Գագիկ ՍԱՐՈՅԱՆ

Ի ԴԵՊ
1.
Ի դեպ,
Ինչ-որ մահ
Ինձ է որոնում…

2.
Ի դեպ,
Ինչ-որ կյանք
Ինձ է որոնում…

3.
Ի դեպ,
Ժպտում եմ,
Ախպե՛ր` ասում եմ`
Դուք իրար պատմեք
Ձեր աշխարհների
Պերճ պարտեզներից
Եվ խնձորները գովեք գովական,
Եվ շնկշնկացող քամիներն հիշեք
Ձեր աշխարհների,
Իսկ ես դեռ հո՛ս եմ`
Իմ գետի ափին.
Խնձորօղին եմ խմում բառերի:
Եվ հետո, ասեմ,
Հարբած գուսանին
Ո՛չ մահն է սազում
Եվ ո՛չ էլ` կյանքը:
Ա՛յ, եթե վերջին բաժակից հետո
Շնչեմ ձեր սիրտը,
Ինչպես սիրուհուն,
Արդա՛ր կլինի:
Եվ… առաքինի:

4.
Ի դեպ, ասեմ քեզ`
Սազում է լույսը
Քո արցունքներին.
Ա՛յ, դրա համար
Քեզ այցի կգամ
Առավոտվա կողմ.
Շատ չխառնվես…
Ճերմակ թաշկինակ,
Կանաչ թաշկինակ
Ու նաև կապույտ
Կառնես խանութից…

5.
Ի դեպ, քեզ հուշեմ`
Հիմա սարերում
Խոտը կանաչել,
Իսկ իմ սրտի մեջ
Իրարանցում է,
Ճի՛շտ էն օրվա պես,
Երբ ասի` նստիր
Կարմիր բազմոցին,
Մինչև խաղաղվեմ…

6.
Ի դեպ,
Հեռու է իմ բախտավորը`
Ճի՛շտ բախտի նման
Իմ բախտավորի…

7.
Ի դեպ,
Կգնամ իմ գետին այցի
Ու կհարցնեմ`
Իմ սերն ի՞նչ եղավ
Էն հեռու տեղում.
Հո չի՞ մոռացել
Իմ սրտի տեղը…

8.
Ի դեպ,
Քեզ ասեմ`
Աստղը վիճակ է,
Ծաղիկը` թրթիռ,
Հույսը` օրորոց,
Իսկ իմ զարմանքը
Քո սրտից ընկած տարակուսանք է…

9.
Ի դեպ,
Երկնքից երբեմն` թռչուն,
Երբեմն էլ երգ է
Ընկնում խոտերին…

10.
Ի դեպ,
Ծոցդ բե՛ր,
Համբուրեմ քարը,
Որ չմամռոտի
Մատուռից ընկած քարերի նման…

11.
Ի դեպ,
Գիշերը բանտ է ու տաճար:
Էն ո՞նց էր ասում էն աստնվորը`
Եղի՛ր լուսարար:
Իսկ հակառակը,
Ես ինձ կթողնեմ մութ վիրապի մեջ…

12.
Ի դեպ,
Քո սրտից ծաղկած զեփյուռը
Մինչև ինձ հասնի,
Կդառնա մրրիկ:
Դու մեղավոր չես.
Էս երկինքներում ինչքան թռչուն կա,
Հարկ են համարում
Խառնվել քամու ծաղկաշիթերին…

13.
Ի դեպ,
Վախերից ես պրծում չունեմ.
Ահա՛… Մի թռչուն
Սայթաքելով է ճախրում սրտիս մեջ…

14.
Ի դեպ,
Յոթ օր է`
Նայում եմ, չկաս
Ոչ մի երկնքում.
Երևի գարնան շնկշնկոցները
Քեզ դարձ են տարել…

15.
Ի դեպ,
Արթնացել,
Ճամփա է ընկել
Մի աստղի քոթոթ
Ա՛յ, էն Մեծ արջի համաստեղության
Կիրակիներից…

16.
Ի դեպ,
Վայելուչ գինի է սերը.
Խմում ես, հարբում,
Քեզ կորցնում ես բանաստեղծության
Կանաչ ու ճերմակ սավանների մեջ…

17.
Ի դեպ,
Լռության ներքին բակերում
Մի շուն է հաչում`
Աչքը իմ բաժին լուսնկայից կախ…

18.
Ի դեպ,
Ում գովեմ,
Ճերմակ շապիկներ
Նրան նվիրեմ…

19.
Ի դեպ,
Ում գովեմ,
Թող ձնծաղիկներ
Հագնի գիշերով…

20.
Ի դեպ,
Դեպի ո՞ւր,
Ո՞ր կողմով գնալ
Մինչև հայեցում…

21.
Ի դեպ,
Դիպչել քեզ`
Նույնն է, թե ասեմ`
Էս ո՜նց են ծաղկել երազիկները
Երկա՜ր, շա՜տ երկար
Մթնշաղի մեջ…

22.
Ի դեպ,
Մի խելոք
Ինձ մի օր ասաց`
Կյանքը դիպված է:
Ասացի` ախպե՛ր,
Իսկ գուցե դե՞պք է`
Մոտավորապես`
Երազ ես տեսնում,
Ու մեկ էլ, ըհը՛,
Մի խաթունիկ է
Ընկնում երկնքից
Ուղի՛ղ քո ծոցը…

23.
Ի դեպ,
Դիցական աղունիկներից
Ընտրում եմ նրան,
Ով ստվեր ունի`
Նոր ոսկեջրած…

24.
Ի դեպ,
Բացել եմ դուռ ու լուսամուտ,
Որ տաղիկներ գան,
Իմ սրտի միջով անց կենան գնան,
Որպես հովիկն է
Անցնում դեռ կանաչ
Եղեգնուտներով`
Ուսը քսելով արյան մեջ ապրող
Ճերմակ ու կարմիր շերեփուկներին…

25.
Ի դեպ,
Քեզ ասեմ`
Քո մերկությունը
Վարդին կսազեր,
Ինչպես որ ցողն է
Սազում խոտերին…

26.
Ի դեպ,
Եթե գաս,
Զատիկի նման իջնես ձյուներին,
Բնա՛վ չեմ ասի`
Սավանով ծածկվիր, ուսդ չմրսի…

27.
Ի դեպ,
Ծովերից եթե լուր ունես,
Ճայերին չասես իմ կարոտներից…

28.
Ի դեպ,
Իմացիր.
Որպես մի վերջին հանդիմանություն`
Սիրտս կխփի իրեն պատերին…

29.
Ի դեպ,
Մի բան էլ.
Կարմիր էր այսօր մտածում քամին`
Իրեն նետելով կրակների մեջ
Էն արեգնական…

30.
Ի դեպ,
Վայել է
Ինձ պես գուսանին
Գնալ ու գետին պատմել ձկներից:
Ասեմ` իմանաս`
Գետը ծանոթ չէ
Մագաղաթներում հոսող ձկներին…

31.
Ի դեպ,
Կմնամ էս ձորերի մեջ:
Որպես ափսոսանք`
Դու ձեռքով արա իմ տարիներին…

32.
Ի դեպ,
Անտառում մեկը կխշշա.
Դու նրան կանչի՛ր.
Ասա` թռչուն եմ,
Սիրտս թունդ եղավ
Քո բաժին կյանքից,
Թույլ տուր` գիշերով
Թառեմ քո ճյուղին…

33.
Ի դեպ,
Կռահել, սակայն չեմ տեսել
Էն գիսավորին…

34.
Ի դեպ,
Ծաղկավոր չթե փեշով է
Երկնքով գնում էն Աստվածուհին…
Քամին խաղում է քղանցքների հետ:
Եվ ամեն խաղից
Ձկներ են ցայտում,
Եվ ամեն տաղից
Թռչնաձագեր են թափվում երկնքից,
Եվ ամեն անգամ
Մի ինչ-որ թախիծ
Ինձ է ծիկրակում նրա խորքերից…

35.
Ի դեպ,
Եկ հենվեմ քո կամուկացին…

36.
Ի դեպ,
Լուր չկա
Ժամանակի մեջ մոլորվածներից:
Բայց սրա մասին
Ոչինչ չգիտեն խատուտիկները…

37.
Ի դեպ,
Ո՞վ կասի,
Թե հոգին ոնց է կաթում խոտերին…

38.
Ի դեպ,
Ասում են,
Թե լեզուն` ընծա,
Իսկ, ա՛յ, մեղեդին
Զարմանքն է Աստծո…

39.
Ի դեպ,
Ինչ-որ բան
Վերադառնում է դեպի քարերը,
Որ տաճար դառնա…

40.
Ի դեպ,
Ո՞ւմ գույնն է
(Հար թափառական վերվարածը այս)
Ննջում թոնրի մեջ…
Սնդուն չբացե՛ք.
Մեկը գալու է` տուն տանի նրան…

41.
Ի դեպ,
Սիրուհուց բան չհարցնեք
Հարբած գուսանին.
Նա ձեզ կպատմի
Կողմնակի երկրի ջրերի մասին…

42.
Ի դեպ,
Վճարե՛ք գուսանի վարձքը.
Ուզածը բան չէ`
Մեկ ճլոր աքլոր,
Մեկ փեշ խավրծիլ
Եվ է՜ն երկնքում կախվածից մեկ շող…

43.
Ի դեպ,
Մերկ աչքով դիտեցի մահը.
Ա՜խ, ինչ մերկ էր նա…

44.
Ի դեպ,
Կանոնով քեզ գովերգեցի,
Սակայն անկանոն խփում է սիրտս,
Սակայն անկանոն ծաղկում է ծառը…

45.
Ի դեպ,
Գինետան ճանապարհներին
Շներ կան վտիտ,
Ովքեր նայում են…
Դե՛, ամեն մեկը իր բաժին լույսին…

46.
Ի դեպ,
Բարետես կնոջը տեսա հե՛նց երազիս մեջ…
– Ախր, հե՛ր օրհնած,
Մի՞թե դժվար է անցնել փողոցով,
Որը գիշերներ ունի իր մտքում…
47.
Ի դեպ,
Կարոտ եմ քո պսպղոցին.

48.
Ի դեպ,
Ասում են` մեղուն է խիղճը
Էս մոլորակի.
Ե՛ս որ հավա՜ն եմ…
Բայց` նաև բառը…

49.
Ի դեպ,
Չեմ ուզում սուզվել
Տրտմության ահեղ ջրերում,
Սակայն երկրիս բախտը դժխեմ է,
Իսկ ես` ծովերում նրա կորցրած…

50.
Ի դեպ,
Կանչում եմ արագիլներին`
Եկեք, տե՛ր կանգնեք
Ձեր երկինքների դառը արևին…

51.
Ի դեպ,
Իմ սիրտը սահմանաքար է…

52.
Ի դեպ,
Հիշում եմ.
Էս է եղածը… Ոչինչ ավելի:

53.
Ի դեպ,
Երևի էսօր էլ կապրեմ`
Որպես մի պայծառ խրամաբջիջ…

54.
Ի դեպ,
Քե՛զ հիշեմ,
Ամառվա շեկ օր.
Ի՜նչ լավ ես գրկում
Ուսը սիրունի…

55.
Ի դեպ,
7 հեկտար գովելու եմ քեզ`
7 հեկտար գարի,
7 հեկտար զարմանք աշորայի արտ…

56.
Ի դեպ,
7 հեկտար զեփյուռ եմ ցանել
Ճերմակ սավանին գալիք գիշերվա…

57.
Ի դեպ,
Քեզ ասեմ,
Զարմանալի՜ կին,
Քո գլխաշորը
Բուրում է որպես
Մարմնի հառաչանք…

58.
Ի դեպ,
Գիշերով ինձ որոնեցի
Ցնորքի դմբո մացառուտներում,
Մի աստղ դողաց,
Մյուսը ընկավ
Մութ ջրերի մեջ նախնական մեղքի…

59.
Ի դեպ,
Վայել է,
Որ քեզ վերհիշեմ
Անձրևից առաջ,
Անձրևից հետո
Եվ լուսաբացի թռչունների հետ…

