Իր ժողովրդի փրկության ափը գտնելու հույսով, բաց ծով դուրս եկած խիզախ նավորդը, իր Երկիրը ժողովրդավար, ազատ,
ինքնիշխան տեսնելու երազանքով ապրող հայը կամ պարզապես իմ ավագ գրչեղբայր և ավագ ընկեր, գրականագետ, մշակութաբան
Թեռլիկ Մակուչյանը
(դիմանկարի փորձ)
Արտաշես ԱՐԱՄ
Թվում է՝ մեր կյանքը պատահականությունների շղթա է, բայց այս երկրի վրա ոչինչ պատահական չի լինում…
Մանկության օրերից մի դրվագ, մի հուշ դաջվել է հիշողությանս մեջ… 60-ականների սկիզբն էր, դեռ դպրոց չէի հաճախում… Եվ քանզի չլսող էի, չար էի և իրասածի, թաղի հասակակիցների հետ ֆուտբոլ խաղալիս գնդակի ետևից գլխակորույս, շնչահև վազել, քրտնել և տաքուպաղի մեջ մրսել ու մրսեցրել էի թոքերս: Իմ Արամ հայրը և Շուշանիկ մայրը անմիջապես, խուճապահար, բժիշկ էին կանչել։ Եկավ։ Իսկ բժիշկը համբավավոր Հովհաննես Մակուչյանն էր։ Թեռլիկ Մակուչյանի հորեղբայրը։ Բժիշկն ինձ ստուգեց, զննեց, պարզվեց, որ թոքերս եմ մրսեցրել, և խորհուրդ տվեց ինձ տեղափոխել հիվանդանոց: «Հիվանդանոց» բառը հասավ ականջիս, և թոքերիս ցավը սաստկացավ։ Ինձ տեղափոխեցին հիվանդանոց… Մեծ մխիթարություն և սփոփանք էր ինձ համար, որ իմ Շուշանիկ մայրը (իր հոգսն ու գործը թողած) իմ կողքին էր։ Եթե մորս ներկայությունն էլ չլիներ, հիվանդանոցային էդ անձուկ պատերի մեջ սիրտս նեղսրտանքից հաստատ ճաք էր տալու… Եվ քնած թե արթմնի, տան մասին էի երազում։ Բժիշկ Մակուչյանը մեզ հաճախ էր այցելում և մի օր էլ նայեց աչքերիս, ժպտաց ու ասաց. «Շատ մի՛ տխրիր, վաղն առավոտյան տա՛նն ես լինելու…»։ Մակուչյանը իր ողջ էությամբ բժիշկ էր (հոգեբան) և խորապես զգացել, հասկացել էր իմ «դարդն ու ցավը»։ Բժիշկն իր խոստումը կատարեց, և հաջորդ օրը, մորս ձեռքը բռնած, բարձր տրամադրությամբ դուրս եկանք հիվանդանոցից և տան ճանապարհին էինք…
Մտածում եմ, որ սույն դիպվածը ինչ-որ կարևոր արարի նախանշան էր: Անցան տարիներ, ավարտեցի դպրոցն ու հայտնվեցի Երևանում… Հանդիպեցի, ծանոթացա Թեռլիկ Մակուչյանի հետ, և ծանոթությունը վերաճեց ընկերության…
Ես, ավաղ, չեմ տեսել, բայց պատկերացնում եմ Թեռլիկ Մակուչյանի մորը՝ առասպելական Արղա Զորիկի՝ Զորայր Մամիկոնյանի ավագ դստերը՝ Արաքսյա Մակուչյան-Մամիկոնյանին: Աշխարհի հետ՝ հաշտ, իր բախտից՝ խռով, այդ զորեղ, կորովի ու կամային կնոջը, սևը ներս արած, սպիտակը՝ դուրս, իր մինուճար զավակի հոգսը մեն-մենակ իր կանացի փխրուն, բայց տոկուն ուսերին առած, ցորեն էրնելիս, երկանք աղալիս, սանդերքին հակված, բուրդ գզելիս, թել մանելիս… Եթե կարեցանք հաղթահարել Մեծ պատերազմի սարսափներն ու մղձավանջները, հետպատերազմյան աննկարագրելի զրկանքներն ու դժվարությունները, ազգովին երախտապարտ ենք հայ կնոջ այդ տեսակին: Եվ քանզի տղաները (սովորաբար) արտաքնապես մորն են նման լինում, պատկերացնում եմ, որ Թեռլիկ Մակուչյանի մայրն էլ արևոտ ու լուսավոր դիմագծեր է ունեցել։
Արևմտյան Հայաստանի Խարբերդ գավառի Թադեմ գյուղում ծնված, մանուկ հասակից ֆիդայի դարձած, Մուրադի խմբում կամավորական մարտերի մասնակցած, 1919-ին ԱՄՆ հանրային գործերով գործուղված Հովհաննես Տեր-Հովհաննեսյանի դուստրը՝ ամերիկահայ ճանաչված բանաստեղծուհի Դայանա Տեր-Հովհաննեսյանը գրում է. «Ե՛րբ մեռել է հայրդ, հայը կասի. Տղաս, արևը քեզ ինի…/Արեգակը նրա տեղափոխվեց քո մեջ/ Եվ դու պիտի ապրես Լույսերի մեջ քո հոր…»։ Եվ գիտեմ, որ Թեռլիկ Մակուչյանը իր ողջ գիտակցական կյանքն ապրեց Մեծ պատերազմում նահատակված իր Գևորգ հայրիկի հիշատակի ոգեղեն լույսերի մեջ։
Դուստրերի՝ Արփենիկի և Նանեի վկայությամբ իրենց հայրը ողջ կյանքում հոր՝ Գևորգ Մակուչյանի շիրմաքարն է անձկագին փնտրել։ Այդ համառ, անձանձիր որոնումները պայմանավորված են եղել մի անկեղծ, նվիրական մղումով. ցանկացել է հոր շիրմաքարի մոտ կանգնած, ևս մեկ անգամ տեղեկացնել նրան, որ ինքը շարունակում է հոր՝ երկրապահի, աննահանջ բերդակալի կիսատ մնացած կռիվը, պայքարը… որ ինքը շարունակելու է մի բուռ մնացած հողի հարատևության համար իր անզիջում պայքարը։
Ավաղ, որբություն ասվածը հաճախ կոտրում է մարդուն, քրքրում, աղճատվում է նրա ներաշխարհը, բարդույթների շղթաների մեջ է առնում մարդու էությունը։ Բայց Թեռլիկ Մակուչյանի պարագայում կատարվել էր ճիշտ հակառակը. որբություն ասվածը, ոտից գլուխ, մարմնով ու հոգով կոփել, զորեղացրել էր՝ դարձնելով նրան հաղթ ու անխոցելի… Սարոյանական Բևեռլի Հիլզի խենթ, անկոտրում հեծանվորդի, թռչող ճոճաձողի (տրապեզ) վրայի խիզախ պատանու նման մտովի սուրում էր իր ծննդավայր Մաստարայի, իր քաղաքամայր Երևանի փողոցներով. մտքով գնում-հասնում էր իր մորական պապ Արղա Զորիկի՝ Մեղրագետի ափին ծվարած Արաղա գյուղը։ Եվ ատամները սեղմած անցել է ուրիշներով, օտարներով բնակեցված, բայց դարձյալ հարազատ մնացած գյուղի փողոցներով, և նույն փողոցները զգացել են իր՝ տեղաբնիկի քայլերը և լուռ շշնջացել են. «Բարով տեսանք, բարով հանդիպեցինք, Թեռլիկ Մակուչյան…»։ Եվ նրա անանց կարոտը, պայծառ թախիծը և արդար ցասումը ալիքվել, ծփացել և խառնվել են Մեղրագետի ջրերին:
Իր երկիրը շենացնելու, հաղթ ու անխոցելի դարձնելու Թեռլիկ Մակուչյանի այդ տիտանական, անձանձիր, որդիական ճիգը, ազգային ինքնությունը (հայեցի դեմքն ու դիմագիծը) պահելու-պահպանելու, մեր հանրային գոյի հետագա ընթացքին ու ճակատագրին առնչվող հարցերն ու տագնապներն էին նրան քնից ու հանգստից զրկել: Իր ծննդյան պահից, մանկան իր անեղծ ենթագիտակցությամբ, իր անուրախ մանկությամբ կռահել էր, որ կյանքը նման է մարտադաշտի։ Իսկ մարտադաշտում հաղթում է (հաճախ կյանքի գնով) առաջին գծում, դավադիր ոսոխի դեմ բացճակատ կանգնած Զինվորը, Հայրենիքի (Պետականության) առջև Սրբազան Պարտքի Գիտակցությամբ տոգորված Մարտիկը։
Դժվար չէ բարեբեր, պարարտ հողի վրա ցանքս անել և առատ բերք ստանալ, բայց Թեռլիկ Մակուչյանն ու իր սերունդը հարկադրված էին իրենց ցանքսն անելուց առաջ, ցանքսի համար նախատեսված տարածքը նախ մաքրել փուշ ու տատասկից, հեռացնել քարակույտերը, ապա նոր միայն ցանքսն անել։ Բայց նա և իր սերունդը այդ սիզիֆյան, տանջալից գործն անում էին անտրտունջ, անվարձ մշակի համառությամբ ու համբերատարությամբ։ Գալիք սերունդների առջև պարտքի խորը գիտակցումով։ Մեր հոգևոր-մշակութային երևելի նախորդներին լուռ երդում տվածի զուսպ արժանապատվությամբ։
«Ցանքսի ժամանակ ուսանիր, քաղին՝ ուսուցանիր, ձմռանը՝ խրախճանիր», – ասում է անգլիացի բանաստեղծ Ուիլյամ Բլեյքը։ Եվ երևելի գրականագետ, մշակութաբան Թեռլիկ Մակուչյանը, հետևելով անգլիացի բանաստեղծի սույն պատվիրանին, «ցանքսի ժամանակ ուսանեց, քաղին՝ ուսուցանեց», բայց, ավա՛ղ, «ձմռանը խրախճանել» չհասցրեց…
Թեռլիկ Մակուչյանը, դարձյալ դուստրերի վկայությամբ, դեռ ուսանողական տարիներից, երբ ինքը բժշկական ինստիտուտի ուսանող էր, իր ժամանակի մեծ մասը անցկացնում էր Ազգային (այն ժամանակ՝ Հանրային) գրադարանի այսպես կոչված «Արգելված գրականության» ընթերցասրահում: Գլուխն առած, ինքնամոռաց քայլում էր ճշմարտությունը բացահայտելու անդնդամերձ արահետով։ Ինքը հո բոլորից լավ էր գիտակցում, որ այդ ահարկու ժամանակներում անհրաժեշտ էր ծայրահեղ զգուշություն դրսևորել, ողջախոհություն ցուցաբերել, որ պետք չէր «գլուխը ցավի տակ դնել», անհրաժեշտ էր, որքան հնարավոր էր, հեռու կենալ սադրանքներից, մատնագրերից, խորհրդային բանտերում և կարցերներում հայտնվելու հեռանկարից:
Քեզ այդպես անխնա զոհաբերության տանելով, այդպես տենդագին ի՞նչ էիր փնտրում, Թեռլի՛կ Մակուչյան… Ի՞նչ էիր որոնում… Ի՞նչն էր այդպես անգթորեն ցավեցնում քո սիրտը… (Գուցե գնդակահարվելուց առաջ մեծն Վահան Թոթովենցի վերջին հուշերից հրաշքով փրկված ինչ-որ պատառիկնե՞ր… ով գիտե)։ Ես գիտեմ (վստահ եմ)։ Խիզախ նավորդի նման դու բաց ծով էիր դուրս եկել, որ գտնես քո ժողովրդի փրկության (հարատևության) ափը… Քեզ խորապես մտահոգում էր, զայրացնում ու անհանգստացնում էր, եթե ինչ-որ տեղ, կուլիսներում, քո ժողովրդի վերընթացը, դեպի վեր ձգվող երթը խաթարելու, նվաստ, նսեմ մտայնությամբ, ինչ-որ կասկածելի տիպերի, պիղծ, ազգադավ կերպարանքների կողմից դավեր էին նյութվում… «Արգելված գրականություն» խոսույթը այսօր որքան էլ պարզաբանես, ստուգաբանես, այսօրվա սերնդի համար մնալու է խորթ և անընկալելի… Իսկ նրա անակնկալ էսսեները հայ և համաշխարհային գրականության երևելիներին առնչվող ու գրականագիտական նրբագեղ արծարծումները, մեկնությունները… Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր գրականագիտական-մշակութաբանական ուսումնասիրության վրա աշխատել է ոչ միայն մտավոր (ինտելեկտուալ) գերլարումով, այլև գրականագիտական, մշակութաբանական յուրաքանչյուր միտք թղթին հանձնելիս ապավինել է իր խենթ, երազող, անհանգիստ ու խռովահույզ սրտին: Դեռ գալու են մակուչյանական ժամանակները. Նարեկացու, Վարուժանի, Չարենցի, Սևակի, համաշխարհային մեծերից՝ Շեքսպիրի, Գյոթեի, Դանթեի մասին նրա գրականագիտական բացահայտումները (պասսաժները) գալիք ժամանակների մեջ նորովի են ընկալվելու… Եվ աշխարհ եկած յուրաքանչյուր սերունդ հայտնագործելու է իր Թեռլիկ Մակուչյանին…
Այստեղ ես պայմանականորեն ամփոփում, եզրափակում եմ քո մասին իմ խոսքը, իմ ավա՛գ գրչեղբայր և ավագ ընկեր Թեռլի՛կ Մակուչյան, և վերջակետ չեմ դնում… Դու քո լուսեղեն բարձունքներից հաստատելու ես, որ մեր զրույցը (Քո երկրային կյանքին հրաժեշտ տալուց հետո էլ) չի ընդհատվել, չի ընդհատվելու և Աստծո կամոք շարունակվելու է…
Հ.Գ. Միակ բանը, որ դու այս արևի տակ չէիր կարող անել՝ հարմարվել-համակերպվելն էր: Եթե ավելի՝ բացենք, վտանգավոր իրավիճակներում գլուխ պրծացնելը և պատասխանատվությունից հրաժարվելը…
Դո՛ւ, Թեռլի՛կ Մակուչյան, Ազգապահպանության պայքարում եղել ու մնում ես ճակատի առաջին գծում, որպեսզի Հայոց Պետականությանը ուղղված առաջին հարվածը դու քո կրծքով փակես…