ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ՝ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

 

Հոկտեմբերի 20-ին Կոմիտասի անվան պանթեոնում բացվեց Համո Սահյանի կիսանդրին: Հեղինակը քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Արզումանյանն է, ճարտարապետը՝ Հայկ Ասատրյանը: Կիսանդրին բացեցին բանաստեղծի որդին՝ Նաիրի Սահյանն ու Տիգրան Արզումանյանը:

Նաիրի Սահյանն ասաց, որ իր համար և՛ պատվավոր օր է, և՛ ծանր: Նա շնորհակալություն հայտնեց քանդակագործին և «Սոցիալական առաջընթաց» հիմնադրամին, որի օժանդակությամբ իրագործվել է վաղուց ծրագրվածը: Տիգրան Արզումանյանն իր խոսքում նշեց, որ մեծ բարեբախտություն էր Համո Սահյանի նկատմամբ համաժողովրդական սիրո ականատեսը լինել և տարիներ շարունակ իր արվեստանոցում բանաստեղծի ներկայության զգացողությունն ուներ: Այդպես է քանդակվել նրա կիսանդրին:

Ողջունելով ներկաներին՝ ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանն ասաց. «Համո Սահյանը բախտավոր աստղի տակ ծնված պոետներից է, որ մաս կազմեց 50- 60-ական թվականներին հայ գրականություն եկած հրաշալի բանաստեղծների աստղաբույլի: Սահյանն առաջին հերթին բնության, իր հայրենի Սյունիքի և Հայաստանի բնության երգիչն է: Բայց նրա բանաստեղծություններում նաև իր հոգու պատմությունն է: Նա գնացել է դեպի հավերժություն, և քանի կա մեր ժողովուրդը, քանի կա նրա բանաստեղծությունները ընթերցող հայը, Համո Սահյանը միշտ լինելու է»:

Իր խոսքում բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը նշեց. «Համո Սահյանը հայոց անմահականներից է, որ ոչ միայն ապրում է, այլև՝ ապրեցնում: Նրա բանաստեղծությունը խորքում կենսավետ փիլիսոփայություն ունի: Սահյանի գիրքը թերթելով՝ նորից ավիշ ու ուժ կստանանք, և նորից գարունն էլ է հայերե՛ն գալու, դարերն էլ են հայերեն գալու»:

Ելույթ ունեցավ և կիսանդրու բացման առթիվ ներկաներին շնորհավորեց Համո Սահյանի անվան գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը: Համո Սահյանի անվան դպրոցի սաներն իրենց ասմունքով ու բանաստեղծի խոսքերով գրված երգերով օրը տոն դարձրեցին:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։