ՃՇՄԱՐԻՏ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԽՈՍՔ

 

Մայիսի 5-ին «Ֆենիքս» գրախանութում տեղի ունեցավ Թովմա քահանա (Վահան) Անդրեասյանի «Բնության տաճարում» և «Սիլֆի նուրբ երազանքները» բանաստեղծական ժողովածուների շնորհանդեսը: Հեղինակը, ներկայացնելով գրքերը, նշեց, որ «Սիլֆի նուրբ երազանքները» 1977-2000 թթ. գրված բանաստեղծություններ են: «Բնության տաճարում» գրքում զետեղված են 1983-2021 թթ.-ի բանաստեղծություններ, որ գրվել են բնության մեջ, Հայաստանի տարբեր շրջաններում՝ Սյունիքում, Սևանի ափին, Լոռիում, Տավուշում: «Բնության մեջ մարդն ավելի է զգում իր հոգին և Աստծուն է նկատում, որ քաղաքում, ըստ էության, հնարավոր չէ»։

Շնորհանդեսը վարող Հայկ Համբարձումյանն ասաց, որ Տեր Թովման բավական բեղուն գրիչ ունի. տպագրվածները 9-րդ և 10-րդ գրքերն են: Մեկը մարդկային հարազատ զգացողությունների մասին է, մյուսը՝ դեպի բնություն է հորդորում մարդկանց: «Մեր ժամանակներում մարդը հեռանում է Աստծո ստեղծած պատկերից, և «Բնության տաճարում» գրքի միջոցով բանաստեղծը խորհուրդ է տալիս գնալ դեպի բնություն, զգալ ու գտնել գեղեցկությունը և վերագտնել իր պատկերը»: Նա վստահ է, որ բանաստեղծական ճշմարիտ խոսքը հաղթահարում է ժամանակը, փոխում իրականությունը, և ժամանակակից բարդ իրականության մեջ մարդը նման պոեզիայի կարիք ունի, որը ոչ թե քանդում է, այլ դեպի ներդաշնակություն է տանում:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, շնորհավորելով հեղինակին գրքերի հրատարակման առթիվ, ասաց. «Թովմա քահանայի՝ Վահան Անդրեասյանի բանաստեղծությունները նրբագեղ են, որ շարունակվում են իր առաջին հրատարակություններից սկսած՝ որքան էլ իրականությունը փոխվի: Նրա պոետական լեզուն ճշգրիտ համընկնում է իր ասելիքին. և՛ դասական տաղաչափությամբ, և՛ ազատ գրված բանաստեղծությունները միաշունչ են, նրա բնական շունչը կա»: Էդ. Միլիտոնյանի կարծիքով, ժամանակակից բանաստեղծությունից հեռանում է բնությունը, մարդն ինքն է հեռանում. կենցաղային ապրումները գրականություն բերելու ձգտում կա, և հենց դրան են հակադրվում Վահան Անդրեասյանի բանաստեղծությունները: Նրա ստեղծագործություններում արտահայտված է Հայաստանի բնությունը:

Իր ելույթում ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը նշեց, որ տպագրված ժողովածուները ընտրանիներ են, նրանցում բանաստեղծ Թովմա քահանա Անդրեասյանի պոեզիայի միջուկն է: Նա ի սկզբանե հոգևոր էություն է՝ բնատուր, հոգու աչքերով է նայում աշխարհին: Գրքերում կան հրաշալի պատկերներ, որոնք ոչ միայն համեմատություններ են, այլև ունեն հակադրամիասնություն, բանաստեղծը պատգամում է ապրել բնության միջավայրում, ընթանալ դեպի հոգևորը, որովհետև այնտեղ է ճշմարտությունը: «Գրականության ամենամեծ հատկանիշը տեսանելիի մեջ անտեսանելին տեսնելն է: Այն հնարավոր է տեսնել հոգու աչքերով: Վահան Անդրեասյանն ունի այդ հոգու աչքերը»,- ասաց Պ. Դեմիրճյանը:

Բանաստեղծ Հակոբ Մովսեսն ասաց. «Վահան Անդրեասյանի բանաստեղծությունները սիրելի են առաջին հերթին իրենց բնականությամբ: Դրանք հոգևոր են, քրիստոնեական՝ ոչ միայն իրենց թեմաներով, անդրադարձներով կրոնական թեմաներին, այլև՝ մեղմ արտահայտչականությամբ: Նուրբ զգացողություններն արտահայտվում են նուրբ եղանակներով: Դրանք նաև շատ երգային են՝ երաժշտական ու առինքնող»: Նրա կարծիքով, մեր իրականության մեջ բացակայում է կրոնական թեման, այնինչ այն կարող է բանաստեղծական շատ նրբին լուծումներ ունենալ, ինչպես հայտնի է համաշխարհային գրականության մեջ՝ Ռիլկեի, Պաստեռնակի բանաստեղծություններում: Դա նշանակում է, որ բանաստեղծությունը կտրված է վիթխարի մի ոլորտից: Ըստ նրա՝ Վ. Անդրեասյանի բանաստեղծությունները սնվում են ինչպես բնությունից, ապրումներից, զգացողություններից, այնպես էլ՝ հոգևոր թեմաներից, հոգևոր բնությունից: Վահան Անդրեասյանի ներկայությունը մեր բանաստեղծության մեջ շատ կարևոր է:

Շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև Արթուր Գրիգորյանի ընտանիքի անունից Կարինե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց գրքերի համար, ասելով, որ Վահան Անդրեասյանը երգարվեստում էլ ունի իր առանձնահատուկ տեղը, աշխատել է շատ կոմպոզիտորների հետ, և իր եղբոր լավագույն երգերը գրված են նրա խոսքերով:

Ժողովածուներից բանաստեղծություններ արտասանեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Սամվել Բաղինյանը:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։