Դեկտեմբերի 12-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի 100-ամյակին նվիրված ցերեկույթ: Ամսագրի գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանը, ողջունելով մասնակիցներին, ասաց. «Շատ մեծ դժվարությունների միջով ենք անցել այսօրվան հասնելու համար և՛ կենսագրության առումով, և՛ վերջին համարն ունենալու, քանի որ մանկապատանեկան մամուլը պետական ֆինանսավորում չի ստանում, բայց նվիրյալներս որոշեցինք, որ հոբելյանական համարը պիտի լույս տեսնի: Դա այն պատասխանատվության գիտակցությունն ու զգացողությունն է, որ ունենք մեր մեծերի՝ հիմնադիրներ Եղիշե Չարենցի և Ստեփան Զորյանի նկատմամբ, որոնք ժամանակին՝ դեռևս 20-րդ դարի սկզբում, կարևորել են մանկական մամուլ ունենալը»: Նրա կարծիքով՝ պետության համար չափազանց կարևոր է սերունդների կրթությունը, որին պետք է ուղղված լինի ԿԳՄՍ նախարարության աշխատանքը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց մանկապատանեկան գրականության ու պարբերականների և, մասնավորապես, «Պիոներ» ամսագրի մասին, որը 1991 թվականին անվանափոխվել է «Աղբյուր»-ի: «Մեր մանկապատանեկան գրականությունը հիմնականում հիմնված էր դաստիարակչական չոր տրամաբանական օրենքների վրա, որ երեխաների համար սիրելի չեն: Եկավ նոր սերունդ, ամսագրերը հնարավորություն ստեղծեցին գրողների համար՝ գրելու մանկական ստեղծագործություններ: Մանկագրությունը պիտի գրված լինի երեխաների աչքերով, այլ ոչ թե հակառակը՝ մեծերի աչքերով՝ երեխաների համար»,- ասաց նա:
Արևշատ Ավագյանն իր ուրախությունը հայտնեց ամսագրի 100-ամյակի առթիվ՝ ասելով, որ չնայած դժվարություններին՝ այն շարունակում է տպագրվել նվիրյալ խմբագրի ու աշխատակիցների շնորհիվ և առաջարկեց համատեղ բարձրաձայնել և պահանջել ամսագրի տպագրության պետական աջակցություն:
Շանթ Մկրտչյանը նշեց. «Ամսագիրն ի սկզբանե ունեցել է և կատարում է իր առաքելությունը: Այն շատ կարևոր ամսագրերից է, շարունակում է թարմ մտածողություն բերել ու երեխաների մեջ պահպանել գեղեցկության հանդեպ բարձրարժեք վերաբերմունքը: Երկարամյա ամսագրեր ունենալը քաղաքակրթության ցուցանիշ է»:
Ելույթ ունեցավ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Մուհամմադ Ասադի Մովահետին: «Հայաստանը մշակութային և մշակութասեր երկիր է: Դա է վկայում այն հանգամանքը, որ այսօր «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի 100-ամյակն է: Մենք պատրաստ ենք աջակցել ամսագրի տպագրությանը: Թեև Իրանում, ընդհանուր առմամբ, գրքերի տպաքանակը նվազել է, բայց ավելացել է մանկական գրքերի տպաքանակը: Մենք Գրողների միության հետ իրականացրել ենք շատ ծրագրեր և հետագայում ևս կհամագործակցենք»,- ասաց նա:
«Այսօր 100-ամյա իմաստուն, զուլալ պատանու տարեդարձն է: Նա 30-35 տարի է՝ չի ծառայել որևէ կուսակցության, որևէ գաղափարախոսության, այլ՝ ծառայել է միայն երեխաներին: Խմբագրությունը դարբնոց է եղել ու ջերմ ընտանիք՝ բոլոր աշխատակիցներիս համար: Այնտեղ տպագրվել են իմ շատ ստեղծագործություններ ու թարգմանություններ, որ հետո դարձել են գրքեր»,- ասաց Էդուարդ Հախվերդյանը:
Իր խոսքում Գոհար Գալստյանը նշեց. «Սերնդից սերունդ փոխանցվում է միայն շարունակականը: Միայն նվիրյալներն են կարողանում պահպանել շարունակականությունը և ճանապարհ գտնել: «Աղբյուր»-ն առանձնանում է իր ներքին բովանդակությամբ, չափանիշներով, հայոց լեզվի նկատմամբ բծախնդիր վերաբերմունքով»:
«Աղբյուր» ամսագրի աշխատակիցներին ու գրողներին շնորհավորեցին Երևանի պետական հումանիտար քոլեջի ավագ դասախոս Գեղեցիկ Մարգարյանն ու «Մանանա» կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ռուզան Բաղդասարյանը: Ցերեկույթի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան Արսեն Համբարյանն ու Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողները: