ՍՈՆՅԱ ՇՐԱՅԲԵՐ ՎԱՅՑԻ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԵՆ

Հոլոքոստ վերապրած Սոնյա Վայցն (1928-2010) իր կյանքի նպատակը դարձրել է հրեաների ցեղասպանության սարսափների մասին ողջ ճշմարտությունը ներկայացնելը: «Խոստացա, ես կպատմեմ» խորագիրը կրող անգլերեն հուշագրությունը հեղինակի կյանքի պատմությունն է` հյուսված լուսավոր ապագայի նկատմամբ խոր հավատով լցված մարդու հայացքով և համեմված բանաստեղծական հուզիչ պատկերներով:
Սոնյա Վայցի հուշագրության հայերեն թարգմանության շնորհանդեսը ոչ զուգադիպորեն տեղի ունեցավ ապրիլի 10-ին «Զանգակ» գրատանը:
Գրքի թարգմանիչ, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը ներկայացրեց հուշագրության հայերեն թարգմանության և հրատարակության ուշագրավ փաստեր. 2015 թ. Հարվարդի համալսարանի գրադարանում կարդացել է գիրքը, տպավորությունն այնքան մեծ է եղել, որ Բոստոնում հանդիպելով հեղինակի դստերը` Սանդրա Շրայբեր Վայցին, ստացել է գիրքը թարգմանելու համաձայնությունը: Անգլերենի նրբությունների խորհրդատուն թարգմանչի դուստրն է` Բոստոնի Նորթ Իսթերն համալսարանի իրավագիտության դոկտոր Հասմիկ Մարտիրոսյանը, ով նաև Ա. Դոլուխանյանի արտերկիր կատարած ուղևորությունների ընկերն ու ոգևորողն է:
«Զանգակ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը, որի ջանքերով հայերեն հրատարակվել է «Խոստացա, ես կպատմեմ» գիրքը, կարևորեց Ա. Դոլուխանյանի և «Զանգակ» հրատարակչության երկարամյա համագործակցությունը, որի խոսուն վկան ոչ միայն ներկա հուշագրությունն է, այլև պահանջարկ վայելող տասնյակից ավելի գիտամեթոդական ձեռնարկներն ու ուսումնասիրությունները: «Դա խոսում է այն մասին, որ Դոլուխանյանի գրքերը պահանջված են»,- իր խոսքն ամփոփեց Ս. Մկրտչյանը:
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշեց, որ «Խոստացա, ես կպատմեմ» հուշագրությունը պահանջված է, և գրքի առաջացրած հիրավի մեծ հետաքրքրությունը վկայում է այն տխուր փաստը, որ մարդիկ շարունակում են չար մնալ մինչ օրս: «Անգամ այսօր կոտորում են իրար: Այս հուշագրությունը գեղարվեստորեն դատապարտում է չարությունը և դաժանությունը»,- շեշտեց ակադեմիկոս Յու. Սուվարյանը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի համոզմամբ. «Ժողովուրդները հավաքական ուժով չարին պիտի դիմադրեն: Ես այս գրքի հրատարակումը մեծ գործ եմ համարում: Գիրքը թարգմանված է բարձր մակարդակով, հրաշալի հայերենով»,- իր ելույթը եզրափակեց Էդ. Միլիտոնյանը:
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բան. գիտ. դոկտոր Վարդան Դևրիկյանը փաստեց. «Թարգմանված ցանկացած գիրք նվազագույնը երկու արժանիք ունի: Այս դեպքում առաջինը տիկին Դոլուխանյանի սեղմ և տարողունակ առաջաբանն է, որում հայերի տեսանկյունից է ներկայացվում երևույթը: Երկրորդը թարգմանության այն գեղեցիկ հայերենն է, որի շնորհիվ ստեղծվում է ընթերցողին հուզող հարազատ միջավայր»:
«Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր, բան. գիտ. դոկտոր Անուշավան Զաքարյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հատկապես Ա. Դոլուխանյանի թարգմանչական գործունեության վրա և կարևորեց այն փաստը, որ գրքի առաջաբանում Ս. Վայցն իրավացիորեն նշում է, թե երիտթուրքերի կազմակերպած՝ հայերի «մոռացված ցեղասպանությունը», դրա անպատժելիությունը հանգեցրեց հրեաների Հոլոքոստին: Ելույթ ունեցողը նշեց նաև, որ գրքի շնորհանդեսին կարևոր էր նաև հայաստանաբնակ հրեական համայնքի ներկայացուցիչների ներկայությունը:
ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն արժևորեց հուշագրությունը որպես օրագրային կառուցվածք ունեցող գեղարվեստական վավերագրության տեսակ: Աղբյուրագիտական նշանակություն ունենալուց բացի, Գալստյանն ընդգծեց թարգմանության բառարանային գործաբանական արժեքը, ինչպես բառ-պատկերների յուրօրինակ մեկնությունները, օտար բառերի բացատրությունները: Գիրքն ավելի է շահել, երբ Ա. Դոլուխանյանը ներկայացրել է լեհերենից, անգլերենից, գերմաներենից և ֆրանսերենից կատարված որոշ բառերի և դարձվածքների հավելյալ բացատրություններ: Գալստյանը հույս հայտնեց, որ «այս օրագրից հատվածներ պիտի տեղ գտնեն դպրոցական ընթերցարաններում»:
Ըստ ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող Կառլեն Նազարյանի՝ «Այս հուշագրության թարգմանությունը մի անգամ ևս հնարավորություն կտա «առերեսվելու» պատմությանը և կատարելու դատողություններ»:
Շնորհանդեսի ավարտին ներկայացվեց 10-րոպեանոց տեսաֆիլմ` նվիրված Ս. Վայցին և «Խոստացա, ես կպատմեմ» հուշագրությանը: Սոնյա Վայցը գրել է դաժանությունների և ոճրագործությունների մասին, բայց նրա «Խոստացա, ես կպատմեմ» գիրքն ազդարարում է կյանքը, «լույսը, ապրելու այն մեծ մղումը», որն առաջնորդում է նախ երիտասարդությանը: «Այս գործում շատ են ուսուցողական դասերը, և ես այն թարգմանել եմ մեր երիտասարդության համար»,- ամփոփում է թարգմանիչ Ա. Դոլուխանյանը:
Լիլիթ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀՊՄՀ հայ հին և
միջնադարյան գրականության
և նրա դասավանդման
մեթոդիկայի ամբիոնի դոցենտ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։