60.
Ի դեպ,
Երկինքը քո խնդությունից
Պահում է իրեն
Երեխայի պես…

61.
Ի դեպ,
Թե այսօր գնամ խմելու,
Գինուն կպատմեմ քո թնդությունից…

62.
Ի դեպ,
Ոչ մի լուր
Չբերեց քամին…
Չկաս ու չկաս…

63.
Ի դեպ,
Դեռ բաց է կաքավի դուռը.
Կարող ես նայել երկինքներից ներս…

64.
Ի դեպ,
Գնում եմ, որ քեզ ետ բերեմ
Իմ տագնապներից…

65.
Ի դեպ,
Հավաքի՛ր ինձ կամուկացից…

66.
Ի դեպ,
Սրբազան իրարանցում է
Գարնան կողմերում…

67.
Ի դեպ,
Հիշեցի քո պարանոցը`
Ցուցամատիս տակ…

68.
Ի դեպ,
Քեզ շնչել
Թեք դարավանդին`
Լրի՜վ ուրիշ է.
Չասեմ` ծիածան,
Սակայն դու կարծի՛ր…

69.
Ի դեպ,
Ո՞վ ցոլաց իմ կոպերի տակ
Էսքան վաղանցիկ ու մտամոլոր…

70.
Ի դեպ,
Վաղորդյան երազը զիլ է.
Աչքը վրան է թնկթնկացողի…

71.
Ի դեպ,
Դաշտերով գնում է մեկը…
Միայնակ մեկը գնում է
Ծաղկած դաշտերի միջով
Հո՜ւյժ այլամոլոր…

72.
Ի դեպ,
Մի հոպոպ իջավ խոտերին.
Ի՜նչ լավ նշան է` մտածեցի ես,
Երևի դո՛ւ էլ մի օր հետ կգաս…

73.
Ի դեպ,
Հեռավոր դարպասների դեմ,
Որպես անկոչ հյուր,
Դեռ պսպղում է իմ երազանքը…

74.
Ի դեպ,
Իմ երգը ակունքներ չունի.
Նա նախնական է`
Ժամանակի պես,
Եվ չի սպառվում
Ակունքների մեջ
Ծուռ հայելիների…

75.
Ի դեպ,
Քեզ ասեմ`
Վախից դո՛ւրս արի
Եվ տեղավորվիր
Երիցուկի մեջ…

76.
Ի դեպ,
Ես տեսա
Նրա աչքերում վարգող ձիերին…

77.
Ի դեպ,
Երփներանգ մեղեդիներ են ծնվում սրտիս մեջ
Հենց քեզ եմ հիշում`
Կամրջի վրա,
Իմ անդունդները մատով շոյելիս…

78.
Ի դեպ,
Ապրում եմ հար համատարած,
Սակայն հակված եմ
Քո թերթերունքի նիզակի վրա…

79.
Ի դեպ,
Հենց նա է էն մոլորվածը,
Որին կորցրի
Աստղափոշու մեջ կիրակի օրվա…

80.
Ի դեպ,
Ցավը` ինձ,
Խնդությունը` քեզ,
Քաղցրի՛կ հայրենիք…

81.
Ի դեպ,
Չուզեցի քեզ տարրալուծել
Թռչունների մեջ.
Մնա իմ սրտում`
Որպես ոսկեկուտ հիշատակարան…

82.
Ի դեպ,
Վանդակներ տեսա երազում.
Քո թևերն էին ճաղերը նրա,
Քո ծնկներն էին
Շողշողում պայծառ
Իմ գերության մեջ…

83.
Ի դեպ,
Յոթ տակառ օղի կխմեմ
Քո բռից, անշո՛ւշտ:
Թե քիչ է` ասա՛…

84.
Ի դեպ,
Հոնենին
Հարսի էր նման`
Դեղին, դեղնաբույր ակնկալիքով…

85.
Ի դեպ,
Ամոթ է չճոճվել քո մեջ.
Կարոտը շա՜ռ է:
Շա՛ռ է կարոտը…

86.
Ի դեպ,
Մահվան հետ
Հաշտ եմ ու խաղաղ.
Ես նրան շատ եմ
Փորձարկել սրտով…

87.
Ի դեպ,
Խարույկ էր մարմինը նրա
Կիրակի օրվա տախտակամածին…
Նա ինձ հրդեհեց…

88.
Ի դեպ,
Էս կողմով ձիեր չե՞ն անցել.
Նրանք պիտի որ
Կարմիր սուրային…

89.
Ի դեպ,
Ասացե՛ք, ո՞վ էր, որ էսօր`
Աղոթարանի մշուշաժամին,
Մեկին էր կանչում
Հեռու տեղերից…

90.
Ի դեպ,
Երկինքը սազում է հոգուն,
Ինչպես շրշյունն է սազում եղեգնին…

91.
Ի դեպ,
Ես գիտեմ`
Եթե իմ երգը չօգներ ոչ մեկին,
Էն դեղին հավքը
Ուսով կհրեր,
Ինձ կգլորեր էս զառիթափից…

92.
Ի դեպ,
Մի թաքուն զգայություն կա`
Աճում է սրտից,
Հետո թև առնում
Հոսում է հուզված գետերի միջով,
Մինչև մի քամի`
Հույժ աղիողորմ,
Փնտրում է նրան,
Որ ետ դարձնի,
Ետ բերի նրան
Տագնապի ելման
Հեղեղատներից…

93.
Ի դեպ,
Իմացի՛ր,
Քեզ թարգմանել եմ երիցուկներից,
Որ հայերենով բուրես տաղի մեջ,
Որ հայերենով անուշ շնկշնկաս
Զեփյուռի կանաչ մատուռի ճյուղին…

94.
Ի դեպ,
Արի քեզ կրկնեմ կրկին,
Շնչակտո՛ւր շաղ`
Առավոտի՛ հոտ…

95.
Ի դեպ,
Ոչ մի դուռ չկա իմ սրտում,
Սակայն խփում է մեկը անդադար
Ահեղ մուրճերով…
Քեզ ո՞վ է լքել
Էս անտերուդուս ժամանակի մեջ`
Որպես տրտմություն…

96.
Ի դեպ,
Հարավից քամիներ եկան,
Ձյուները նրանց
Ձնծաղիկներով դիմավորեցին:
Ի՜նչ վայելչություն` մտածեցի ես,
Կարծես սիրուհիս ինձ փաղաքշեց…

97.
Ի դեպ,
Նա կարմիր սանդալներով է
Ճեմում երկնքում,
Իսկ մատնեմատին լուսնկա ունի,
Իսկ սրտում լիքը կիրակիներ կան,
Իսկ հոգին թոնրի շուրթով է շողում,
Իսկ խիղճը նրա
Կաթում է լույսի պահարաններից`
Որպես փրկություն…

98.
Ի դեպ,
Հարմա՞ր է,
Որ քեզ վերհիշեմ
Էս մանրամղեղ անձրևի ժամին.
Եթե հավան ես,
Ուրեմն` ժպտա՛,
Թող երկինքները քեզ մտաբերեն
Մազերդ փռած իմ կրծքի վրա…

99.
Ի դեպ,
Երբեմն քեզ կարոտում եմ
Անպատեհ ժամի.
Ահա հե՛նց հիմա.
Փոխանակ օղին կոնծեմ ծիրանի,
Քե՛զ եմ վերհիշում
Եվ կտրուկ հարբում…

100.
Ի դեպ,
Որպեսզի հոգին զրնգա,
Հիշում եմ ճերմակ աղմուկի մասին,
Է՜ն ցնորական վիճակի մասին հրեշտակների…

101.
Ի դեպ,
Ես անվերջ բացակայում եմ
Խուճապի խուճուճ մացառուտներից…

102.
Ի դեպ,
Ծալովի դանակս
Այսօր կորցրի.
Ափսո՜ս էր,
Սակայն մատղաշ հոնենին
Թունդ ուրախացավ…

103.
Ի դեպ,
Նույն բանն էր,
Երբ զվարթունը
Առանց ցաքատի
Ինձ մխիթարեց անձրևոտ մի օր…

One thought on “Գագիկ ՍԱՐՈՅԱՆ

  1. Շնորհակալություն թերթի խմբագիրներին, հանճարեղ Պոետ Գագիկ Սարոյանի պոեզիան զետեղելու համար։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։