Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

2020-ի սև օրվա երեք տարին մղձավանջով թավալվեց ու բոլորեց արդեն նոր ցավի մեջ… Մեր անհասցե նահատակների շիրիմներին երեք տարվա խոտ է աճել… Եռաբլուրում ու բոլոր բլուրներում մեր հերոսները երեք տարվա կանգուն զորք են քարեղեն՝ մեր ցավերի հանդիման… Երեք-երկու-մեկ տարեկանները Արցախում ուրիշ քիչ բան են տեսել, քան այդ մղձավանջը, շնչել են դրա անմիջական շունչը վառոդի ու ծխի հետ, անհոգ մանկական խաղերի փոխարեն իրենց մաշկի վրա զգացել ապաստարանի սառնությունը, սարսափի մթնոլորտը… Հյուծիչ ու ջլատող շրջափակում տեսած, ամիսներով կիսաքաղց ու մեծի պես գիտակից, զուսպ, անտրտունջ մեր փոքրիկները այսօր գաղթի ճանապարհին են… Տնազուրկ ու հայրենազրկված գալիս են իրենց Մեծ Մոր – Մայր Հայաստանի գիրկը… Հիմա ի՛նչ պատասխան էլ փորձեն տալ նրանց այսօրվա-երեկվա ապաշնորհ, դավադիր ու դավաճան այրերը կամ կեղծավոր աշխարհատերերը՝ անտարբեր, մենք միայն մի բան ունենք տալու մեր փոքրին ու մեծին՝ Սեր ու փայփայանք, հայրական օջախի ապահովություն ու ջերմություն՝ դիմանալու իրենց վիրավոր սրտերը ծվատող կորստի կսկիծին, հաղթահարելու տկլոր-տկլիկ ու շրջափակումից արդեն հյուծված իրենց մարմինների, հոգու ցավը… Մեր սրտի մեջ ու մեր բոլորի Հայրենիք Մայր Հայաստանում արցախցի մեր հայրենակիցները պիտի գտնեն անսահման Սեր, Սեր ու փայփայանք, ապահովություն և ապրելու, հարատևելու հավատ, որը հենց մեզ էլ օդ ու ջրի պես է պետք, ուրեմն և մենք դրա բխումով պիտի այսօր շնչենք ու գործենք, ապրենք ու ապրեցնենք ոգեղեն զորացումի մի չտեսնված մակարդակում՝ անտրոհելի միասնական, որը նաև ինքներս մեզ ու մեր երկիրը փրկելու միակ ճանապարհն է…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։