ՀՌԻՓՍԻՄԷ / ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵԼՈԻՆ ՓՈՇԻ ՉԻ ՆՍՏՈՒՄ

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵԼՈԻՆ ՓՈՇԻ ՉԻ ՆՍՏՈՒՄ

Սեպտեմբերի 26-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Մարգարիտ Դերանցի «Գմբեթավոր հովանոց» գրքի շնորհանդեսը։ Շնորհավորանքի ու գնահատանքի խոսք ասացին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀԳՄ վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, գրքի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, Արմեն Ավանեսյանը, ամերիկաբնակ Խորեն Արամունին։ Ելույթ ունեցողները բարձր գնահատեցին հեղինակի գիրքը։ Մարգարիտ Դերանցին շնորհվեց Գրողների միության Վաստակի մեդալ։

 

 

ՀՌԻՓՍԻՄԷ

Երբեմն անակնկալը հաղթում է ինքն իրեն, և դու չես կարող չխոստովանել ընթացքի արժանիքը։ Մարգարիտ Դերանցի «Գմբեթավոր հովանոցը» հատեց այդ սահմանագիծը։ Սիրո, փիլիսոփայության, արձակապոետային նկարագրի գրողը հանկարծ հայտնվում է պատերազմական ականապատ դաշտում, ու թվում է՝ հանել է իր նրբենի, կանացիության հանդերձը, որ հագնի զինվորավայել։

Ստացվե՛լ է…

Հենքը արցախյան պատերազմն է։ Մարգարիտը ականատեսն է այդ դաշտի բոլոր կեռմանների, գիտակ՝ եղելությանը, որոնք պիտի իրենց ռեալիստական նկարագրի մեջ դառնային վարպետագրություն։ Պատմվածքաշարերի ներկայություն է վեպը՝ նույն արյան խմբի բաղադրությամբ։ Այստեղ հերոսները կարող են մի պատմվածքից տեղավորվել մյուսի մեջ՝ սրտագրության պես։ Գրքի էությունը նման անցումների բնականությունը չի կորցնում։ Մտքի ճկուն կառուցողականությունը սնում է նրանց անցումային կառուցվածքը։

Հերոսները բառային տիրույթից հասնում են տեսանելիության դաշտ, և ընթերցելիս թվում է, թե ֆիլմային ժապավեն է պտտվում։ Արցախի նկատմամբ ունեցած մեծ սերն ու ակնածանքը, բարբառային հավատարմությունը, բնապաշտությունը վեպը դարձնում են գեղագիտորեն ամուր ու գրավիչ։

Պատերազմական վավերագրության ընթացքը Մարգարիտի համար նպատակ է և առանց ճիգի վերարտադրություն։ Հայրենասիրության չափաբաժինը գերազանցում է ինքն իրեն։ Գրում է. «Թեկուզ աշխարհի ծայրը փախչի մարդը, նա հոգու մեջ տանում է իր տան պատկերը՝ որպես հայրենիք»:

Մաքառման դժոխքն իր հերոսներին առնում է հողմապտույտի մեջ և գլխատում նրանց ճակատագրական կոդերը, որպես ապրողի ու հեռացողի կյանքի կնիք մնում են անունները՝ պատմության էջերից նայող… Հողը ամենամեծ ծածկույթն է մարմինների համար։ Անունները պատերազմողների շատ են գրքում, պայքարը նույն նշանակետն ունի, բանաձևը՝ գնալ մինչև վերջ ու չպարտվել։ Բայց կանխատեսումներն այլ բան են ասում. ժխտում են կամ հաստատում դրվագային անցումներն ու վիճակը։

Գրքում արցախյան բնության պատկերային համակարգն այնքան հյութեղ է, հեքիաթային և հաճախ հաղթում է չընդհատվող կրակահերթերին։ Տղամարդկային, թշնամուն դիմակայող արիության, գոյապայքարի, բռունցքներում կուտակված ուժի կողքին, որպես հակակշիռ, վեպում դրվում է նաև կնոջ մաքառող կերպարը, նրա հուզական աշխարհը, որտեղ երազները, սերը, կարոտը հակոտնյա են ծծումբին։ Նրանցից հատկապես առավել նշանակալից են Թերեզիկը, Անահիտը, Լիլոն։

Վերջինս, ճաշակելով կյանքի ամենադառը թանձրույթը, լինելով մայր և նվիրյալ հարս, այդպես էլ մնաց ֆիդայի։ Իր կորուստների ցավից մթագնած՝ գնաց անհայտում որոնելու իր պայքարող ես-ը և տեղավորվելու այնտեղ։ Ուշագրավ է Բզեզիկի տեսակը, ով աղջկական խենթությամբ երազում էր սուրալ արգելապատնեշ լեռներով, մտնել Չարի տիրույթը՝ առնչվելու կյանքի ստվերային կողմին ևս, բայց հասունանալով՝ դարձավ տխրությունը աչքերում ծվարած մայր, հայրենանվեր մի կին՝ Թերեզիկ անունով, ում համար Երկիրը միայն գաղափարախոսություն չէր. ապրելաձև էր, կամք էր ու պատիվ։ Նա հայրենիքին հերոսական որդի պարգևեց։

Կոլորիտային անցումներում երևում է արցախցի կնոջ ներաշխարհի պատկերասրահը։ Անահիտը, ով կրծքի տակ զգում էր իր առաջնեկի սրտի բաբախը, դեռ պիտի տառապեր, որ իր տղամարդու կյանքը դրվեց զոհասեղանին։

Պատերազմը նույն ձեռագիրն ունի. մահ, ցավ, պայքար, գերեվարում, հերոսացում կամ անհայտության կնիք։

«Գմբեթավոր հովանոցը» ամուր գրչի գործ է։ Կերպարների բազմաշատության մեջ անցնող գիծը, արյունատար երակը պայքարն է, երբ ինքնամոռացությունը տանում է դեպի հաղթանակ, բայց պարտությունը հաճախ դիմավորում է իրեն՝ որպես վատ տեսիլք։

Մարգարիտը ներկայի վկայագիրն է. չի խառնում լույսն ու ստվերը, քննադատական ռեալիզմի մեջ մնում է հավատավորը իր տեսակետների։

«Պարտությունը,- գրում է,- նախ վաստակում են հոգու մեջ, ու հետո նյութականանում է կյանքում՝ որպես արժանապատվության կորուստ»։

Քննադատական սլաքն ուղղելով իշխանական ներկայությանը, Դերանցն արտացոլում է եղածի իրական պատկերը, որի անփառունակության մեջ խութերը շատ են։ Գրքի արժանիքներից են հերոսների իմաստաբանական զրույցները՝ արմատից մինչև ճյուղեր, և հասնում են ստորոտից մինչև գագաթ։ Վարպետորեն են նկարագրվում երևույթների և իրականության սահմանները։ Դերանցն իր հերոսներին մարմնավորելիս հաճախ է Երկնավորին վկայակոչում. «Վիրաբույժն ընդամենը վերինի ձեռքն է. չփրկվածի համար կռիվ ունի Բարձրյալի հետ՝ մտքում շարունակ հիշելով ու կրկնելով պատերազմական դժոխքով անցած «Հայր մերը»։

Մարգարիտը միանում է որդեկորույս ծնողի վշտակեղեքությանը, երբ զոհվածի դին հայտնաբերելիս իրար աչքալուսանք էին տալիս հարազատները, թե՝ իմը գտնվեց։

Ողբերգության այս անսահմանության մեջ հեղինակը կարևորում է նաև մեծ սերը, միությունը, հոգու մղումը, որը դառնում է կարոտի պատսպարման հանգրվան ու հովանոց։

Մարգարիտ Դերանցի գիրքը մարգարեականությամբ եկավ ու ներկայացավ ռեալականության իր արժեքներով։ Արդիական, զարմանալի մեկնություններով Դերանցը կերտեց մի համայնապատկեր, որը Արցախի պատմության դուռը բացող ոսկյա բանալի է, և պիտի այն աչքից հեռու չպահել։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։