ՍԵՎ ՕՐԵՐԻ ՀԱՇԻՎԸ ԴԵՌ ՓԱԿՎԱԾ ՉԷ / Սամվել Կոսյան

Դեկտեմբերի 10-ը սև էր Թուրքիայի համար: Ստամբուլում «Բեշիքթաշ»- «Բուրսասպոր» ֆուտբոլային ակումբների հանդիպումից անմիջապես հետո` «Վոդաֆոն» մարզադաշտի մոտ պայթյունների զոհ դարձան 44 հոգի, որից 30-ը՝ ոստիկան, մոտ 200-ը, տարբեր աստիճանի վնասվածքներով, հոսպիտալացվեցին: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնեց «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը: Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Մերսինում ձերբակալվեցին 235 մարդ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեին ՔԱԲ-ի խմբավորման հետ: Թուրքիայի նախագահը շտապեց երկրում գործող ահաբեկչական կառույցների դեմ ազգային մոբիլիզացիա հայտարարել, կոչ անելով համախմբվել ինչպես «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» և «Իսլամական պետություն» խմբավորումների, այնպես էլ հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլի հիմնած «Հիզմեթ» շարժման դեմ: «Կոչ եմ անում անվտանգության բոլոր ուժերին` ձեր լիազորությունները կիրառելիս հանկարծ չքաշվեք»,- հայտարարեց նա: Թուրքական «Էվրենսել» պարբերականի ուշադրության կենտրոնում էր այն փաստը, թե Էրդողանը մոբիլիզացիա անվան տակ ինչ լիազորություններ է վերագրելու իրեն: Ըստ Թուրքիայի սահմանադրության 4-րդ հոդվածի տարբեր կետերի` մոբիլիզացիայի պայմաններում Էրդողանը իրավասու կլինի ղեկավարել Ազգային անվտանգության խորհուրդը, Թուրքիայի Մեջլիսի փոխարեն ստանձնել թուրքական ԶՈՒ-ի գլխավոր հրամանատարությունը, ինքնուրույն որոշումներ կայացնել Թուրքիայի Մեջլիսի ցրման և խորհրդարանական նոր ընտրությունների վերաբերյալ: Կասկածից վեր է, որ մոբիլիզացիա հայտարարելով, Էրդողանը կրկին առիթն օգտագործելու է կառավարման ողջ լծակներն իր ձեռքում կենտրոնացնելու, երկրի ճակատագիրը միանձնյա տնօրինելու, իր շահերի քաղաքական հենարանն ավելի ամրապնդելու համար, թեև վաղուց այդ երկիրն առաջնորդվում է նրա սեփական օրենքներով և սեփական սահմանադրությամբ: Էրդողանի Թուրքիան այլևս նախկինը չէ, անզեն աչքով էլ նկատելի է, որ երկիրը կաղացող ժողովրդավարությունից հայտնվել է ավտորիտարիզմի և իսլամիզմի խաչմերուկում: Էրիկ Բրաունը The American Interest հանդեսի «Թուրքիայի անկումը» խորագրով հոդվածում նշում է. «Դեռ տարիներ առաջ պարզ էր, որ Արդարություն և զարգացում կուսակցության վերելքը կապված է թուրքական հասարակությունում սեյսմիկ փոփոխությունների հետ: Արևմուտքում քաղաքականություն մշակողները դեռ չեն ցանկանում տեսնել իրականությունը, որովհետև ցավալի է ընդունել և դեմ է արմատացած այն մտայնությանը, որ արդիականացման գործընթացը չի կարող հետընթաց ունենալ»: Իր հոդվածում Բրաունը համոզված է, որ տարիներ առաջ ԱԶԿ-ի սկսած գործընթացը` վերաձևելու երկրի քաղաքական հիմքերը, արագացել է, ինչի արդյունքում նախագահի իշխանությունը զսպող ինստիտուցիոնալ և իրավական նորմերը կանոնավոր չեզոքացվել են: «ԱԶԿ-ն ցանկանում է մենաշնորհել իշխանությունը և հենվում է կրոնական ազգայնականության վրա: Նրա քաղաքականությունը երկիրը խոցելի է դարձրել պառակտվածության և արտաքին միջամտության հանդիման»,- եզրակացնում է հեղինակը: «Ձեռնար- կատիրության ամերիկյան ինստիտուտի» վերլուծաբան Մայքլ Ռուբինի կարծիքով՝ «Էրդողանն իրեն մեծ առաջնորդ և նոր Աթաթուրք է երևակայում, բայց այն պարագայում, երբ Աթաթուրքը ժամանակակից Թուրքիա էր կառուցում, իսկ Էրդողանն այդ Թուրքիան քանդելուց բացի ուրիշ ոչինչ չի արել»: Պատահական չէ, որ Էրդողանի մեծապետական ձգտումներն իր ժողովրդին տանում են ոչ միայն քաղաքացիական պատերազմի, այլև, շատ փորձագետների համոզմամբ, անգամ երկրի մասնատմանը: Քրդական խնդրի լուծման պատերազմական կողմնորոշումը, փաստացի ռիսկի տակ է դնում երկրի անվտանգությունը, ինչի վկայությունը մեկը մյուսին հաջորդող ավելի լայնամասշտաբ ահաբեկչություններն են: 2015 թ. հունիսից մինչ օրս, թուրք-քրդական բախումների ընթացքում, ըստ diken.com.tr կայքի, 1470 զինծառայող է մահացել: Միայն վերջին` դեկտեմբերի 17-ի Կայսեր քաղաքի ահաբեկչության արդյունքում, զոհվել է 13, վիրավորվել` 48 զինծառայող: Այնպես որ, Էրդողանն իր հռետորաբանությամբ անկարող է պաշտպանել երկիրը ցնցումներից: Կեղծ բռնապետը խուսափում է երկխոսությունից, քանզի երկխոսությունը ենթադրում է երկրորդի ներկայությունը, ինչի հետ նա անկարող է հաշտվել: Թուրք սյունակագիր Բաբահանը իր հոդվածում նշում է, որ թուրքերը «Փորձում են արմատախիլ անել քրդերին ճիշտ այնպես, ինչպես արմատախիլ են արել հույներին, հայերին, ասորիներին: Նման զարգացումների ավարտը քրդերի մեծամասշտաբ կոտորածն է լինելու, ճգնաժամային շրջաններում քրդերի ոչնչացումը: Թուրքիայում քաղաքա- ցիական պատերազմ կլինի՞, դժվար թե, բայց, այ, նոր ցեղասպանություն կլինի»: Սակայն լուրջ խնդիր է Թուրքիային սահմանակից երեք երկրներում քրդաբնակ տարածքների առկայությունը, ինչը հակազդեցության հսկայական պոտենցիալ է: Այնպես որ, Թուրքիայի համար սև օրերի հաշիվը դեռ փակված չէ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.