Սուրեն ԴԱՎԹՅԱՆ

ՀԳՄ վար­չութ­յու­նը
շնոր­հա­վո­րում է
բանաստեղծ
­ՍՈՒՐԵՆ
ԴԱՎԹՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամ­յա­կի
առ­թիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է
շնոր­հա­վո­րան­քին

 

***
Նայում եմ իմ փոքրիկ պատուհանից,
Նայում եմ անձրևի լուռ երթին,
Լսում եմ քայլերը նրա զգույշ
Կտուրներին, ապակուս…
Նայում եմ գորշ հեռուն
Եվ արև փնտրում նրանից այն կողմ
Եվ սպասում…
Նայում եմ ու մտածում՝
Ինչքա՜ն, ինչքա՜ն անզոր եմ,
Որ չեմ կարող ոչինչ փոխել,
Նույնիսկ ինքս ինձ և այս ճանապարհը,
Որն ինձնով է սկսվում՝
Խոնավ ու անհասցե
Իմ մեջ հեղվելով…
Նայում եմ ու անձրևում
Կտուրներին, ծառերին, ապակուս…
Նայում եմ ու մրմնջում.
– Օ՜, կյա՜նք, օ՜, որոնումնե՜ր,
Երբեք, երբեք դադա՛ր չառնեք ներընթերցելիս,
Անցե՛ք գոյության պատրանք-ճամփեքով՝
Ըմբռնելով գեղեցկությունն ամեն նոր օրվա,
Եվ շարունակե՛ք
սևագիր մնալ հոգուս էջերին…

***
Մի՛ փորձիր անարտահայտելին
բառերի մաղին տալ.
լռի՛ր… լսի՛ր Լռությանը,
նրա լեզուն սովորի՛ր,
ձեռքդ վրձնին մի՛ տար,
ստեղները մի՛ ճանկռիր
և գրիչը թո՛ղ կապտարյուն.
թող ճախրի՜, թո՜ղ. ցած մի՛ բեր անթևին,
լռի՛ր… որ տեսնես…
քեզ չեն հասկանա. ոչի՜նչ՝
կծաղրեն, քմծիծաղ կտան, լա՜վ է,
չեն գիտակցի
պատճառները բաժանման, ճի՜շտ է,
չեն տեսնի փշրված հայելում
կտրված պորտալարը անշունչ. դա է կյանքը,
և չեն նայի իմ աչքերով,
որ վերածնվեն ծաղկած քարերին՝
Լույսի զարմանքով…
Ամեն ինչ լա՜վ է…

***
Կրկին փակվել են դռները ներսի,
Եվ մռայլ դրսում քեզ չեն սպասում.
Մենակությունը՝ պատանքի շապիկ,
Պատել է ողջը, ոչինչ չի ասում,
Ասես շարժումը կանգնել է վիհին,
Չի գահավիժում ո՛չ ետ, ո՛չ առաջ…
Բա՛ց իմ աչքերը, գերգիտակցությո՛ւն,
Կամ ու չկամի Չգոյության մեջ
Բռնի՛ր ձեռքերը հոգուցս աճած,
Ես եմ անհունը, ամփոփվի՛ր իմ մեջ,
Որ Մարդը ծնվի Մահվան տեսիլքից…

***
Անթիվ օրերի անդեմ ժխորում
Աղմուկն եմ ծամել իմ առօրյայի
Եվ բաց աչքերով, խորը նիրհի մեջ
Ոչինչ չեմ տեսել, չեմ լսել ոչինչ,
Բայց երեկ գիշեր բաց պատուհանից
Իմ բակի շքեղ երկու եղևնին,
Հենց քամին անցավ,
Խոսեցին իմ մեջ
խնկե բառերով.
Ես բուրմունք դարձա…

***
Հանդա՜րտ
անձրև-աղջիկ,
Փոխի՜ր էությանս
կեսօրը
մահամերձ.
Ես չեմ ուզում
Աշնան թաց
աչքերում լուծվել
Եվ կամ երգը սղագրել անշունչ տերևների,
Աշնան ներսում անաշուն անձրևելով
Երանի տալ բնությանը,
Որն ապրել է սովորեցնում
Եվ սովորեցնում է ապրել սիրելով…

ՄԻՄԵՍԻՍ
Իրականության տեսարաններում
Ոչինչ կախված չէ բեմի չափերից,
Լոկ ժամանակն է տարածության հետ
Տեքստից ներսուդուրս թափառող սյուժե…
Անսկիզբ ու անվերջ, անսահմանելի,
Իբրև ծպտված տասներկու մուսա՝
Ծածկագրերն են անէ բեմադրում՝
Դիմափոխելով կյանքը աբսուրդի.
Այստեղ դերասան ու հանդիսատես
Գործող կերպար են նույն շրջանակում,
Լղոզված գույներ՝ պատից ծորացող,
Սրբապատկերի աղոտ հայացք են՝
մահը գուշակող,
Դալուկ մատների և
ստվերների սարդոստայններ են,
Անվերջը ձաղկող նմանակումներ
Եվ միստերիաներ բանաստեղծության…
Հանդիպման սպասում…

Բաբելոնյան ճիչերը խեղդել են աշխարհը:
Համացանց-գազանը մռնչում է:
Կոտորակված օդը թոքերս է լցվում,
Արյունս Մորզեի տակտով է շաչում,
Աղմուկից համրացել է թռչունը ներսիս,
Թառել է շուրթիս, որ անգետի կանչից
Չվերափոխվի նրա մասնիկի…
Օ՜, լռությա՜ն ալիք,
Ջրերի երեսից հավաքի՛ր
Աղերսը ծովերի,
Եվ դու, քամի՛, ցրի՛ր հավքերը սև ամպերի
Ու կապտաչ խինդո՛վ լցրու կարոտը անհունի.
Լսո՞ւմ ես՝ ինչպես է խոսում կեչին ամեհի,
Ինչպես են փախչում ամպերը սգավոր՝
Լուսնի չանչերից ազատագրված,
Ինչպես է ժպտում շիկնանքով բացված
Գիշերածաղիկը՝ պեպենոտ-աղջիկ…
Լսո՞ւմ եք… երբ հասնեմ Ծիրին,
Թողե՛ք ինձ, իմ հի՛ն ընկերներ,
Ես մենակ, բաց ճակատով
Կդիմավորեմ թանձր Լույսին,
Որ լսեմ բառերը անմեկնելի անձրևների՝
Դառնալով հաղորդիչը
Ահեղ Լույսի և հողի,
Որ սլաքները՝ ինձնով անցնող
Երգեհոնի հնչյունի պես հնչեղ,
Շարունակեն թռիչքը
Ավերակներով Կյանք-երազի
Եվ վերադարձի անվերջ կռինչով…
Ես հիմա պատրաստ եմ մեռնել,
Որ դու ծնվես, իմ մանկի՛կ,
Եվ դա կլինի այն ամենալավը,
Որ կարող էր պատահել
Արարի վերջում…
Այս ետնաբեմում…

***
Ես մոռացել եմ
Շատ բան և ոչինչ,
Եվ վատ ասողին ու նաև լավին,
Դեմքեր սիրելի և կեղծ, սարքովի…
Ես մոռացել եմ
Եվ էլ չեմ հիշում
Տողերը հուր համբույրներիդ,
Լիալուսինը ցորենագույնի՝
պատմուճան հագած,
Երբ լուսնափոշու անէության մեջ
Ոտնահետքերն էինք որոնում առաջինների…
Ես մոռացել եմ
Ե՛վ գարունները՝ արյուն գժվեցնող,
Ե՛վ ամառների մերկ սրունքները,
Ե՛վ աշունները՝ բյուր բնորդներով…
Ես մոռացել եմ
Ե՛վ ձմեռները՝ թղթի պես սարսուռ,
Ե՛վ փաթիլները մանրանկարիչ,
Եվ հանդիպումի ու
բաժանումի կայարանները…
Ես մոռացել եմ,
Բայց անհնարին մի տող եմ հիշում
Առաջին դողի այն Լույս ցնծությամբ,
Որի շնորհը վտիտ ուսերիս կրում եմ հիմա՝
Որպես իմ հոգու պսակ ու կնիք…

***
Ես զգում եմ՝
Մեկը կանչում է…
Մեկը հուսահատ
Ինձ կարոտում է
Իր մենությունից…
Մեկը զանգում է,
Արտասվում իմ մեջ…
Մեկը, իմ հոգին
Իր հոգուն կապած,
Հար անձրևում է տողատակերին…
Մեկը մեռնում է
Եվ հոգեվարքում ինձ է նա հիշում,
Ինձ է նա կանչում խոստովանության.
Եվ ստանալով հաղորդությունը՝
Էն հեռո՜ւ հեռվից
Մեկը մաքրված լուռ հեռանում է…
Մեկը կանչո՜ւմ է…

ՏՂԵՐՔԻՆ
Դուք մահվան թևերին ծածանեցիք
Ձեր կյանքը իբրև դրոշ,
Որ մենք հասկանանք՝
Հավերժականը հանդերձյալ աշխարհի հետ
Ոչ մի կապ չունի,
Այդ խելահեղությունը եզերող կյանքն է
Փորձում ազատվել
քաղքենիական ողջախոհությունից,
Ուզում է լինել բնության պես
անկաշառ ու սիրով,
Սակայն քննական միտքը
մնում է գերի իր եսին.
Նա հակոտնյա իմացության
որոնումներից հոգնել է,
Էլ չի ուզում ոչինչ փնտրել,
Հավատալ կամ էլ գրածով ապրել…
Սա անհատի գանակոծված դրաման է՝
Աշխարհի աղավաղված բեմում՝
Մի տեղ, ուր բոլորն են բախտի խաղալիք
Եվ պտտվում են՝
այրելով թևերը մոմի լույսերում,
Մահվան խրախճանքում՝
Տալով հողինը հողին,
Աստծունը Աստծուն…

ԱՓՍՈՍ
Ես խրամատ չմտա, տղե՛րք,
Ես դրսում եղա ձեր կապավորը
Եվ մեր սրտերին կապեցի
Շնչառությունը ձեր
Ե՛վ վախերը մարդկային,
Ե՛վ հերոսությունը աննկարագրելի,
Ե՛վ ապրումները տղայական,
Ե՛վ ոգին, որ դեռ պիտի
փոխի կաղ այս ժամանակը…
Ափսո՜ս, շա՜տ ափսոս՝
Խրամատում չեղա, տղե՜րք,
Որ ես ընկնեի՝ զենքը ձեռքիս,
Ու դուք շարունակեիք
Իմ գործը կիսատ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։