանայք լուռ էին. քիչ հետո-ի տագնապները սրտում՝ ամեն մեկն իր կորստի ու ցավի հետ էր…

One thought on “Այսպես էլ է եղել / Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

  1. Տիկին Երվանդյան, հրաշալի գործ, որի մեջ Վարդի հումորն ու Լուսիկի մահը, նորից եկավ ասելու, որ մահն ու ուրախությունը միշտ եղել են կողք- կողքի…
    Շնորհակալություն Ձեզ, գեղեցիկ մատուցման համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։