Միշտ համոզված եմ եղել, որ ժամանակը հենց հավերժություն է, որ այն, որպես մի կատաղի գետ, հոսում է առողջ և զվարթ… բայց ահա, ժամանակը, այդ ամեհի հավերժությունը, ձեռք է բերել մարդկային հատկանիշներ… նա ծերացել է, դարձել մի զառամ, ցնդած ծերուկ, որը հոգածության կարիք ունի: Եվ նրա միակ հարազատը մենք ենք: Իսկ նա չի ընդունում մեզ, չի հաշտվում մեզ հետ, դիմադրում է, չի ընդունում մեր հոգատարությունը, խնամքը, պայքարում է ու վանում: Լավ չէ, որ մեր պայքարը ժամանակի հետ է, որովհետև նա մեզանից զորեղ ու զորավոր է, բայց եթե նա մեզ է ընտրել խաղընկեր, ուրեմն մեր մեջ ուժ ու զորություն է տեսել, ուրեմն մեզ նայել է ինչպես հավասարը հավասարին, իբրև հավերժության… Եվ անցնող տարին, լավ թե վատ, այդ հավերժության ակնթարթներից է:
Սպասելիքներս. նախապես շնորհակալ եմ, ապրես, շատ ապրես, իմ հարազա՛տ, իմ սիրելի՛ ճակատագիր՝ եկող տարի ես կդառնամ վաթսուն տարեկան: Գոհ եմ և զգացված. միշտ համոզված եմ եղել, որ իմ բնավորության և նյարդերի տեր մարդը այդքան չի ձգի, որ ես կլինեմ հայ գրականության հերթական վաղամեռիկը: Հիացած եմ ինձանով՝ այս լարված, մարդակեր օրերում ես դա արեցի: Եթե մոտակա մի քանի ամսում ոչինչ չպատահի, ու հասնեմ երանելի վաթսունին, ես պիտի սկսեմ խորամանկել, մոլորեցնել ժամանակը՝ շա՜տ եմ ուզում այն իմ կողքով անցնի, ես քայլեմ դեպի յոթանասունը, ապա՝ ութսունը, հանգիստ նստեմ ու գրեմ բոլոր այն գործերը, որոնք դեռ պիտի գրեմ, անկախ այն բանից՝ կարդո՞ւմ են մարդիկ, թե՞ ոչ: Եկող տարի կունենամ երկու նոր գիրք: Ուզում եմ, որ գալիք տարում կյանքը այնքան հանգիստ լինի, երկիրն՝ այնքան խաղաղ, որ իմ միակ հոգսը իմ գրքերը լինեն:
Հ.Գ. Արձա՞ն: Իհարկե ուզում եմ: Իմ անունով փողոց նույնպես: Անպայման ծաղկող Հայաստանում: Եթե մինչ այդ մեր գյուղի բոլոր փողոցները անվանակոչված լինեն, համաձայն եմ նաև Երևանին: Բայց դրա համար պետք է համբերել առնվազն քսան տարի, որովհետև նման բաները հետմահու են արվում: