Հովիկ
ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Տարողունակ հարց է, հնարավոր չէ մի քանի նախադասությամբ պատասխանել, բայց փորձեմ հակիրճ.
1. Մենք զինվածությամբ և տրամադրվածությամբ պատրաստ չէինք պատերազմին: Մինչ Բաքուն անընդհատ մտածում էր կորցրածը ետ բերելու մասին և զինվում, պատրաստվում էր, մենք կարծես թե մոռացել էինք, որ թշնամի ունենք մեր հարևանությամբ: Մինչ նրանք միլիարդավոր դոլարներ էին տրամադրում ժամանակակից զինատեսակներով զինվելու համար, մեր իշխանությաններն իրենց գրպաններն էին լցնում:
2. Թշնամու հետախուզությունը լավ էր աշխատել, գիտեին մեր պաշտպանական ամրությունների, զինաբազաների և հենակետերի տեղերը, կարողացան առաջին մի քանի օրվա ընթացքում ոչնչացներ մեր հակաօդային պաշտպանությունը:
3. Թուրքերը մեզնից մի քանի քայլ առաջ էին անցել զինատեսակների առումով: Մինչ նրանք հարձակվում էին անօդաչուներով, մենք գրեթե չունեինք, ՀՕՊ-ն էլ ոչնչացվել էր:
4. Գլխավոր հրամանատարը բացարձակ հեռու էր ռազմական գործողությունները պատկերացնելու և ղեկավարելու կարողությունից:
5. Վերին էշելոններում չկար միաբանություն: Միմյանց դեմ պայքարում և չէին տարբերում հակառակ կողմի շահերն ազգային-պետական շահերից:
6. Մոտ երեսուն տարեկան բանակ ունեցող պետությունը, չգիտես ինչու, առաջնագիծ էր մղում կամավորականներին, որոնք հիմնականում նախկիններ էին՝ տարիքով, և հետ էին վարժվել զենք գործածելուց: Մինչդեռ երկրի անվտանգությունը ազգային բանակի պարտականությունն է: 90-ականների ազատամարտիկներին միանգամից առաջնագիծ տանելը սխալ էր, մանավանդ, որ շատերն էլ գնում էին նկարահանվելու համար:
7. Շուշիի անկումը բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս: Շատ լավ ծանոթ լինելով այդ քաղաքի դիրքի բնական անառիկությանը, սկսում եմ հավատալ դավաճանությամբ հանձնելու վարկածին:
8. Սակայն ամենահիմնական պատճառն ուժերի անհամաչափությունն էր: Փաստորեն, մենք մենակ էինք մնացել մեծ և փոքր թուրքական պետությունների միաբանության դեմ, որին աջակցում էին հրեաներն ու մուսուլմանական աշխարհի մի շարք պետություններ՝ իրենց զենքով ու վարձկաններով: Մենք այդ ուժերին դիմակայել չէինք կարող, հատկապես՝ անպատրաստ լինելով: Իսկ, իբր թե դաշնակից Ռուսաստանն էլ, սեփական շահերից ելնելով, իր խաղերն էր խաղում՝ խաբելով, թե մեր բարեկամն է…
Այսպես կարելի է երկար շարունակել:
***
Արա ՆԱԶԱՐԵԹՅԱՆ
Մեր պարտությունն սկսվեց համաժողովրդական հաղթանակից անմիջապես հետո, երբ առանձին անհատներ անցան դափնիների վերաբաշխման պայքարին, ու ամեն մեկի հերոսության չափորոշիչը իր կառուցած դղյակի բարձրությունը դարձավ և կեցվածքի լկտիության աստիճանը: Բայց թե ինչու դա եղավ ու հենց հիմա, պատճառները շատ են ու և՛ ներքին, և՛ արտաքին… Եվ նույնն են, ինչ ժամանակին Ադրբեջանի պարտության պարագայում: Ամեն գնով իշխանությանը տիրելու, կուտակածը չկորցնելու մոլագար տենդից մինչև դիմացինին տապալելու համար սեփական տարածքների հանձնում: Նույնիսկ երրորդ կողմն է նույնը, իբր չեզոք ռեժիսոր-սցենարիստը: Դեր խաղաց նաև Ադրբեջանի էն «առավելությունը», որ էքստրեմալ իրավիճակում ունենում է բռնապետությունը դեռևս չկայացած ժողովրդավարության հանդեպ՝ նրանք նույնիսկ սոցցանցերն էին արգելափակել, այնինչ մեր համացանցերում մրցավազքի ելած «գիտունիկների» ազատ քննարկումներ էին, ընդհուպ մինչև դիրքերի նկարագրումը: Ամենաարտառոցը. «ընդդիմության» առաջնորդը հրապարակայնորեն պարծենում էր, թե անձամբ զանգել է առաջնագծի հրամանատարներին՝ հորդորելով չկռվել… Մեկ ուրիշը հակառակորդին հուշում էր հարձակման ճիշտ ժամանակն ու ուղղությունները: Ու սա դեռ շարունակվում է: Մեր չափը վաղուց չափազանցն է՝ կա՛մ համապարփակ ճնշված, կա՛մ լրիվ բարձիթողի վիճակ: Ու մեր պարտությունը շարունակվելու է, քանի դեռ օրենքի դիկտատուրա մեզանում չի հաստատվել, ու քանի դեռ ահռելի ռեսուրսների տիրապետողներ կան, ովքեր վերադառնալու հույս են փայփայում: Ժողովուրդը դա գիտակցեց, ապացույց՝ ի հեճուկս ու ի զարմանս էս իրադարձությունների սցենարիստների, «պարտված» իշխանությանը կրկին ձայն տալը: Հիմա, մարզական լեզվով ասած, գնդակը իշխանության դաշտում է:
Երրորդ շանս չի լինելու:
***
Ռուզան
ԱՍԱՏՐՅԱՆ
Սա ծավալուն հոդվածի թեմա է, սակայն կաշխատեմ սեղմ պատասխանել:
Պարտվեցինք, որովհետև չարժևորեցինք արցախյան հաղթանակը, որովհետև Հայաստանն ու Արցախը հզորացնելու փոխարեն, սկսվեց բուռն կողոպուտն ու ստրկացումը: Արժեզրկվեց հայրենիքն ու հայրենապաշտությունը, հոգևոր արժեքները զրոյացվեցին, հաղթանակ տարած ազգը սկսեց արտագաղթել իր արյունով պահած հողից: Պարտվեցինք, որովհետև չգնահատեցինք պետություն ունենալու անչափ կարևոր, մեծ պարգևը, որովհետև անձինք, որոնք ստանձնել էին երկրի կառավարումը, ագահ էին, որկրամոլ ու թուլամորթ, օտարասեր, ամբիցիոզ և ապրում էին սեփական գրպանում: Միջավայրն անողոք էր և զուրկ բարոյական արժեքներից, սակայն օրհնություն ու խոնարհում հայոց մայրերին, նրանց ծնած զավակները այս անբարո միջավայրից հեռու, հազար-հազար կամավորներով ելան հայրենի հողը պաշտպանելու. դա հայոց գենն էր՝ աննվաճ ու մնայուն… Այդ հազար-հազարները մարտիրոսվեցին՝ հերոսաբար, աշխարհի հինգ տերության հզոր զենքերի օգտագործմամբ: Այս պատերազմի պարտությունը իր ներսում ունի բազում խնդիրներ, որոնցից ամենաաններելին դավաճանությունն է: Սխալները պետք է վերլուծել՝ չկրկնելու համար, իսկ դավաճաններին գնդակահարել առանց դույզն իսկ ափսոսանքի՝ փոփոխություն մտցնելով մեր սահմանադրության մեջ…
***
Մանվել
ՄԻԿՈՅԱՆ
Արցախյան 44-օրյա պատերազմում մեր պարտության մասին շատ է խոսվել, սակայն պատճառների լուրջ վերլուծություն դեռևս չի կատարվել, որն ավելի է խորացնում մեր անելիքների հաջորդականության անորոշությունը:
Որոշ զինվորականներ իրենց ելույթներում պարզաբանել են խոշոր թերացումների պատճառները, նշել հրամանատարների անուններ, սակայն կա՛մ հետաքննություն չի կատարվում, կա՛մ էլ անհարկի ձգձգվում է իրավական գնահատականը, չեն պատժվում կոնկրետ մեղավորները:
Ինչո՞ւ է պարտությունը ջախջախիչ համարվում: Եթե առանց ռազմական գործողությունների չհանձնվեին Արցախի որոշ շրջաններ, և պատերազմը վերանար այն սահմանների ամրագրմամբ, որն առկա էր անցած տարվա նոյեմբերի 10-ին, այս աստիճան մեծ չէր լինի կորստյան ցավն, ու պարտությունը ջախջախիչ չէր համարվի: Սակայն հաղթող կողմը Ռուսաստանի անվերապահ աջակցությամբ մեզ պարտադրեց իր պայմանները:
Ավելին, երբ Սյունիքում ու սահմանային այլ դիրքերում թշնամին առանց որևէ կրակի առաջխաղացում ունեցավ, ՌԴ-ն ուղղակի չկատարեց ռազմական գործընկերոջ իր պարտականությունները, իսկ Հայաստանն ի վիճակի չէր դիմակայելու ռազմական նոր գործողություններին: ՀԱՊԿ-ը նույնպես գործուն միջամտություն չցուցաբերեց։
Իմ կարծիքով, սկսած անցած տարվա նոյեմբերի 10-ից, պետք էր մեր պետության ողջ ներուժը ներդնել թշնամու հետ արդեն եռապատկված մեր շփման գծի ինժեներական կառույցների ստեղծմանն ու ամրապնդմանը հատկապես Սյունիքում և սահմանամերձ մյուս շրջաններում: Այժմ էլ հրատապ է այս խնդիրը, որի լուծման համար հարկավոր է ներգրավել նաև հայկական սփյուռքի մեր գործարարներին, ստեղծել արտոնյալ պայմաններ՝ Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու, մեր երկրի տնտեսությունը զարգացնելու համար: Առաջնահերթ է նաև ռազմական արդյունաբերության արագ զարգացումը՝ բարձր տեխնոլոգիաների ներդրմամբ:
Հարկավոր է ամբողջ աշխարհի հայությանը համախմբել մեկ նպատակի շուրջ, որպեսզի տարածքային նոր կորուստներ չունենանք, երկիրը հզորացնենք այն աստիճան, որ թշնամին հրաժարվի նոր հավակնություններից: Առանց երկրի անվտանգության երաշխիքների մեր երկրում ոչ մի բնագավառ չի կարող լիարժեք զարգանալ: Այս իրավիճակում երկրի մյուս խնդիրները երկրորդական են և կլուծվեն հիմնական նպատակներին հասնելուն զուգահեռ:
Հրատապ է նաև ստեղծել դիվանագիտական հզոր համակարգ՝ արդյունավետ օգտագործելու Իրանի, Չինաստանի և մյուս այն երկրների հնարավորությունները, որոնց աշխարհաքաղաքական շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ:
***
Նարինե ԿՌՈՅԱՆ
Ցանկացած պարտություն և անգամ հաղթանակ պիտի խորությամբ ուսումնասիրվի և վերլուծվի, քանի որ այն կարող է նաև պատահականության, բարենպաստ կամ անբարենպաստ հանգամանքների հետևանք լինել և ոչ թե ջանքերի կամ դրանց բացակայության արդյունք: Հետևաբար, կարծում եմ, որ 44-օրյա պատերազմում մեր պարտությունը բոլորովին էլ պատահական չէր: Այդ պարտության պատճառները ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ են եղել և են:
