Այնպիսի խառնաշփոթ է ստեղծվել, որ դժվար է կանխագուշակել կամ տրամաբանությամբ ճիշտ մեկնաբանել: Ո՛չ ընդդիմությունն է մի բան, ո՛չ էլ` իշխանությունը: Մի բան պարզ է, որ ներկա իշխանություններն իրավունք չունեն ազգ առաջնորդելու, որովհետև նրանց գործողությունները հիմնականում ապազգային են: Եթե մի կառավարություն, իր վարչապետի հետ, անտեսում է, որ թուրքը մեր պատմական թշնամին է և նույնիսկ թվացյալ եղբայրական հարաբերություններ հաստատելով, միևնույն է, ձգտելու է իրականացնել իր նպատակները, ուստի՝ այս իշխանությունները պետք է հեռանան: Մանավանդ, որ կառավարության վերջին ամիսների գործունեության փորձը ցույց տվեց, որ դա չեն հասկանում կամ չեն ցանկանում հասկանալ:
Ընտրություններ պե՞տք են, թե՞ չէ: Հիմա, քանի դեռ գործող իշխանությունը կարող է վերընտրվել, ես դեմ եմ ընտրություններին: Իսկ ընտրություններ կլինե՞ն, թե՞ ոչ, այդ հարցին պատասխանելը դժվար է, քանզի մեր վարչապետն իր թիմով հաստատուն վարքագիծ չի ցուցաբերում. այսօր մի բան են ասում, վաղը՝ ճիշտ դրա հակառակը: Այնպես որ, վաղը կարող են հայտարարել, թե ընտրություններ չեն լինելու:
Քանի դեռ երկրում չի ձևավորվել մի երրորդ՝ մաքուր, անկեղծ ազգային ուժ, մենք չենք կարող վստահ լինել մեր ապագայի հանդեպ: Հույսով սպասենք այդ ուժի ձևավորմանը, որի ծիլերը կարծես թե երևում են: