Սեպտեմբերի 30-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի սաները հյուրընկալել էին ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց սահմանների պաշտպանության ժամանակ նահատակված մարտիկների հիշատակը: Միջոցառման նախաձեռնող, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի աշխատակից, «Արվեստագետ» հանդեսի խմբագիր Իվան Անտոնյանը ներկայացրեց Մ. Միկոյանի ստեղծագործական կենսագրությունը:
Ելույթներով հանդես եկան աշակերտուհիներ Լաուրա Ավետիքյանը՝ երգի կատարումով, իսկ Լիանա Խաչատրյանը, Ինեսա Հարությունյանը, Անժելա Ելողյանը, Աննա Հարությունյանը, Թերեզա Ղազարյանը, Ելենա Մատինյանն ու Միլենա Օդաբաշյանը՝ Մ. Միկոյանի բանաստեղծությունների ասմունքով: Խոսք ասացին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Արմեն Խառատյանը, գեղանկարիչ, Հայաստանի և Ռուսաստանի նկարիչների միությունների անդամ Կառլեն Քոչինյանը:
Միջոցառմանը ներկա դասախոսները, ուսուցիչները, ուսանողներն ու աշակերտները տարաբնույթ հարցեր ուղղեցին հյուրին՝ ստանալով հետաքրքիր և սպառիչ պատասխաններ: Վերջինս հարցերին պատասխանելիս դրվագներ ներկայացրեց իր ստեղծագործական կյանքից, կարևորեց գրականության, ընթերցանության դերը երիտասարդության ինտելեկտուալ զարգացման գործում: Մ. Միկոյանն իր խմբագրած գրական «Երկունք» պարբերականի վերջին երեք տարիների հավաքածուն նվիրեց ավագ դպրոցի գրադարանին՝ այն հանձնելով վաստակաշատ գրադարանավարուհի Սիրուն Տավարածյանին:
Միջոցառումը նկարահանում էր «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող՝ Իվան Անտոնյանի հեղինակային «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի օպերատոր Ժորա Վարդանյանը: