Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ / ՀԱՅԱՑՔՆԵՐՍ ՉՓԱԽՑՆԵԼՈՎ ԱՊԱԳԱՅԻՑ

Երբեք այսպես կարկամած ու շփոթահար չեմ եղել որևէ խոսք, առավել ևս՝ տարեմուտի խոսք ասելիս: Ի՞նչ
բառեր գտնել, ինչի՞ մասին հիշել ու հիշեցնել, որ հնարավոր լինի ասելիքդ տոնական շնորհավորանք ու
մաղթանքներով եզրափակել: Չէ՞ որ լավ գիտես` ողջ տարվա ընթացքում տեսել, զգացել ես, թե երկրիդ,
ժողովրդիդ վիճակի, իրար հաջորդող ողբերգական իրադարձությունների հետ կապված՝ ինչ է կատարվել
ու կատարվում յուրաքանչյուրի ներսում, գիտես, որ քեզ պես անասելի ծանր ապրումների մեջ են տարին
դիմավորում բոլոր հայրենակիցներդ` վիրավորված, բորբոքված, հիասթափված, ընկճված ու հուսահատ…
Էլ չեմ խոսում տնազրկված, երկրազրկված արցախցիների ծանրածանր վիճակի մասին…
Ու երբ մերթընդմերթ կողքից լսում ես, որ ոմանք Նոր Տարին որևէ ձևով նշելու միտք չունեն բնավ ու
տարակուսանքով, անգամ մեղադրանքով են նայում այլ կերպ տրամադրվածներին, առաջին պահ քիչ է մնում
նրանց հետ համաձսյնես. այո՛, «ոչ սիրտ, ոչ տրամադրություն կա», ու դրա համար պատճառներն առավել
քան շատ են: Բայց հաջորդ վայրկյանին սթափվում ու հասկանում ես, որ թույլի, պարտվող-հանձնվողի
մոտեցում է դա, ու համընդհանուր սուգն ու ապատիան, կատարվածի, իրավիճակի հուզական
մեկնաբանություններն ու հիմնականում հոռետեսական եզրահանգումները մեզ լավ տեղ չեն հասցնի կամ,
ավելի շուտ, կհասցնեն մի վիճակի, երբ վերջնականապես կուլ կգնանք ցավին՝ պարզապես անընդունակ
օգտակար որևէ բան անելու մեզ, մեր երկրին ու ժողովրդին վիճակված նոր փորձությունները
հաղթահարելու համար՝ անասահման հրճվանք պատճառելով թշնամուն:
Այնպես որ, սխա՛լ է, ճիշտ չէ բնավ, այսպես ասած, Նոր տարին «բոյկոտելը» , նրա շեմից գլխիկոր,
հոգսերի, վիշտ ու ցավի ծանր բեռով, դառն ու տխուր մտածումներով միայն ներս մտնելը. չկա ավելի
անկարող մարդ, քան հուսահատ, աներազ մարդը: Թեկուզև դժվարությամբ, ցավագին մի ճիգով, բայց պիտի
ժպտալ մոտեցող նոր տարուն ու 2024 թվական մուտք գործել նոր երազներով ու սպասումներով, հավատի
ներքին լույսը՝ վառ: Այդպես միայն կարող ենք ինչ-որ լավ բան ակնկալել եկող տարուց ու ինքներս
մեզնից: «Ավելի լավ է հավատալ, քան չհավատալ. հավատով ամեն ինչ հնարավոր է դառնում»,- ասում է
ֆիզիկայի հայր մեծ գիտնականը: Բայց, անշուշտ, ոչ միայն հավատով, այլ՝ այն արդարացնող, ամրապնդող
ջանք ու նվիրումով, կամքով ու համառությամբ, իրատեսական ծրագրերով առաջին հերթին: Մեր երազած
հայրենիքը, այն է՝ խաղաղ, ապահով, զորեղ ու բարգավաճ երկիր ունենալու համար շարունակ տրտնջալը,
հասցեով ու անհասցե բողոքել-հայհոյելը ոչի՛նչ են, պիտի մեր շուրջը շարունակաբար նորոգվող
հուսահատության, անելանելիության ցանցը պատռել անվերջ ու գործել, ինչ-որ բան տեղից շարժել հանուն

հոգսաշատ մեր երկրի՝ յուրաքանչյուրս իր տեղում ու իր չափով, հայացքներս չփախցնելով ապագայից:
Միայն այդպե՛ս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։