Դիանա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ / ՄԵԶՆԻՑ ԲԱՑԻ ԴԱ ՈՉ ՈՔ ՉԻ ԱՆԵԼՈՒ

 

 

Ճակատագրի դառը հեգնանքով թե մեր թշնամիների համառ ջանքերով և մեր ապաշնորհ կառավարիչների հանցավոր թողտվությամբ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրը, ի լուր աշխարհի հայտարարվեց՝ Արցախն ընկավ։ Թե ով և ինչպես և ինչու փոշիացրեց երեսուն տարի առաջ մեր ժողովրդի անլուր զրկանքների ու քաջարի զավակների արյան գնով ձեռք բերած հաղթանակը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ազատելով Ադրբեջանի յոթանասունամյա լծից, պետք է քննարկեն, վերլուծեն և դասեր քաղեն հայ ազգային շահը սպասարկող մասնագետները։

Այսօր մենք գլխիկոր կանգնել ենք մի աղետալի իրականության առջև, երբ Արցախի 120 000 մեր հայրենակիցները, ամիսներ շարունակ դիմանալով թշնամու բլոկադային, սովի ու մահվան ճիրաններից անմարդկային ճիգով փրկելով մանուկներին ու ծերերին, աշխարհի դեմ մեն-մենակ մնալով, փորձել են հերոսաբար պաշտպանել իրենց հողն ու տունը և անհավասար պայքարում հարկադրված են եղել զենքը վայր դնել ու հպատակվել մարդակեր թշնամուն։

Այսօր Հայաստանը մնում է հույսի այն միակ փարոսը, որը կարող է և պարտավոր է տեր կանգնել իր քաղաքացիներին, իր ազգակից-արյունակիցներին, որոնք այլ ելք չունեն, քան վերջին անգամ գուրգուրալով ու արցունքն աչքերին, սրտի մրմուռով հրաժեշտ տալով՝ մաքրել իրենց տուն-տեղը, մի կյանք արած-դրածը, որ վաղը լքեն իրենց դրախտավայր երկիրը՝ թշնամու աչքը լույս անելով։

Այսօր ամեն հայ պետք է փորձի իր սիրով, կարեկցանքով և հոգատարությամբ զորավիգ լինել, սփոփել և օգնության ձեռք մեկնել մեր տնավեր քույր-եղբայրներին։ Մեզնից բացի դա ոչ ոք չի անելու։ Ի գործ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։