Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ / Արցախցին երբեք չի թնկթնկում

 

 

Երբ ընտանիքում տիրում է քաոս, կասկածից վեր է, որ գլխավոր մեղավորը ընտանիքի գլխավորն է: Այդպես է և ցանկացած մեծ ու փոքր երկրում: Ու մեր երկիրը բացառություն չէ: Առավել սարսափելի է, երբ աշխարհը կառավարող «հզորներն» են ապաշնորհ ու մտագար: Այս դեպքում խելագարվում է ողջ աշխարհն ու հայտնվում մի մեծ, անկառավարելի, մահաբեր քաոսում: Հիմա մենք այդպիսի ժամանակներ ենք ապրում:

Սովորական մահկանացուներիս ուժը բավարար չէ՝ պայքարելու համար մարդուն ու մարդկությունը պատուհասելու մարմաջով բռնված մոլագարների դեմ, եթե մեզանից յուրաքանչյուրը որոշել է պայքարել միայնակ: Ի՞նչ կարող է անել մեկ հոգին՝ թեկուզ և հանճարեղ, թեկուզ և հզոր, թեկուզ և կամային, թեկուզ և անկոտրում, ինչպես մեր Հայրենիքի կարեվեր եզերքն այսօր հարկադրաբար լքող արցախցին:

Ես, Երևանում նստած, գալարվում եմ արյունաքամվող Արցախի ցավից ու փորձում ինքս ինձ համար բանաձևեր արտածել՝ եղածը հասկանալու, մարսելու համար: Չի՛ ստացվում: «Ինչպե՞ս ես» հարցին արդեն ինչքա՜ն ժամանակ պատասխանում եմ՝ կոմիտասանալու ճանապարհին: Բայց երբ հոռետեսությունս նվաճում է ռեկորդային բարձունքներ, մտնում եմ համացանց ու կարդում արցախցի ընկերներիս գրառումները, հաղորդակցվում նրանց հետ փոքրիկ նամակներով: Ու, հավատացեք, վերագտնում եմ ուժերս, նորոգվում է հավատս, որովհետև արցախցին երբեք չի թնկթնկում:

Ընդամենը մի գրառում ներկայացնեմ Արցախի ազատագրական պայքարի քաջ զինվոր, բանաստեղծ ընկերոջս՝ Բորիկ Բաղդասարյանի էջից. «Պատմությունը լի է անակնկալներով, անմեկնելի իրողություններով, անկանխատեսելի շրջադարձերով: Չեմ ուզում Հայրենիքի պայքարի կանչը, փրկության ճիչը ինքներս խլացնենք այս օրհասական պահին, այսպես՝ բզկտված հոգիներով, խարխլված հոգեբանությամբ հոշոտենք իրար, մեղադրենք, զրպարտենք: Սա դեռ վերջը չէ. գուցե այս մղձավանջային արհավիրքները խթան կհանդիսանան, որպեսզի Հայը միաբանվի, սիրի մերձավորին, հավատա իր ներուժին, դառնա իր արյան կանչին: Ուզում եմ լավատես լինել… ուզում եմ հավատալ… Ուզում եմ, ուզում եմ, ուզում եմ…»:

Եկեք միանանք այս ուժեղ արցախցու ցանկությանը, հավատանք մեզ պարտադրված մղձավանջից դուրս գալու աստվածային հրաշքին, լուսավոր վաղվա անխուսափելիությանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։