Հունը/Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Իր փորած հին ու նոր հուներով է ընթանում մեր ժողովրդի այսօրվա կյանքը: Հաճախ դեմ առած խութերն անհասկանալի, անծանոթ ապարներից են, որ տարակուսանքի, անհաղթահարելիության, երբեմն էլ խուճապի բնական հոսանքներ են առաջացնում մեր մեջ: Մենք չգիտենք՝ մեր նոր կառուցելիք նոր Նոյյան տապանի ամրությունը ո՞ր ջրերի համար նախատեսենք:

Աշխարհը ինքն էլ չգիտի, թե հաստատ ո՞ր ճանապարհով գնա, որ Երկրի գունդը չպոկվի առանցքից, գլուխն առած չփախչի մեզ նման խելքը կորցրած «քաղաքակրթությունից»:

Աշխարհն աշխարհով, բայց մենք մեր հույժ կարևոր խնդիրներն ունենք, ինչպես արդեն որոշ պայծառատեսներ են վկայում՝ մեր առաքելությունը մարդկային պատմության նախորդ, ներկայիս ու պայծառ ապագայի մեջ:

Մի պուճուր ժողովրդի համար շատ չի՞ 1-ին, 2-րդ Համաշխարհային պատերազմների, Արցախյան 1-ին, 2-րդ, 3-րդ շարունակվող պատերազմների միջով անցնելը, հունից դուրս չգալն ու դեռ նոր հուներ փորելը:

Սուլթան Համիդ 2-րդ, երիտթուրքեր, Աթաթյուրք, Էրդողան, Ալիև 1-ին, Ալիև 2-րդ, աշխարհի վերլուծություններ, վերլուծաբաններ, աստղաբաններ, պայծառատեսներ… Եվ իսկապես օրհնյալ մի ժողովուրդ, որ վերջնականապես գլուխը չի կորցնում աշխարհակարգերի այս քաոսում:

Ամենօրյա այս մտորումներից ու մտատանջություններից չես փախչի, մերն են, մենք ենք ի վերջո գլուխ հանելու մեզնից ու աշխարհից, որի մեջ ապրում ենք և ամեն օր դիմում ենք ԱՍՏԾՈ օգնությանը, մեր Տեր Հիսուսի բարեխոսությանը, որ մեր զինվորներն ու զինվորականները դիմանան, կոփվեն, հզորանան, որ մեր փոքրիկ երկրի առողջապահությունը, կրթությունը, մշակույթը, գյուղատնտեսությունը, Ար-դա-րա-դա-տությունը նոր հուն փնտրելիս կամ փորելիս հեռու մնան սխալ պայթեցումներից, որ գերությունից, պատանդությունից փրկվի Արցախում մնացած հերոսական մասունքը, Արցախը՝ ինքը…

Մնացյալ աշխարհը, տեսնում ենք, այնքան էլ գլուխ չի հանում իր գլոբալ խնդիրներից… Ոչ մեկը, անգամ գերհզոր տերությունները ունակ չեն իրենց ծրագրած ճանապարհներով տանելու մոլորակը… Այս գեղեցիկ, այս հարմարավետ մոլորակը:

Սա նախաբանն էր այսօրվա ասելիքիս, որի առիթը լույսի մի շող էր համատարած մառախուղի մեջ:

Հուլիսի 28-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի առջև փռված կարմիր գորգի վրա մի պահ կանգ առավ, պատասխանեց հավաքվածների հարցերին (լրատվամիջոցների բացահայտ բացակայություն) ու շարժվեց դեպի դահլիճ Չակ Հոլտոնի՝ ճանաչված ռազմական լրագրող, կինովավերագրող, նախկին զինվորականի ընտանիքն իր լրիվ կազմով: Այստեղ էր նաև հանրահայտ երգիչ, երգահան, պուերտոռիկացի Դանիել Դեքերը, որ առաջին անգամ Հայաստան է այցելել 2001 թվականին, Սարդարապատում Արա Գևորգյանի խմբի հետ երգել է «Մուշ» երգը:

«Սիրո պատմություն՝ պատերազմի ժամանակ» ֆիլմի ներկայացման արարողությունը (լրատվամիջոցների բացակայության պայմաններում) ընթացավ լեփ-լեցուն դահլիճում: Ահա և մի նոր՝ վստահ ձեռքով, ազնիվ մղումներով փորված հուն, որը չի կարող չիմանալ, թե դեպի ուր են տանում աշխարհի փլուզումներից պղտորացած ջրերը:

Որ ֆիլմը ոչ թե մեկ, այլ մի քանի սիրո պատմություն է, դահլիճը զգում էր, համապրում յուրաքանչյուր դրվագի հետ:

Հոլտոնն իր նվիրյալ մարդասերի, քրիստոնյայի էությունը կարողացել է համադրել ռազմական լրագրողի աշխատանքի հետ: Եվ աշխարհի այն թեժ կետերի ցանկում, որտեղ աշխատել է, հայտնվել է մի երկիր, որ ամեն առումով գտնվում է դժվարագույն աշխարհաքաղաքական պայմաններում, գոյության կռիվ է մղում գերհզոր երկրների հրահրած պառակտումների, ծավալապաշտության ու այլ արհավիրքների դեմ, որ նրա մտահորիզոնում դարձել է շողարձակում:

Չակ Հոլտոնը միակ ամերիկացի լրագրողն է, որ 44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին եղել է Արցախում, քայլել Ստեփանակերտի փողոցներով, նկարահանել է ամեն կողմից հրթիռակոծվող քաղաքացիական շինություններն ու տուն-տեղ կորցրած բնակիչներին… իրավիճակը… Երբ «Կորոնայի», չհայտարարված պատերազմի պայմաններում աշխարհի անտարբեր հայացքի առաջ մի փոքրիկ ժողովուրդ կռիվ էր մղում միանգամից մի քանի գերհզոր տերությունների, ամենաժամանակակից ռազմական, տեղեկատվական, բարոյահոգեբանական զենքերի դեմ: Այն նույն աշխարհի անտարբեր, անմեղսունակ հայացքի առաջ, որն հանգիստ խղճով ավերում էր Եվրոպայի բարգավաճ երկրներից մեկի՝ Հարավսլավիայի քաղաքները, խորտակում էր կամուրջները, որ ի՛նքը չէր կառուցել: Խոստանում էր Իրաքի ու Լիբիայի «բռնապետությունները» փոխարինել «ժողովրդավարությամբ»… Արդյունքում՝ ընդամենը երկու բռնապետների պարզ, ֆիզիկական ոչնչացում… Աշխարհով մեկ ընկած՝ ինչ-որ անապատների ծերպերում փնտրեց-գտավ Ուսամա Բեն Լադենին՝ աշխարհի համար մեկ, գուցեև միակ տեռորիստին, ֆիզիկապես ոչնչացրեց, որ աշխարհը հանգիստ շունչ քաշի, այլևս չհամարձակվի տեռորիզմով զբաղվել:

Ֆիլմն սկսվում է Հայաստանի ու Արցախի չքնաղ բնապատկերներով, որոնց ոչ միայն սիրահարվել է Չակ Հոլտոնը, այլև իր սերը փոխանցել է իր ընտանիքին և ուզում է փոխանցել աշխարհին: Ֆիլմի առաջին ցուցադրության օրը արդեն երկու միջազգային փառատոների դափնեկիր էր, իսկ հիմա արդեն՝ յոթ միջազգային փառատոների:

Ահա սկսվում է հայուհի Ռուբինայի և Չակ Հոլտոնի որդու՝ Նաթանի սիրավեպը:

Ֆիլմի հերոս-հերոսուհիները վավերագրված են իրենց նախեղակ, զարգացող, շարունակվող սիրով, մտորումներով:

Մինչև ֆիլմի ցուցադրությունը՝ Չակն իր խոսքում արդեն ասել էր, որ շատ դաժան պատմություններ պարունակող ֆիլմը ուրախ վերջաբան ունի:

Հայկական հարսանիքն՝ իր բոլոր մանրամասներով, Դանիել Դեքերի երգերով, անձրևներով ու նույնիսկ՝ կարկուտով… մի բացառիկ համահավաք սիրո տեքստ է:

Ֆիլմի ավարտին Չակը իր շնորհակալական խոսքից հետո՝ այն ամենի համար, ինչը փոխել է իր ու իր ընտանիքի կյանքը, հայտնեց, որ ամերիկահայ գործարարների միջոցներով հաջողվել է Հայաստանին նվիրել մի քանի անօդաչու սարք՝ հավաստիացնելու համար, որ մեր ժողովուրդն ապրելու իրավունք ունի և մենակ չէ:

Հուլիսի 1-ին Հայաստանում Արցախի ներկայացուցչության դահլիճում մեկ անգամ էլ ցուցադրվեց ֆիլմը: Ափսոս, Չակը, նրա տիկինը, դուստրը և ֆիլմի մյուս կենտրոնական դեմքը՝ Մարկը, արդեն մեկնել էին:

Քիչ է «ջերմ ընդունելություն» ասելը այն զգացումների պոռթկման համեմատ, որ ցուցադրությունից առաջ և հետո տիրում էր դահլիճում: Հավաքված արցախցիների մեջ էին այն ուսանող-ուսանողուհիները, որոնք սովորում են Երևանում ու արդեն մեկ տարի է, ինչ չեն տեսել իրենց հարազատներին:

Իսկ Ռուբինան ու Նաթանն ապրում են Երևանում: Սիրում են երկիրը, սիրում են մարդկությունը ու նրա համար նոր հուն գտնելը աշխարհաքաղաքացու իրենց պարտքն են համարում:

Աշխարհը, երբ արդեն գտել ու ֆիզիկապես ոչնչացրել է Ուսամա Բեն Լադենին, առայժմ հարկ չի համարում նոր տեռորիստներ գտնել, չի տեսնում Ալիև, Էրդողան տեռորիստներին, բաց է թողել նրանց սանձերը, չի լսում նրանց ամենօրյա չինգիզխանյան սպառնալիքները:

Իսկ Չակ Հոլտոնի ֆիլմը հենց այս ամենի մասին է և այն սիրո, որ փրկելու է աշխարհը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։