Ռուզան Ասատրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառում

 

 

Հայաստանի գրողների միության հետ համատեղ՝ մայիսի 16-ին, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը կազմակերպել էր բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառումը: Թեև միջոցառումը հրավիրատոմսերով էր, դահլիճը լեփ-լեցուն էր՝ գրողի մտերիմներով և նրա գրչի երկրպագուներով:

Միջոցառումը սկսվեց բանաստեղծուհու տողերով գրված Հայկական հիմնով՝ հայտնի տենոր Վահրամ Թադևոսյանի (Վանո Թադեո) կատարմամբ: Բացման խոսքով հանդես եկավ Ավ. Իսահակյանի անվան ԿԳ տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Նա խոսեց Հայրենիքի նկատմամբ նվիրյալ անհատի՝ հայ ժողովրդի գենոֆոնդի պահպանման, գրողի ազգակենտրոն դերակատարման, Հայի ու Հայրենիքի, անհատի և ժամանակակցի հարաբերությունների իմաստավորման, հույսի ու լույսի Հավատավոր լինելու բանաստղծուհու առաքելության մասին՝ գրադարանի տնօրինության և բազմահազար ընթերցողների անունից մաղթելով հզոր Հայրենիք ունենալու բերկրանք, որպես «Հայոց Մեծ Տիկին»:

Ջերմ ծափերով ընդունվեց Ռ. Աստրյանի գրական վաստակի բանախոս, գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի հրաշալի ելույթը. «Հայրենիքը ազգային պայքարի զարթօնքի տարիներից նկատեց Ռուզան Ասատրեանի կանացի ուժեղ նկարագիրը գոյապայքարի արթնութեան մայրուղիներում, ռազմական մարտնչող նրա երակի յորդորը, հիացաւ նրա քաղաքական շնչով և դա նշանաւորեց մայր-զինուրի խորհրդանիշի բարձր գնահատութեամբ, ոգու ներկրման ճանապարհով, ինչի շնորհիւ բխում է կնոջ, մօր անմիջական ցանկութիւնը. «Ես ուզում եմ, որ աշխարհը մօր սրտի պէս սիրտ ունենայ»:

Ջերմ էր ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գնահատանքի խոսքը. ՀԳՄ բոլոր անդամների անունից շնորհավորելով բանաստեղծուհուն՝ նա մատնանշեց. «Ակնառու է Ձեր գործունեությունը ազգային-պետական-հասարակական տարբեր ոլորտներում: Որտեղ էլ աշխատել եք՝ մամուլից, ռադիո-հեռուստատեսությունից, հասարակական կազմակերպություններից մինչև ՀՀ նախագահի աշխատակազմ, դրսևորել եք բարձր սկզբունքայնություն և արհեստավարժություն: Դուք Ձեզ լավագույնս եք դրսևորել Արցախյան ազատագրական պայքարի տարիներին՝ որոշակի գործողություններով ու մարտական ջոկատում մասնակցությամբ նպաստելով հայության արդար պայքարի հաղթական ելքի մոտեցմանը: Նույնպես և 2020 թ. 44-օրյա պատերազմի օրերին՝ հիմնադրելով «Մայր Հայաստան» կանանց հասարակական շարժումը»։

«Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական վարժարանի տնօրեն, գնդապետ Կորյուն Ղումաշյանի՝ բանաստեղծուհուն տրված բնութագիրը. «Ռուզանի մասին մի բան կասեմ միայն՝ նա մարտնչող զինվոր է, մեր ծանր հրետանին, այն, ինչ մենք փորձում ենք բարձրաձայնել, նա արդեն գրի է առնում, նրա սուր գրչից խուսափել հնարավոր չէ: Ռուզանը ամենուր է՝ մեր կողքին, դիրքերում, ռոբոտների փորձարկումներին, գիտական ժողովներին, նրա հայրենասիրությունը սահմաններ չի ճանաչում…»: Գնդապետը Ռ. Ասատրյանին նվիրեց մեկ խորհրդանշական դատարկ փամփուշտ՝ ասելով, թե նա գիտե դրա արժեքը…

Արձակագիր, թարգմանիչ, ՀԳՄ տպարանի տնօրեն Վիլյամ Պողոսյանը իր խոսքում նշեց. «Ռուզան Ասատրյանը սպասված հեղինակ է, 15 գիրք միայն ես եմ տպագրել, նաև՝ վերջին չորս հատորները: Գրողի և հրատարակչի կապը միայն գործնական չէ, այն հոգևոր կապ է, եթե իմ զգացական աշխարհին հարազատ չեղավ, մեծ դժկամությամբ եմ գիրքն ընդունում կամ չեմ ընդունում: Ռուզանը, և՛ որպես գրող, և՛ որպես քաղաքացի, ունի իր ուրույն դեմքը, որն ինձ շատ է հարազատ, և ես նույնպես սիրով եմ սպասում ու տպագրում նրա գրքերը»:

Երկար տարիների համագործակցության արդյունքում՝ «Գրական թերթում» տպագրված բանաստեղծուհու հարյուրավոր հոդվածների շուրջ իր անմիջական ու սրտառուչ բնութագրումներով հանդես եկավ «Գրական թերթի» խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը. «Ռուզանը օրերի տրուբադոր է. կարևոր մի իրադարձություն, և արդեն նրա հոդվածը սեղանիս է… Ձեռքը միշտ ժամանակի զարկերակին է, սկզբունքայնության ու պատասխանատվության նրա ինքնաոճը բազմահազար ընթերցողներ ունի, մենք միշտ սպասում ենք քո նյութերին, սիրելի՛ Ռուզան»:

Անժելա Տերյան, պատմաբան. «Այս հոբելյանը համընկավ նոր գրքի լույս ընծայման հետ, որը կրում է «Ճակատագրի Քրմուհին» վերնագիրը: Անմիջապես զգացվում է, որ իր ժողովրդին ծառայող քրմուհին հեղինակն է՝ լույսի ու արդարության համար պայքարող Ռուզան Ասատրյանը: Իր ստեղծագործություններում Ռուզան Ասատրյանը բացի իր ապրած ժամանակները վավերագրելուց, որն անհրաժեշտ է ապագա սերունդներին, անդրադառնում է նաև հայոց պատմության հնագույն ժամանակներին… Մաղթում եմ, որ շատ արագ նորից դառնանք այն երկիրը, ինչպիսին կայինք: Սա է Ռուզան Ասատրյանի և մեր բոլորիս ցանկությունն ու երազանքը»:

Իր ելույթով հոբելյարին անակնկալ մատուցեց Ռ.Հ.Բ.Հ.Կ. հիմնադիր նախագահ, Արցախյան պատերազմի վետերան Կարո Կարապետյանը (Մորուք Կարո)՝ Ասատրյանին պատվելով կազմակերպության «Հայոց Իշխանի Շղթայով», որը տրվում է միայն Հայրենիքի արժանավոր զավակներին:

Ջերմ խոսքերով հանդես եկան երգիչ Վահրամ Թադևոսյանը, գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը, բանաստեղծ, արձակագիր Ռոլանդ Շառոյանը, «Ռեալիստ» ամսագրի խմբագիր, վերլուծաբան Սարգիս Ծատուրյանը, քաղաքագիտության թեկնածու, ռազմական վերլուծաբան Գուրգեն Սիմոնյանը:

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ «Թովմասյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը: Երեկոն իր հետաքրքիր ավարտն ունեցավ բանաստեղծուհու հուզիչ ելույթով: Ընթացքում հնչեցին բանաստեղծուհու տողերով գրված երգերը, ցուցադրվեցին Ավ. Իսահակյանի անվան գրադարանի կողմից բանաստեղծուհուն նվիրված «Մշո աղջիկ» երկսերիանոց ֆիլմից հատվածներ, երեկոն վարող Գայանե Սամվելյանի շուրթերով պարբերաբար հնչում էին հոբելյարի գողտրիկ բանաստեղծությունները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։