Պատմությունը շարունակում է հարվածել մեզ։ Մենք ցնցվում ենք, ողբում, ընկճվում, դիմադրում, փորձում դարձյալ շտկել մեր մեջքը, բայց այդպես էլ դասեր չենք քաղում։
Երեսուն տարի առաջ մեզ կարծես թե շանս տրվեց վերջապես քչից-շատից երկիր դառնալու, ազգային պետություն կերտելու, համախմբվելու և բռունցքվելու, ամենօրյա աշխատանքով նվաճելու հայրենիք ունենալու իրավունքը։ Մինչդեռ լավագույն դեպքում ամեն ինչ արվեց կիսատ-պռատ, արտաքին ու հատկապես ներքին թշնամին արեց ու շարունակում է ու դեռ շարունակելու է անել ամեն ինչ, որպեսզի հայը դարձյալ մնա ստորադաս՝ աշխարհին և ինքն իրեն։
Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք՝ կրծմրծված հայրենիք, մեկ տարի շարունակ արյունահոսող պատերազմական վերքեր, հազարավոր զոհեր, ամենօրյա կտտանքների ենթարկվող ռազմագերիներ, սպասվելիք ժողովրդագրական, տնտեսական և այլ տիպի ճգնաժամեր։ Եվ չունենք այդ մարտահրավերներին ընդդիմանալու հստակ ծրագրեր ու միջոցներ, դրանք լուծելու կամք՝ վերին ատյաններից, որոշում ընդունողներից, որոնց ձեռքին քիչ թե շատ լծակներ կան…
Նոր էր լրացել իմ 17 տարին, երբ տեղի ունեցավ Սումգայիթը։ Այդ ժամանակ ես՝ նոր-նոր «կյանք մտնող» դեռահասս, հստակ հասկացա, որ մենք անտեր ժողովուրդ ենք և խաղալիք՝ մեծ ուժերի ձեռքին։
Այսօր ես 50 տարեկան եմ, և անտեր ժողովրդի պատկանելու զգացողությունը չի անցել անցած ժամանակաշրջանում։ «Տեր» ասելով` նկատի չունեմ «մեծ եղբայր», «փրկիչ», «ռազմավարական դաշնակից», որը միշտ կուշանա օգնության հասնել և ավելի մեծ թափով կզինի թշնամուդ, որն իր ռազմավարական դաշնակիցը չէ։ Նկատի ունեմ սեփական ժողովրդի մասին օրնիբուն մտածող իշխանություններ, որոնք ամեն քայլով, մեծ ու փոքր քաղաքականության բոլոր գրված ու չգրված օրենքներով կապահովեին բնակչության գեթ ֆիզիկական պաշտպանվածությունը փխրուն, հիվանդ ու վառոդի տակառ հիշեցնող տարածաշրջանում՝ առանց նրան տարիներ շարունակ բազմաբնույթ ստերով օրրելու…
Չեմ հետևում ԶԼՄ-ների, ֆեյսբուքյան և խորհրդարանական անիմաստ գզվռտոցներին, իսկ պատերազմի վերսկսման վերաբերյալ ամենօրյա մե՛րթ մտահոգ, մե՛րթ չարախինդ հիշեցումներն ինձ ստիպում են նոր թափով շարունակել գրական-հետազոտական գործերս՝ թեև սրտաբեկ ու վհատված, թեև մոլորված ապատեղեկատվության ճահճում (թե՛ «ընդդիմության», թե՛ «դիմության»), մեկ տարի շարունակ մտորելով այս ազգային աղետի մասին, անընդհատ հիշելով մեր նահատակներին (որոնցից իննին անձամբ էի ճանաչում՝ հատկապես մեկի հետ մտերիմ լինելով)… 21-րդ դարի աշխարհաքաղաքական վիճակն իր թելադրանքներն է ստիպում բոլորին, իսկ մենք տակավին մնում ենք հույսներս Աստծո և «բարի քեռիների» վրա դնող ժողովուրդ՝ վստահ, որ «Աստծո պահած ժողովուրդն ենք», «փյունիկի պես հառնելու ենք», մնում ենք առավելապես ճառ ասող, ո՛չ զանգ կախող ժողովուրդ… Միգուցե վերջապես ժամանա՞կն է անդրադառնալ դեռևս 5-րդ դարում Խորենացու ախտաճանաչած ու մատնանշած ազգային թերություններին ու համառ ջանքերով սրբագրել դրանք, իսկ 20-րդ դարում հայ բանաստեղծի՝ ազգային միասնականության մեջ փրկություն տեսնելու կոչն իջեցնել պատերից ու ամենօրյա աշխատանքով դարձնել կենսաձև…
Բայց հնարավո՞ր է դա…
Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ
