Դեկտեմբերի 11-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Պոլ Էլյուարի «Ցավի մայրաքաղաք որին հաջորդում է Սեր Պոեզիա» և Բորիս Վիանի «Բոլոր մեռյալների մաշկը նույնն է» գրքերի շնորհանդեսը: Թարգմանիչը ֆրանսահայ գրող Կարեն Խուրշուդյանն է: Գրքերը հրատարակվել են «Արմավ» հրատարակչությունում: Ողջունելով ներկաներին՝ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն ասաց. «Կարեն Խուրշուդյանը հայերեն լեզվով մեզ է ներկայացնում համաշխարհային նշանակության կարևոր գրողների: Նա ուսումնասիրում է հեղինակին, փորձում մտնել նրա հոգեմտավոր կյանքի մեջ, նրա ապրած ժամանակաշրջանն է ուսումնասիրում, որպեսզի ավելի հասկանալի և ընկալելի լինեն նրա արտահայտած մտքերը, նրա կերտած հերոսները, նրանց մտածողությունը»:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում նշեց. «Գրականությունը տիեզերքը բացահայտելու լավագույն միջոցն է: Պարզ, հասարակ չէ պոեզիայի ճանապարհը, ամեն տեսակ բարդ, հետաքրքիր, խորքային մտածողություն կրող բանաստեղծական դաշտեր կան: Կարեն Խուրշուդյանը խիզախել է ամբողջական գրքով ներկայացնել Պոլ Էլյուարի բարդ, սյուրռեալիստական պոեզիան: Նա հաջողությամբ հաղթահարել է թարգմանական դժվարությունները և ընկալելի դարձրել հայերեն»: Էդ. Միլիտոնյանը՝ որպես Պոլ Էլյուարի գրքի խմբագիր, խոսեց թարգմանական յուրահատկությունների մասին:
«Որքան ընթերցողը պատրաստ է ընկալել նման գրականություն, նույնքան մեծ է ընթերցանության հաճույքը. կարծես հայելու արտացոլանք լինի, ընթերցողի երևակայությունն է երևում գրքի մեջ»,- Պոլ Էլյուարի գրքի մասին ասաց «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արմեն Ավանեսյանը: Գրականագետի կարծիքով՝ Բորիս Վիանն իր գրքում ունի անակնկալ շրջադարձեր, և դրանք չեն ավարտվում:
Կարեն Խուրշուդյանը ղեկավարում է Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան վարժարանը: «Ծիծեռնակ» ամսագրի տնօրեն, բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը խոսեց ամսագրում վարժարանի սաների ստեղծագործությունների տպագրության մասին: «Թարգմանության միջոցով հայոց լեզուն հարստացել է Պոլ Էլյուարի և Բորիս Վիանի մտածողությամբ: Հանճարեղ գրողների թարգմանությունը ազդեցություն է ունեցել նաև Կարենի սեփական ստեղծագործությունների վրա»,- ասաց նա: Ելույթ ունեցան նաև գրողներ Նաիրա Աբրահամյանը և Ռուզաննա Խաչատրյանը: Կարեն Խուրշուդյանը շնորհակալություն հայտնեց գրքերի հրատարակման, խմբագրման ու հնչած ելույթների համար: Նա խոսեց Պոլ Էլյուարի և Բորիս Վիանի ստեղծագործությունների թարգմանության մասին. «Ես սկսեցի ու ավարտին հասցրեցի թարգմանությունը մի սկզբունքի համար՝ ազատության: Այդ պատճառով եմ սիրում Ֆրանսիան: Ազատությունն իրական կյանքում ամենակարևորն է: Ես կերազեի, որ ազատությունը ներթափանցեր մեր ազգային զարկերակի մեջ, միավորեր մեր ազգը և տար սիրելու ազատությունը, որ մենք կարողանայինք ազատորեն սիրել ու հարգել միմյանց: Սերն է տիեզերքի արարիչը»:
Գրքերից ստեղծագործություններ ընթերցեցին դերասան Արամ Հովհաննիսյանն ու ասմունքող Գայանե Սամվելյանը: Շնորհանդեսը վարում էր Լիլիթ Եղիազարյանը: