…Իսկ մենք գիտե՞նք՝ որն է խաղաղ լուսաբացների գինը: Կասկածում եմ… որովհետև ազգի մի մասը փողը Աստծու տեղ պաշտելով, անհագ ախորժակի գերին դարձած` սեփական փորից այն կողմ ոչինչ չի տեսնում, մյուս մասը՝ սեփական երկրի սև ապագայի «տեսլականը» աչքի առաջ, զավակի «ապագան փրկելու» մղումով, մտածում է երկրից գնալու մասին, մի մասն էլ՝ մի կերպ օրվա հացն է վաստակում` հայհոյելով ու անիծելով… նաև մի հատված կա, որ հոգեկան հիվանդի «զգոնությամբ» ամեն օր սպասում է սահմանին հերթական զոհի մասին լուրին ու… գժվում:
Չարության ու լկտիության չափաբաժինը թանձր մառախուղ է կապել, ու լույսը չի երևում: Էս ի՞նչ սարքեցինք մեր երկիրը` փնթի, անկարգ ու անօրեն… Է՞ս ենք մենք` արժանապատվությունը կորցրած, իրար հաղթելն ու իրար տապալելը գերխնդիր դարձրած:
Խաղաղության գինը ո՞նց իմանանք, երբ հայրենիքի գինը չգիտենք… Մեր ժողովրդի ո՞ր հատվածն է հասկանում, որ հայրենիքը սեփական տունն է, որ նախ պետք է խնամքով սարքել ու հետո անդադար վերանորոգել, որ հանկարծ կտուրը չկաթի… Իսկ մենք ի՞նչ ենք անում` անխնա գողանում ենք մեր սեփական տան պատուհաններն ու դռները… մեկ էլ փախչում ենք մեր տնից… արագ-արագ, որ հանկարծ փլվելուց տակը չմնանք: Մի փոքր հատված էլ կա, որ տան մեջ գլուխը բռնած լաց է լինում… անզորությունից: Նման «թիմով» լավ տուն երբեք չես ունենա: Ամենօրյա հյուծող պատերազմը քթներիս տակ` երկիրը հանձնել ենք փոքրաթիվ խեղճ զինվորներին, որ չգիտենք ոնց են զինված, ոնց են հագնված ու ինչ են ուտում, իսկ մենք փառատոներ ու փարթիներ ենք անում, մինչև ատամները զինում ու հագցնում անքանակ ոստիկանությանը, որ ժողովրդին պաշտպանելու փոխարեն ցանկացած պահի կծեծի… Է՞ս ենք մենք:
Իսկ խաղաղ լուսաբացների գինը այսօր իրականում անչափ թանկ է, որովհետև դա մեր հատիկ զինվորների մեկ հատիկ կյանքն է, որ իրենց ետևից որբացած ծնողների ողբն է թողնում, հայրենիքը սիրող մի բուռ հայերի ցավը «թեժացնում» ու թիվը քչացնում:
Հ.Գ. Կարդացի գրածս, ու լացս եկավ. էս ի՞նչ ստացվեց… Այսօր մայիսի 9-ն է: Մենք այս օրը Շուշի ենք ազատագրել ու պահել ենք… թանկ արյան գնով: Գետնի տակն են անցնելու բոլոր տեսակի թալանչիները, իսկ մեր լուսավոր ու արժանապատիվ հերոսների պայծառ կերպարները շիվեր են տալու ու պահելու են մեր երկիրը: