Արմենուհի Սիսյանը Sahito International Literature Award 2023 գրական միջազգային մրցանակի մրցանակակիր

Վերջերս արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ Արմենուհի Սիսյանն արժանացել է Sahito International Literature Award 2023 գրական միջազգային մրցանակի: Մրցանակը շնորհվել է «Ժյուրիի մրցանակ» անվանակարգում՝ արձակի ժանրում: Sahito գրական միջազգային մրցանակաբաշխությունն անց է կացվում 2020 թ.-ից: Ժյուրիի կազմում ընդգրկված են Չինաստանի, Ճապոնիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Արգենտինայի, Բանգլադեշի, Հնդկաստանի ներկայացուցիչներ: Մրցանակները ներկայացված են եղել 5 անվանակարգերում, որոնց կրողերն են Վենեսուելայից, Բելգիայից, Իտալիայից, Ալբանիայից, Բուլղարիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Սաուդյան Արաբիայից, Մակեդոնիայից և մեր հայրենակիցը՝ Հայաստանից: Մրցանակաբաշխությանը դիմելու համար, բացի գրական ստեղծագործությունից, անհրաժեշտ է եղել գրական կենսագրության վերաբերյալ մանրամասն հայտ լրացնել, առնվազն 2 տպագրված գիրք ունենալ և 2 երաշխավորագիր ներկայացնել: Հաղթողներին տրվել են սերտիֆիկատներ, աշխատանքները տպագրվելու են Sahito գրական հանդեսում (խմբագիր՝ Տարեք Սամին), ինչպես նաև գրական միջազգային անթոլոգիայում:

Իր ֆեյսբուքյան էջում Արմենուհի Սիսյանը նշել է, որ մրցանակը նվիրում է Արցախին, որին հաջորդում է անգլերեն գրառումը. «I’m dedicating this award to Artsakh (Nagorni Karabakh),which was invaded recently after 9 months inhuman blockade after which 120 thousands of ethic Armenian population was subjected to massacre, ethnic cleansing and deportation. Terrorists must be punished!» «Մրցանակս նվիրում եմ Արցախին (Լեռնային Ղարաբաղ), որը 9 ամիս անմարդկային շրջափակումից հետո վերջերս բռնազավթվեց, ինչին հաջորդեց տեղի հայ բնակչության սպանդը, էթնիկ զտումը և արտագաղթը: Ահաբեկիչները պետք է պատժվեն»: Այն հարցին, թե ինչու է մրցանակի մասին հայերեն զուսպ գրառումը շարունակվում Արցախի մասին անգլերեն պարզաբանմամբ, Արմենուհի Սիսյանն ասաց. «Այս ծանր օրերի իմ միակ սփոփանքն ու խթանող ուժը Արցախի մեր հայրենակիցներին աջակցելն ու սատարելն է, ինչը հնարավոր և անհնար ձևերով փորձում եմ իրականացնել յուրաքանչյուր օր: Մրցանակի մասին լուրով ուրախանալու սիրտ չկար, բայց առաջին միտքը, որ առկայծեց, այն նվիրելն էր մեր վիրավոր Արցախին: Քանի որ մրցանակը միջազգային է, և իմ շատ գրչընկերներ բնակվում են արտերկրներում, պարտքս համարեցի առիթից օգտվելով՝ բարձրաձայնել մեր վիրավոր Արցախի խնդրի մասին: Ի դեպ, կարելի է ասել, ես շուրջօրյա ռեժիմով դա անում էի 2020 թ.-ի պատերազմի օրերին, երբ նամակներ, կոչեր, իրական փաստեր, պատմական տեղեկություններ էի գրում անգլերեն և ուղարկում բոլոր այն կայքերին, ամսագրերին, գրական կազմակերպություններին, որտեղ տպագրվել եմ, թարգմանվել, որոնց անդամակցում եմ կամ պարզապես հեռակա ծանոթ եմ: Շատերն էին անգամ անգլերենից թարգմանում իրենց լեզուներով ու տարածում, օրինակ՝ Բոգոտայում, Հունաստանում, Ճապոնիայում… Գրում էին, որ սատարում են մեզ ու ոգևորությանս պատասխանում քաջալերանքով, քանի որ վստահ էի, թե «հաղթելու ենք»… Չարաբաստիկ նոյեմբերի 9-ից հետո երկարատև լռեցի… Բայց, քանի դեռ շարունակվում է կյանքը, ու քանի դեռ կա թեկուզ մեկ հայրենակցի ձեռք մեկնելու, օգտակար գործ անելու բարեբախտությունը, ուրեմն պետք է շարունակել առաջ գնալ, այլապես փակուղի ենք ստեղծում ինքներս մեր առջև: Թերևս ստեղծագործող մարդիկ գիտեն, թե ինչքան բարդ է ճեղքել հոգևոր բլոկը և դուրս գալ ստեղծագործական ճնշվածությունից, որը տևական ճգնաժամ է ստեղծում»:

Ընթերցողին ենք ներկայացնում Արմենունի Սիսյանի մրցանակի արժանացած պատմվածքը:

Կինը

Կինը մենակ էր տանը: Հիվանդ էր նա: Երբևէ չէր եղել այնպես, որ անհանգստանար իր համար: Բայց հիմա անհանգիստ էր, որովհետև վատ ինքնազգացողությունն առավոտից չէր լքում նրան: Անհանգստությունն աճում էր, ինչպես աճում էր ցավը սրտի շրջանում` երբեմն վերածվելով շնչահեղձության: Վախն աստիճանաբար բուն էր դնում ցավող սրտում ու ավելի անհանգստացնում: Գուցե մա՞հն է ցանկանում այցելել իրեն: Ախր շուտ է, դեռ ժամանակը չէ: Ի՜նչ անհեթեթություն. այդ ե՞րբ է մահը նախօրոք տեղեկացրել իր գալստյան մասին: Թերևս պետք է տեղյակ պահել աղջկան: Չէ՛, միայն ո՛չ դա. նա նոր է գնացել հանգստանալու, պետք չէ անհանգստացնել: Ինչ լինելու է, միևնույն է, պիտի լինի:

Վեր կացավ անկողնուց ու սկսեց քայլել սենյակում: Ցավը նորից շամփրեց սիրտը, այս անգամ այնքան սաստիկ, որ չկարողացավ քայլ գցել առաջ: Մնաց իր տեղում՝ ձեռքով սիրտն ամուր բռնած ու խոնարհված սրտին: Չէ՛, սա հաստատ վերջն է: Մահը եկել է իր ետևից: Մի՞թե այսպես պիտի լիներ իր վերջը, և, որ ամենասարսափելին է, միայնության մեջ… Պետք է պայքարել, ինչ-որ բան անել: Դե՛ղը: Անհրաժեշտ է հասնել խոհանոց ու պահարանից վերցնել դեղը: Չէ՛, ի վիճակի չէ, և հետո, թե պիտի մեռնի, էլ ինչի՞ն է պետք դեղը: Միայն թե՝ ամենակարևորը. պետք է տեղյակ պահել, որ ինքը մեռել է, որպեսզի մարմինն անշնչացած վիճակում փակ սենյակում չմնա երկար… Օ՜հ, ինչ սարասփելի է, պետք է մի բան անել… Ամենաճիշտը շտապ օգնություն կանչելն է, ինչպե՞ս ավելի շուտ չէր գլխի ընկել: Ձեռքը մեկնեց դեպի հեռախոսը, որն իր կողքին էր. հանկարծ հայացքն ուղիղ ընկավ իր մեկնած ձեռքին. եղունգներից թափվել էր մանիկյուրը՝ անհավասար, անխնամ, քանի օր է՝ ուշադրություն չէր դարձրել իրեն. իսկական փնթի կնոջ ձեռքեր: Հիշեց մորը, որը, չնայած իր տարիքին, միշտ ունի կոկիկ ու խնամված եղունգներ և ասում է, որ կնոջ ձեռքերը միշտ պետք է լինեն մաքուր ու խնամված: Ակամա պատկերացրեց, որ կգան ու իրեն այդպես կտեսնեն նախ բժիշկները, հետո հարազատները, ապա՝ ուրիշներ, ինչպիսի՜ խայտառակություն: Ու իր մասին կմտածեն, որ փնթիի մեկն է…

Կինը չզգաց, թե ինչպես վեր կացավ տեղից, սահեց ննջարան, հայելու առջևի դարակից հանեց եղունգների ներկը, մաքրող հեղուկ ու բամբակ: Նախ մաքրեց հնի մնացորդները, հետո հավասար ու սահուն քսեց նորը: Տարբեր կողմերից նայեց մատներին, հիացավ իր աշխատանքով, ապա, մինչ կչորանային նոր քսված եղունգները, նայեց իրեն հայելու մեջ: Ի՜նչ տհաճ տեսք ունի, մի՞թե սա այն բարետես կինն է: Վերցրեց հայելու առջև դրված խոզանակը, թեթևակի հարդարեց մազերը: Ահա այսպես փոքր-ինչ այլ է: Այս ի՞նչ դժգույն դեմք է, ուղղակի վախենալ կարելի է: «Կինը ցանկացած պարագայում պետք է գեղեցիկ լինի»,- մտածեց ու թեթևակի շրթներկ քսեց գունատ շուրթերին: Իսկ մա՞շկը, սա՞ ինչ է, իսկը հիվանդի վանող մաշկ… Ասես քննադատելով ուրիշին ու զայրանալով այդ ուրիշի անփութության վրա՝ դեմքի համար հատուկ հեղուկով լվաց մաշկը: Հետո նուրբ մատնահարվածներով մերսեց երեսը սնուցող քսուքով ու թեթևակի դիմափոշի քսեց: Աչքերի տակ մթամած փոսեր էին գոյացել, ուր սովորաբար սիրում է երկարատև խարիսխ գցել հիվանդ տխրությունը: Դա ամենևին դուր չեկավ նրան: Սիրալիր հոգածությամբ ինչ-որ բան քսեց՝ ջանալով քողարկել դրանք: Բայց դա չբավարարեց: Դարձյալ նայեց հայելու մեջ ու ժպտաց ինքն իրեն այն հեղափոխական ժպիտով, որով միայն կինը կարող է ժպտալ, և այդ ժպիտի մեջ սուզվեցին աչքերի տակ գոյացած փոսերը: «Ա՛յ սա բոլորովին այլ է, թե չէ ի՞նչ էր այն անփույթ կնոջ դեմքը: Կնոջ դեմքից կարելի է որոշել՝ կոկի՞կ է, թե՞ ոչ,- դեռ շարունակում էր քննադատել այն մյուս կնոջը,- նույնիսկ շատ մեծ տարիքում կինը միշտ պետք է կին մնա»,- սահմանեց մտքում: Հետո որոշեց, որ հագուստն այնքան էլ թարմ չէ, չէր խանգարի փոխել այն: Մտավ լոգարան, արագ փոխեց շորերը, հագավ ուրիշ, թեև տնային, բայց մաքուր հագուստ: Նորից դարձավ դեպի այն կարևորագույն առարկան, որ հայելի անունն ունի, ըստ սովորության, թեթևակի ուղղեց մազերը, որն ավելի շուտ շոյելու էր նման, հետո ժպտաց, այս անգամ գոհունակության ժպիտով: Ապա, պատրաստ լինելու զգացումից ոգևորված, թեթևաքայլ մոտեցավ հեռախոսին. ինչ-որ տեղ պիտի զանգահարեր: Մոտեցավ, մեքենայորեն վերցրեց խոսափողը, բայց զանգահարելու պատրաստ գեղեցիկ մատներն անորոշ մնացին օդում. նա մոռացել էր, թե ուր պետք է զանգահարեր…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։