Ապրիլի 20-ին «Ազգային գրադարանային շաբաթի» շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանը կազմակերպել էր հանդիպում բանաստեղծ, «Ծիծեռնակ» հանդեսի խմբագիր Անուշ Վարդանյանի հետ: Անուշ Վարդանյանը, գրադարանի աշխատողներին համարելով նվիրյալներ, խոստովանեց, որ գրադարանի գործը շատ հոգեհարազատ է իրեն, քանի որ 15 տարի աշխատել է Ազգային գրադարանում, խմբագրել է «Հիշարժան տարեթվեր» օրացույցը: «Այդ գրադարանի շնորհիվ մեծ գիտելիքներ կուտակեցի, ինչպես նաև ծանոթացա հայ ժողովրդի այնպիսի մեծությունների հետ, որոնց անունները այսօր նույնիսկ կարող են չհիշել»,- ասաց նա և անդրադարձավ հայ ժողովրդական հեքիաթներին: Նրա հավաստմամբ՝ դրանք միանգամայն տարբերվում են աշխարհի ժողովուրդների հեքիաթներից իրենց բարությամբ և մշտապես բարու հաղթանակով: Այդ առումով, բարձր գնահատեց Հովհ. Թումանյանի փոխադրած հեքիաթները, որոնք տարբերվում են բնօրինակներից: «Հայկական հեքիաթները գալիս են հայ ժողովրդի իմաստնությունից»,- շեշտեց նա: Ապա անդրադառնալով իր ստեղծագործական գործունեությանը՝ Ա. Վարդանյանը տեղեկացրեց, որ գրել սկսել է 40 տարեկանում: «Քնել-արթնացել եմ և որոշել եմ գրել»,- ասաց նա: Ա. Վարդանյանը խոսեց նաև բնության և մարդու փոխկապվածության, մարդու կողմից կործանիչ զենքեր կիրառելու և բնության կողմից պատժվելու, նյութական և հոգևոր արժեքների, հոգևոր բարձունքի ձգտելու և հասնելու, այդ գործում ուսուցիչների մեծ դերի, հայ ընտանիքի, Սփյուռքի համախմբման և Հայաստանը ողջ հայության երկիրը դառնալու մասին: Ելույթ ունեցան նաև գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը, միջոցառումների բաժնի վարիչ Աստղիկ Սահինյանը, մանկագիր Սաթենիկ Ղազարյանը:
«Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի սաները կարդացին Անուշ Վարդանյանի բանաստեղծություններից:
Սեփ. լրտ.