Մեր Կապույտ Մոլորակը իր վրա ապրողներիս «դավին անտեղյակ, ցավին անտեղյակ» ավարտում է
հերթական պտույտը Արեգակի շուրջը: Եվ ինչպես միշտ, հեռացող տարին ակամա հետադարձ հայացք է
պարտադրում: Ինչպիսի՞ն էր այն, ինչո՞վ նշանավորվեց, ի՞նչ բերեց, ի՞նչ թողեց, ի՞նչ տարավ, ի՞նչ
ակնկալիքներ ունենք գալիքից:
Անցնող այս տարում մի երկրով էլ ավելացավ աշխարհագրությունն իմ ստեղծագործական դեգերումների, որ
ընդհատվել էին երեք տարի առաջ Covid -19 -ի պատճառով: Հրավիրվեցի Հունաստան՝ Պոեզիայի
միջազգային փառատոնի, որի «Ոդիսևսներ» խորագրով անթոլոգիայում ներկայացված էր
բանաստեղծություններիս պատկառելի շարքը: Այդ էր հիմնական առիթը: Բայցև որքան հաճելի, նույնքան
բեղմնավոր եղավ իմ այս այցելությունը:
Հանդիպեցի վաղեմի բարեկամներիս՝ բանաստեղծներ Դարիուշ Լեբյոդային՝ Լեհաստանից, որը մեր
միության Պատվավոր անդամ է, և Ուիլյամ Ուոլակին՝ Ամերիկայից, որի հետ տարիներ առաջ մտերմացել
էի Չինաստանում: Եվրոպայում լայնորեն հայտնի ալբանացի և հունգար բանաստեղծներ Ետոն Քելմենդին
և Աթթիլա Բալաժը ինձ համար անակնկալ նախաձեռնությամբ անգլերենից և ֆրանսերենից թարգմանեցին
և սեփական միջոցներով Կոոովոյում և Հունգարիայում հրատարակեցին իմ գրքերը «Բաց նամակ»
վերնագրով: Ալբաներեն գիրքս արժանացավ Բրյուսելում և Պրիշտինայում գործող Գրողների Պետեր
Բոգդանի միջազգային ասոցիացիայի «Տարվա լավագույն գիրք» մրցանակին:
Գրեթե միաժամանակ, իմ թարգմանությամբ, մեզանում հրատարակվեցին Բալաժի «Վերաներկված
վանդակաճաղեր» և Քելմենդիի «Սպասում եմ քեզ» բանաստեղծական ժողովածուները: Եթե հավելեմ նաև,
որ կարողացա հրատարակել ռուս դասականներից և ժամանակակիցներից թարգմանություններիս երկլեզու
ստվարածավալ հատորը, ապա կարելի է ասել, որ անցնող տարին ինձ համար թարգմանչական էր
ստեղծագործական առումով:
Անթաքույց հպարտությամբ եմ նշում, որ իմ անվանակից թոռը զորակոչվեց բանակ՝ իր ծառայակիցների հետ
ապահովելու թե՛ բոլորիս խաղաղ առօրյան, թե՛ անվրդով մանկությունը իմ առաջնեկ ծոռնուհու, որ նոր-նոր
է փորձում տոտիկ-տոտիկ անել:
Եվ, այսուհանդերձ, տարին դաժան էր համայն հայության համար: Դժբախտություն ունեցանք ականատես
լինելու իր աստվածատուր հայենիքից արցախահայության բռնի տեղահանությանը, որ թե՛ մասշտաբներով,
թե՛ ժամանակային առումով, թերևս, նախադեպը չունեցողներից է մարդկության պատմության մեջ:
Ապշերոնյան բռնակալի այս ոճրագործությունն անպատիժ չպիտի մնա: Պատերազմի կոչ չեմ անում: Քավ
լիցի: Թվում է՝ քաղաքակիրթ աշխարհն էլ է սկսել հասկանալ իր սառած աչքերի առաջ կատարվածի
էությունը և ավելի հաճախակի է խոսում պատժամիջոցների մասին: Այս իրավիճակում առավել քան
երբևիցե կարևորվում է մեր միջազգայնագետների համառ ու հետևողական աշխատանքը: Պատերազմի
հանցագործ մոլագարի վերջին հանգրվանը միջազգային ռազմական տրիբունալը պետք է լինի: Սա էլ իմ
գերագույն ակնկալիքը գալիքից: