Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ / ԱՉՔԸ ՀԱՑԻ ՎՐԱ ՉԹՈՂՆՈՂ ՏԱՐԻ ԼԻՆԻ

Էս ի՛նչ դժվար է դարձել ամանորյա շնորհավորանքի խոսք գրելը։ Էսքա՞ն էլ դժվար լինի բառերն իրար
կողքի բերելը, էսքա՞ն էլ ծանրանան ու գրվել չուզենան, իրենք իրենցից նեղվեն, քաշվեն, մի տեսակ
ամաչեն ու կուչ գան…
Խոսքս, որ նաև հրավառվել գիտեր, շվարել է․ բարեմաղթանքի ու փառավորման բառեր է փնտրում ու
նեղվում իր անճարակությունից․ խոսքս մոլորվել է հին ու նոր տարվա ճամփաբաժանում։
Հնից մխացող ցավը տամ անցյալվող տարուն ու փառք տամ այդ տարում պտղած հայ մայրերին, աշխարհ
եկած առյուծաձագերին՝ Աղբյուր Սերոբներին, Սոսե Մայրիկներին… Լենսրտություն մաղթեմ
արցախահայության ներկայությունից նեղսրտող մարդկանց ու Աստծուց խնդրեմ՝ նրանց ունեցած մեկը
հազար անի, որ աչքներին չերևա էդ հազարից մեկը կարոտյալներին բաժին հանելը։
Մայր հողին մայրական գորովագթություն մաղթեմ՝ խտրականություն չդնի զավակների միջև, իմ ու քո
չանի, թե դատել է պետք, անաչառ դատի։
Հազարավոր մարդիկ այս տարի տոնածառ չեն դնի․ տուն չունեն․ դնելու տեղ չունեն, Նոր տարի
տոնելու փող չունեն։ Եկե՛ք նրանց իրենց տունը և իրենց տան պատերի ներսում տոն ունենալու
երազանք նվիրենք ու ասենք՝ տաքուկ օջախի տարի լինի։
Հազարավոր երեխաների աչքեր տոնածառի խաղալիքների պեսպեսությունից չեն փայլի, թող նրանց
անհայրության արցունքը սրբող տարի լինի, Եռաբլուրի ճանապարհը մաշող ծնողների սրտին մի
պտղունց ամոքանք բերող տարի լինի։
Լինի՛։ Մեզ ոտնիոտ հետևող պատերազմի ստվերը գրողի ծոցն ուղարկող անզոհ ու անարնահեղ տարի
լինի։
Ժողովրդի տաշտի հացն անպակաս լինի․ աչքը հացի վրա չթողնող տարի լինի։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։