ԹԵ ԻՆՉՊԵՍ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄԸ ՋԵՐՄԱՑՐԵՑ ԸՆՏԱՆԻՔԸ / Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

 Հանրային ռադիոյում աշխատածս տարիներին տարբեր մարդկանց հետ իմ բազում հանդիպումների մեջ միշտ առանձնացնում եմ լենինականցի վարպետ Օնիկին: Եվ իմ գրած ակնարկների մեջ էլ իմ լավագույն հերոսը մնում է վարպետ Օնիկը:

1970-ական թվականներին ռադիոն հաճախ էր անդրադառնում աշխատավոր մարդկանց կերպարներին, ակնարկներ ու ռեպորտաժների շարքեր էին հաղորդվում բանվոր և գյուղացի սովորական, պարզ ու հասարակ մարդկանց մասին: Դա հրաշալի մի շրջան էր երիտասարդ խմբագիրներիս համար. ինչքա՜ն մարդկանց հետ ծանոթացանք, ընկերացանք:

Գարնանային մի պայծառ օր գործուղվեցի Լենինական՝ Մանթաշի ջրամբարը կառուցողների մասին ակնարկների շարք գրելու: Իմ ակնարկների հերոս կարող էր լինել այնտեղ աշխատող յուրաքանչյուր ոք՝ հսկա «բետոնախառնիչներով» բետոն բերողն էլ, բետոնն ընդունող ու տափանողն էլ…

Բայց կար մեկը, ով բետոնե հսկա զանգվածների միացման ճեղքերին բետոն էր սրսկում: Ամուր կազմվածքով, արևախանձ դեմքով այդ մարդուն այդպես էլ կոչում էին՝ «բետոն սրսկող վարպետ Օնիկ»: Երկար խողովակ էր նրա ձեռքին, որով բետոնի շաղախը հոսում էր ապագա ջրամբարի բետոնե ճեղքերին: Բետոնամղիչի տատանումները մարում էին վարպետ Օնիկի ջլապինդ ձեռքերի ամրության մեջ, և նրա արածը կարծես էլեկտրական զոդում լիներ, որ պիտի խնամքով փակեր բետոնապատ կառույցի ամեն ծակ ու ճեղք:

Աշխղեկը, իմանալով գալուս նպատակը, ասաց.

– Դու քո ծանոթությունը սկսիր վարպետ Օնիկից:

– Ինչո՞ւ հենց իրենից:

– Նա անում է ամենակարևոր գործը:

Աշխղեկը ցույց տվեց Օնիկին, ով այդ միջոցին դադարի մի պահ էր գտել, երբ հերթական մեքենան էր բաց թողել ու սպասում էր նորի գալուն: Ես հեռվից նայեցի վարպետ Օնիկին: Նա նստեց արևից տաքացած բետոնե զանգվածին, թաշկինակով մաքրեց քրտինքը, հանեց ծխախոտի տուփը:

– Նրա հետ զրուցելու այս պահը բաց չթողնես,- ասաց աշխղեկն ու ավելացրեց.- հետը զգույշ ու նուրբ զրույց վարիր, նա, հրաշալի աշխատող լինելով, կյանքում այնքան էլ երջանիկ չի. կինը ժամանակից շուտ է մահացել, հարսն էլ այնքան բարեհաճ չէ իր նկատմամբ:

– Բարև, ծանոթանանք,- ձեռքս մեկնեցի,- Հովհաննես է անունս, բայց ինձ Ախալցխայի մեր գյուղում Օնիկ են անվանում:

– Ադաշ ենք, էլի,- ժպտաց,- ես էլ եմ Օնիկ, Լենինականից: Նստել չեմ առաջարկում,- ասաց,- բետոնը փոշոտ է: Դու կոկիկ ես հագնված, իմը բանվորի հագուստ է… Բայց սպասի՛ր:

Հանեց արտահագուստը, փռեց ցեմենտին.

– Նստի՛ր, դեռ ժամանակ ունեմ, կզրուցենք:

Մտախոհ հայացքով մի քիչ տնտղեց ինձ.

– Ծխո՞ղ ես,- հարցրեց:

– Հա՛:

– Ջահել ես, իզուր ես ծխում, ինձ մի՛ նայիր, հազար դարդ ու ցավ ունեմ, դրանից եմ ծխում: Քո տարիքում չէի ծխում, հետո էլ այս իմ դժվար գործի մեջ ծխելը մի բան չէր… Բայց կնոջս մահվանից հետո սկսեցի ծխել: Դարդերս այս ծխի հետ քամուն եմ տալիս:

– Ձեր տարիքում դժվար է առանց կնոջ:

– Ոչ մեկը չի փոխարինի կնոջը,- տխուր վրա բերեց վարպետ Օնիկը,- դու ամուսնացա՞ծ ես:

– Դեռ չեմ հասցրել:

– Մի յոթ անգամ չափիր, մինչև ընտրես,- խրատեց ու մի տեսակ ավելի մթնեց:

– Երևի լավ ընտանիք ունեք, շատ չեք նեղվի առանց կնոջ,- հորինեցի ես, որ դադարը երկար չտևի:

– Է՜հ…

Նայեցի դեմքին, ու այդ պահին ինձ թվաց, թե տխրությունն ու վիշտը մարմին առել, վարպետ Օնիկ են դարձել:

– Մի տղա ունեմ, լավ տղա է, աշխատող, թասիբով, բայց հարսս…

Օնիկի այս դադարն արդեն լրագրողիս երևակայությունը տարավ մեր շատ ընտանիքներում եղած տխուր պատկերներին, երբ սկեսրայրի հոգսը միշտ չէ, որ հարսները ջերմությամբ են տանում:

– Ձեր հա՞րսը,- Օնիկի «է՜հ» հոգոցին որպես արձագանք ասացի ես:

– Հա՛, ադա՛շ ջան, չգիտեմ էլ, թե ինչից մի տեսակ սառն է ինձ հետ: Ես ընդհանրապես նեղություն տալ չգիտեմ. գործից հետո այստեղ լողանում, մաքուր հագնված գնում եմ տուն, իմ սենյակում, իմ այգում օրվա մնացած մասն անց եմ կացնում: Բայց դե…

– Հաճա՞խ ես խմում, վարպե՛տ Օնիկ:

– Առաջ չէի էլ խմում, ոնց որ էս անտեր սիգարեթն էլ չէի սիրում, բայց դե հիմա մեկ-մեկ խմում եմ:

– Կարո՞ղ է ձեր հարսը դրանից է նեղվում:

– Տո չէ՜, թթու խոսքըմ ըսած չկամ, իմ սենյակում ինձ համար սուս ու փուս խմում, քնում եմ, ո՞ւմ եմ նեղություն տալիս… Թոռանս եմ շատ կարոտում:

– Ինչո՞ւ, միասին չե՞ք ապրում:

– Տո բա ինչ ենք անում, հլա այգում էլ թոռանս համար մի հատ ճոճք եմ սարքել: Ինքը միշտ էլ ուզում է ինձ հետ լինել, մայրն է արգելում:

Վարպետ Օնիկը երկրորդ գլանակը հանեց: Կրակվառիչը մոտեցրի, մի թեթև ժպտաց, ծխեց ու հայացքը շրջեց մոտեցող բետոնախառնիչ մեքենայի կողմը:

– Ըսիգ էսօր վերջին մեքենան է, ադա՛շ ջան, եթե էստեղ ուրիշ գործ չունիս, սպասիր, միասին գնանք Լենինական, էսօր իմ հյուրը կլինես, մի կարգին կզրուցենք:

Ավարտեց գործը, մտավ տնակ, որտեղ ցնցուղն էր, դուրս եկավ արդեն զգեստափոխված:

– Գնանք, ադա՛շ, էն մեքենան մեզ քաղաք կտանի:

Ուրախ, ասող-խոսող բանվորների խմբի հետ հասանք Լենինական: Սեփական տան մուտքի մոտ հրաժեշտ տվեց աշխատանքային ընկերներին, ինձ առաջարկեց իջնել:

Միհարկանի առանձնատուն էր՝ ընդարձակ բակով, հարակից այգիով: Ծառի ճյուղից ճոճանակ էր կախված:

– Վահիկիս համար եմ սարքել,- տխուր շուրջը նայեց ու նույնքան տխրությամբ ավելացրեց,- հարսս գիտի իմ գալու ժամանակը և թոռանս ներս է տարել:

…Այդ երեկոն, որ մինչ հյուրանոց գնալը անցկացրի վարպետ Օնիկի հետ, տխուր մտածումների տեղիք տվեց, և իմ գրելիքը, որ պիտի այդ ամրակազմ ու գործունյա մարդու աշխատանքը նկարագրող հոդված լիներ, ավելի շուտ լրագրողի խորհրդածությունների ակնարկ դարձավ՝ մի բարի մարդու մասին, ով աշխարհին տված իր բարությանը կարոտ է մնացել:

Տղան մոտեցավ, բարևեց:

– Երևանից է, ռադիոյից,- տղային ներկայացրեց վարպետ Օնիկը:

– Ինչո՞վ օգտակար լինեմ, պա՛պ:

– Բան չկա օգնելու, տղա՛ս, ես ադաշիս հետ քիչըմ խորաթա կենեմ: Դու մեզի կոֆե բեր:

Մտանք սենյակ: Նկատեց ուշադրությունս պատի մեծադիր լուսանկարին.

– Կինս է, մեռնիմ ջանին, ինչըխ թողեց-գնաց:

Սեղանը պատուհանի մոտ էր, առաջարկեց նստել: Ինքն էլ տեղավորվեց ու մի պահ հայացքը գցեց պատուհանից դուրս: Այգում երևում էր ծառից կախված ճոճանակը:

– Ըսպես կուգամ, կնայիմ, թե Վահիկս ե՞րբ է դուրս գալու, նստի ճոճանակին: Որ ինքը էնտեղ կօրորվի, աշխարհը ինձի կուտան:

Վառեց ծխախոտը:

– Ծխե, ադա՛շ, մի՛ քաշվի,- ըսիգ իմ անկյունս է,- հայացքը դարձնելով սենյակին՝ ասաց,- որ այգում գործ չի լինում, քաշվում եմ ըստեղ: Ըստեղ ինքս իմ մտքերիս հետ եմ, մեկ-մեկ էլ տելեվիզոր կնայիմ, բայց շատ անգամ գրքեր կարդալով կզբաղվիմ. գրքերի մեջ մտքերս ցրվում են, լավ եմ զգում: Մերս ուսուցչուհի էր, աշխարհի գրքերը մեր տուն բերեց:

Ասաց, մի տեսակ գորովալից նայեց ամբողջ պատը դարակներով լցված գրքերին, ասես մոր պատկերն էր ուզում տեսնել:

– Որ փոքր էի, մայրս հեքիաթներ կու կարդար ինձի համար: Կարծես թե հըմի էլ մորս ձայնը կլսեմ: Վահիկս որ ծնվեցավ…

Դադար տվեց, մռայլվեց այդ բարի մարդը, հետո շարունակեց կիսատ միտքը.

– Ես իր համար հեքիաթներ կկարդայի… Հարսս էլ ուրախ էր, որ տղային կզբաղեցնեմ… Տո հետո ի՞նչ կատարվեց էդ կնոջ մեջ, էդպես էլ չհասկցա:

Տղան երկու բաժակ սուրճ բերեց:

– Դու մեզի հետ չե՞ս խմե,- ասաց տղային:

– Չէ՛, պա՛պ, դուք խմեք, ուրիշ բան բերե՞մ:

– Քաղցա՞ծ ես,- ինձ հարցրեց Օնիկը:

– Չէ՛, վարպե՛տ Օնիկ, սուրճը բավական է:

Տղան գնաց:

– Էս բազմոցը տեսնի՞ս կը, էդոր վրա ինչքա՜ն եմ Վահիկիս հետ նստե, իր համար հեքիաթներ կարդացե: Ի՜նչ լավ օրեր էին: Հետո սկսեցի սպասել, թե ե՞րբ պիտի Վահիկս թաքուն փախչի մոր մոտից, գա, ընկնի գիրկս…

– Հաճա՞խ է կարողանում փախչել մոր մոտից:

– Մեկ-մեկ: Մի քիչ մնում է, մեկ էլ էն սենյակից հարսիս ձենն է լսվում՝ «Վահի՜կ», ու էրեխեն վախից փախչում է մոր մոտ:

– Տղայիդ չե՞ս կարող ասել, ախր, սա ընտանիքի վիճակ չէ:

Այս հարցը տվեցի, բայց մի քիչ անհարմար զգացի. Օնիկը տարիքով մարդ է, ստացվում է, որ ես խորհուրդ եմ տալիս: Ներեց ինձ այդ բարի մարդը և տխուր արձագանքեց.

– Խոսել եմ մի քանի անգամ, ադա՛շ ջան, հետո հասկցա, որ ինքը զորություն չունի կնոջ վրա, որոշեցի էլ չխառնվել: Տղաս էլ մի տեսակ սկսել է չխառնվել իմ ու հարսիս հարաբերություններին: Ես էլ մտածում եմ, թող իրար հետ հաշտ լինեն, ես՝ հեչ, էսօր կամ, վաղը չկամ, իրենք երկար են ապրելու, թող սիրով մնան…

Արդեն ուշ երեկո էր, երբ հրաժեշտ տվեցի այդ բարի մարդուն և հյուրանոցի ճանապարհին մտորում էի, թե ինչ ծուռ կտորներ կան այս մեծ աշխարհի մեծ ու փոքր ճանապարհներին, և ինչո՞ւ պիտի իր մի փոքրիկ, շատ փոքրիկ երջանկությանը կարոտ մնա աշխարհին երջանկություն բաժանելու պատրաստ այս բարի մարդը:

…Ռադիոակնարկը, որ եթեր տրվեց մի կիրակի օր, այսպիսի վերջաբան ուներ. «Վարպետ Օնիկը իր ձեռքով կառուցած սեփական միհարկանի տան բակում մի գողտրիկ այգի է հիմնել, հանգուցյալ կնոջ ձեռքով գործած մակրամեով ծառի տակ ճոճք է սարքել, որտեղ ցերեկները իր թոռ Վահիկը սիրում է ճոճվել և հաճախ այնտեղ էլ քնում է: Թե հարսը տան գործերով էր զբաղված, Օնիկը նստում էր ճոճքի կողքին և օրորում էր թոռանը՝ շարունակելով հեքիաթներ պատմել, մինչև երեխան քնի: Հիմա, սիրելի վարպե՛տ Օնիկ, վաստակդ արդեն մեծ է՝ քո առաջացած տարիքի չափ, հիմա երևի արդեն իրավունք ունես հանգստի անցնելու և պապի ամենահաճելի զբաղմունքն ունենալու – նստի՛ր, ուրեմն, ճոճանակի կողքին, օրորի՛ր քո Վահե թոռնիկին ու նրան պատմիր աշխարհի բոլոր հեքիաթները…»:

Հաջորդ օրը, երբ խմբագրությունում խոսում էինք իմ հաղորդման մասին (մենք սովորաբար քննարկում էինք մեր արած գործերը), վարպետ Օնիկը, որ Լենինականից առավոտ վաղ հասել էր Երևան, թափով բացեց դուռը: Մի քիչ ծիրան-ծիրան էր՝ ո՛չ «Բարի լույս», ո՛չ «Աստծու բարին», գյումրեցու անմիջականությամբ վրա բերեց.

– Ադա՛շ, թո՛փ էրա ընկերներուդ, էրթանք ռեստորան:

«Կռունկ» ռեստորանը ռադիոտան կողքին էր: Տղաները, որ ռադիոակնարկի հերոսին ճանաչել էին և հիմա հիացած նայում էին նրա անբռնազբոս պահվածքին, սիրով միացան մեզ:

Ի՜նչ ուրախ էր միշտ լռակյաց Օնիկը, ի՜նչ գեղեցիկ փայլում էին գոհունակ աչքերը:

– Տղե՛ք, հըմի լսեք, թե ադաշս ինձ ի՞նչ նվեր է տվե,- ասաց, բաժակը վերցրեց: Թեթև դադար տվեց. շատ էր հուզված սիրելի Օնիկը, հետո հավաքեց իրեն ու շարունակեց:- Հաղորդումը տնեցիներով, հարևաններով մեր տանը լսեցինք: Ռադիոն հանել էի այգի, հարսս էլ սեղան էր գցել ու մեզ հետ նստել էր: Երբ հաղորդումը վերջացավ, հարսս մոտեցավ ինձ.

– Շնորհավորում եմ, պապա՛:

Վարպետ Օնիկը էլի դադար տվեց, աչքերից գոլ-գոլ արցունք էր հոսում. ժպտում էր արցունքների միջից: Շարունակեց՝ կոնյակի հերթական կումն անելուց հետո.

– Երբ արդեն հյուրերս պատրաստվում էին հեռանալ, հարսս բարձրաձայն, որ բոլորիս լսելի լինի, կանչեց թոռանս.

– Վահի՛կ, պապիկի հետ գնա իր սենյակ, ես սեղանը հավաքեմ:

Վարպետ Օնիկը մի թեթև դադար էլ տվեց. այդ պահին հուզմունքը մարմին առել, դարձել էր վարպետ Օնիկ, պա՛պ Օնիկ:

…Մենք խմեցինք այդ զարմանալի մարդու կենացը և ուրախ, շատ ուրախ էինք, որ ռադիոհաղորդումը ջերմություն էր բերել նրա ընտանիքին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։