Օբյեկտիվ պատճառներից ամենակարևորը կրթության, գիտության, հետևաբար, տնտեսության լիակատար ձախողումն էր. աղքատը միշտ պարտվում է: Մենք ընթանում էինք և դեռ ընթանում ենք ինչ-որ անհասկանալի իներցիայով, երբ իրականում այդ ընթացքը պիտի զարգացման տաներ, իսկ ցանկացած զարգացում ենթադրում է նպատակադրում, գոնե նվազագույն նպատակի, տեսլականի առկայություն (ինչ ենք ուզում, ինչպես և երբ ենք ուզում) և այդ նպատակին հասնելու ուղիների հիմնավորված ընտրություն, այսինքն՝ ծրագրեր, պլաններ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ՝ համապատասխան և իրատեսական ռեսուրսային բազայի ապահովմամբ: Չկար պատասխանատվություն, այդ ամենի գիտակցում, կանխատեսումներ չկային, օրինակ, թե ինչպիսին կլինի աշխարհը հինգ, տասը, հիսուն տարի հետո, առավել ևս՝ ինչպիսին կլինեն քո պոտենցիալ թշնամիները վաղը, մյուս օրը, գոնե մեկ տարի հետո: Թշնամիների հետ կապված՝ այդ ամենն իրականում տեսանելի էր, սակայն տեսնելու ցանկություն կարծես չկար: Այս վերջինը սուբյեկտիվ կարող էր լինել, եթե չվերաբերեր բոլորիս, մի ողջ ժողովրդի, որը կամավոր փակել էր և դեռ չի էլ ուզում բացել իր աչքերը, ականջները, ի վերջո, բանականությունը, եթե, իհարկե, դրանից բան է մնացել: Հավաքական բանականության, ինքնության, պետականության զգացողության կորուստ, հայրենիքի զգացողության կորուստ… միայն հացիվ ապրելու, չէ՛, գոյություն քարշ տալու համար:
Սա՞ է մեր հազարամյակների ԴՆԹ-ն:
Չէ՛, սա քոչվորի, բոշայի ԴՆԹ է:
Իսկ բոշան ԴՆԹ ընդհանրապես ունի՞…
Համատարած պարծենկոտություն, ինքնագոհություն, մեծամտություն և մեծախոսություն, թքած ունենալու, անկշտության, ուրիշի ցավը չզգալու միաբջջի կեցություն, երբ կարևոր է, որ ցավը քոնը չէ:
Ա՞յս աստիճանի դեգրադացիա… Մարդկային դիմագծի այսպիսի՞ կորուստ… Սա սուբյեկտի՞վ է: Ո՛չ, սա օբյեկտիվ է, որովհետև մեր պատկերն է, որովհետև մենք դատարկ ենք ու անսիրտ, որովհետև մենք դեռ շարունակում ենք քեֆ ու տոներ մոգոնել, հաց ու թամաշա սարքել, երբ դեռ անթաղ մանկունք ունենք զինվորյալ, անհետ կորած ու գերի զավակներ ունենք ու… սպասող մայրեր՝ սևազգեստ ու վիրավոր:
Ի՞նչ ասեմ:
Հարամ լինի մեր կերած հացը:
Ժողովուրդ չենք, ազգ չենք, ամբոխ ենք:
Այսքանից հետո չպիտի՞ պարտվեինք:
***
Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
44-օրյա պատերազմի ջախջախիչ պարտության գնահատականը պետք է առաջին հերթին զինվորականները տան, որն, ավա՜ղ, չի տրվում ու ասեկոսեներից այն կողմ չի անցնում:
Ես՝ որպես գրող, կհավաստեմ պարտության պատճառներից մեկը. անկախության տարիների մի պահից սկսած՝ տրվեցինք ռոմանտիկ սովետիզմի իներցիային` ցանկալին ընդունելով իբրև իրականություն: Քանի դեռ պարզաբանված չէ 44-օրյա պատերազմի պարտությունը, Հայաստանի ապագան կմնա մշուշոտ: