Քեզ նորից դրին նժարի վրա…
ԱՐՑԱԽ
Քեզ նորից դրին նժարի վրա,
Քեզ նորից առան,
Նորից ծախեցին։
Ու թեև դեռ ողջ՝
Նորից թաղեցին։
Բայց դու մնացիր,
Ապրեցիր,
Քանզի
Քո մեջ դեռ շունչն է ավարայրների։
Ու քո թշնամին ինչքան վայրենի՝
Դու այնքան պիտի մնաս կյանքային։
Դու ապրես պիտի,
Մաքառես պիտի,
Արարես պիտի՝
Ինչ էլ որ լինի։
04.04.2022 / 14.04.2022
Ստեփանակերտ
ՇՈՒՇԻ
Շուշին նորից մնաց գերի:
Մեր մտքի մեջ,
Մեր աչքերի՝
Պատկերն է հար պահպանվելու
Ղազանչեցոց եկեղեցու:
…Բավ է՝ ինչքան հույսս աղեմ,
Շո՛ւշի,
Հայո՛ց Երուսաղեմ,
Դու հար պիտի լինես մեզ հետ,
Հայոցն էիր՝
Հա՜յ ես հավետ:
06.01.2022 / 09.03.2022
Ստեփանակերտ
ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ
Տաք գոլորշին հողից ելնում,
Խառնվում է խիտ մառախուղին,
Մուգ-գորշավուն զանգված դառնում՝
Մթնաժոռում է խճուղին:
Մեկ էլ հանկարծ փայլն արևի
Ճեղքում շերտը մառախուղի՝
Բացում է մեր ճանապարհը՝
Ցույց տալով մեզ մի նոր ուղի:
Սլանում է ավտոն առաջ՝
Թողած վտանգն այդ ահալի,
Տագնապներն ու դավերն անսանձ՝
Սահմանային ուղեկալի։
17.02.2021
Լաչինի միջանցք
ԱՆԹԱՐԹ ՀԱՅԱՑՔՈՎ…
Եղբորս՝ Անդրանիկ Գրիգորյանին,
Որդուս՝ Անդրանիկ Գրիգորյանին…
Անթարթ հայացքով նայում են իրար,
Մեկը՝ նկարից,
Մեկը՝ նկարին,
Երկուսն էլ եկած նույն պատերազմից՝
Երեսուն տարվա հեռավորությամբ։
Երկուսն էլ սակայն անունով են նույն,
Նույն ազգանունը երկուսն էլ ունեն։
Այս պատմությունը երկար է, բայց ո՛չ
Ապրած օրերի թվերի հանգույն,
Ո՛չ տարիների քանակով անշուշտ,
Այլ ճակատագրով,
Հերոսական նո՜ւյն կենսագրությամբ։
Նման են իրար՝
Զինվորյալի նո՜ւյն
վարքով ու բարքով,
Եվ նո՜ւյն տքնությամբ։
Մե՛կ ճակատագիր
Ու մե՜կ երազանք՝
Բզկտված երկրի
տեսլակա՜ն փրկված…
…Գերեզմանին էր տեսության եկել
Զոհված հորեղբոր։
Իսկ սպասումը՝ անհանգիստ հուշում՝
Չուշանա՛,
Գնա՛…
…Առջևում՝ դեռ նո՛ր
մարտեր սպասվող։
27.05.2022
Ստեփանակերտ
***
Դարձանք մենք կրկին
Նույն Ղարաբա՞ղը՝
Առանց մեր նախկին
Ինքնավարությա՞ն,
Բայց պինդ ենք՝ ինչպես
Քիրսն ու Մռավը,
Պատրաստ ենք կրկին
Մենք նոր փորձության:
Գիտենք ցավի չափն
Ու նրա դեղը,
Պատրաստ ենք կրկին
Հնար գտնելու,
Մենք գիտենք ժամը,
Մենք գիտենք տեղը՝
Մեր պատմությունը
Թուրքից փրկելու:
14.12.2021
Երևան, Շենգավիթ
ԾՈՒՂԱԿ
…Ու թշնամին սողաց առաջ։
Լեռներն իրար նեղ արեցին
Եվ ոսոխին… տեղ արեցին։
Ու բացեցին երախն իրենց՝
Անդնդախոր ձորերը մեր,
Որ խոր խորվի ոսոխը նեռ։
08.10.2021
Ստեփանակերտ
ՏԽՈՒՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Ինձ ասում են.
«Զուր ես այդպես մտածում,
Նա քո հանդեպ
եղբայրություն է տածում:
Ուզում է, որ կրկին ապրեք միասին,
Եվ ամենուր խոսում է
միշտ այդ մասին»:
«Այո՛, գիտեմ,-
ասում եմ` ի պատասխան,-
Ես փորձ ունեմ,
լավ ճանաչում եմ նրան:
Դու ուզում ես, որ ես նրան հավատա՞մ,
Նա ասում է մի բան`
անում մի այլ բան:
Նա ուզում է տանտեր
դառնալ իմ տանը,
Իսկ ես` ծառա լինեմ նրա դռանը:
Ինձ խժռելու միտքն է
անվերջ որոճում
«Նովրուզ բայրամ» տոնող
գազանն իր որջում»։
22.03.2023, Երևան, Շենգավիթ
03.05.2023, Երևան, Կենտրոն
ՄԱՐԴ ԿԱ՞…
ԳՈՆԵ ՄԵԿՆՈՒՄԵ՜ԿԸ
(Արցախ. շրջափակում, օր 32-րդ)
Եվ որովհետև
ոչինչ այլևս չկա ասելու,
ուզում եմ կրկնել,
նորից ու նորից,
բոլոր-բոլոր բառերը չհասկացված,
գուցե արթնանա հանկարծ
մարդը… մարդու մեջ:
…Ես դեռ հավատում եմ
հրաշքներին:
13.01.2023
Երևան, Շենգավիթ
ՉՏԵՍՆԵԻ…
(Արցախ. շրջափակում, օր 37-րդ)
Նմանություն
Չտեսնեի, մեր երդի ծուխ,
Քեզ կտրված չտեսնեի…
Համո ՍԱՀՅԱՆ
Չտեսնեի, իմ լո՛ւյս քաղաք,
Քեզ գազազուրկ չտեսնեի:
Ա՜խ, էլեկտրասյունդ ծնկած,
Մութդ, ցուրտդ չտեսնեի:
Չտեսնեի Հայաստանից
Արցախ մտնող ճամփադ փակված,
Եվ Բերձորյան միջանցքն այսպես
Թուրքով լցված չտեսնեի:
Ա՜խ, բյուր ցավի միջով անցած,
Արցախական ոգով տոկուն
Մարդկանց` հազար մի դավ տեսած,
Ես ընկճված չտեսնեի:
Հաղթահարենք ամեն փորձանք,
Մնանք տերը մեր դպրոցի,
Մեր տան, այգու… Փշրանք-փշրանք
Թուրքին տրված չտեսնեի:
Ամրացնենք ու ամրոցվենք,
Մե՜նք կենդանի սահման դառնանք,
Թշնամու դեմ դուռդ գոցենք,
Արցա՛խ, քեզ բաց չտեսնեի:
Գայի, իմ տո՛ւն, ծունր իջնեի,
Համբուրեի որմդ սառած…
Ա՜խ, գերեզմանն իմ պապերի
Ջարդած-փշրած չտեսնեի:
Վիրավո՜րս, գոտեպնդվիր,
Ոտքի՛ ելիր ոգով տոկուն,
Վերջին ո՛ւժը քո ժողովիր…
Ա՜խ, քեզ հաղթվա՜ծ չտեսնեի:
17.01.2023
Երևան, Շենգավիթ
ՓՐԿԵՆՔ ՊԱՏԻՎՆ ԱԶԳԻ ՀԱՅԿՅԱՆ
Մենք ծնկա՛ծ ենք, ի՛մ ժողովուրդ,
Ընկա՛ծ ենք մենք, բայց ո՛չ գերի:
Բիբերի մեջ քո նահատակ
Որդոց մարած աչուկների՝
Տեսնում եմ ես երկո՜ւնք մի նոր,
Այդ ծնունդն է քո՝ նորովի,
Ելնե՛ս պիտի դյուցազնական
Հաղթ կազմվածքո՛վ քո կորովի:
Բելը նորի՛ց կանգնեց քո դեմ,
Հավաքիր քեզ, ոտքի՛ ելիր,
Կանգնե՛ս պիտի դեմ հանդիման,
Հաղթե՛ս պիտի Բելին էլի:
Ելնե՛ս պիտի հանց Տիգրան Մեծ,
Ինչպես Վարդան Մամիկոնյան,
Որ հավաքես փշրանք-փշրանք
Կորսված պատի՛վն ազգի Հայկյան:
13.01.2021
Երևան, Ավան, Ծարավ աղբյուր
ՄԵՆՔ
Միշտ, երբ Բեռլին եմ լսում`
Քառասունհինգ թիվ ու… տոթ,
Այնպե՜ս շնչել եմ ուզում,
Բայց… տարածքում ամեն ինչ
Ախտահարել են ասես,
Ու շնչելու չկա օդ:
Վիեննա են երբ ասում՝
Մի ձայն է իմ ունկերում,-
Օտարներդ թե ինչպե՜ս
Մեր հայ երգով հիացաք:
Իսկ միշտ խնձոր ասելիս
Եվ՝ կամ հենց ա՛յս լսելիս.
«Խնձոր ունեմ, կծած ա»,
Իսկույն մտքիս են գալիս
Այս տողերը սևակյան.
«…Իսկ մեր խնձորն իսկապես
Արնածոր ու վիրավոր՝
Հազա՜ր տեղից էր կրծած»…
…Ու հետքը այդ առ այսօր
Մեր մարմնի վրա դեռ
Այնպես տաք է, այնպես նոր,
Որ մեր արյունն է ոթում
Մեր թշնամին ամեն օր:
Բայց մենք ապրում ենք էլի,
Արարում ենք մենք էլի
Նույն տքնությամբ,
Նույն ջանքով,
Որ զարմանում եք այնպես,
Զարմանալով՝ հիանում,
Տարակուսում եք նույնիսկ,
Թե ո՞նց փոքրիկ մի Արցախ
Այսքան կորով ունի դեռ,
Այսքան ավյուն ու տքնանք,
Եվ ապրելու ջանք ու ճիգ։
Եվրոպանե՛ր, Արևմո՛ւտք,
Ինչքան էլ որ խլանաք՝
Մենք ապրո՜ւմ ենք,
Մենք դեռ կա՛նք,
Մենք անվե՜րջ ենք լինելու։
Մեր լինելը թշնամու
Անկուշտ ա՛չքն է հանելու։
11.07.2022 / 07.10.2022 / 03.02.2023
Ստեփանակերտ-Մարտակերտ-Երևան
ՀԱՅԱՍՏԱ՛Ն, ՀԱՅԱՍՏԱ՜Ն…
Մի անուն էի սերտել
դեռ վաղ մանկությունից
և այն անընդհատ
կրկնում էի մտքիս մեջ՝
Հայաստա՛ն, Հայաստա՜ն:
Մտքիս մեջ՝
որ թշնամին չլսի
ու չիմանա այդ երկրի տեղը՝
Հայաստա՛ն, Հայաստա՜ն:
Բայց թշնամին գտավ ի՛նձ
ու կտրեց լեզո՛ւս,
որ երբեք չարտաբերեմ այդ անունը՝
Հայաստա՛ն, Հայաստա՜ն:
Եվ թշնամին այդպես էլ չիմացավ,
որ անունն այդ
ո՛չ թե լեզվիս վրա էր,
այլ… սրտիս մեջ՝
Հայաստա՛ն, Հայաստա՜ն:
22.07.2021
Երևան, Մալաթիա-Սեբաստիա