Գրականություն, որ ուղղված է մարդուն ճանաչելուն

 

 

 

Մայիսի 16-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի, արձակագիր, Խանդութի «Պալատի ուրվականը» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը, որը նախաձեռնել էր ՀԳՄ արձակի և հրապարակախոսության բաժանմունքը:

ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, փաստելով, որ Խանդութի գրականությունը մի ուղղվածություն չունի, ընդգրկված են թե՛ սոցիալական, կենցաղային,  թե՛ հոգևոր հարցեր, մարդկային հարաբերություններ, մանրամասնեց. «Այսինքն` հող-երկինք հարաբերությունը անտեսված չէ, միայն հողային չէ, գետնամած չէ, այլև հոգու թռիչք ունի դեպի երկինք, դեպի Աստված»: Ապա կարևորելով նաև Արցախյան ազատամարտի թեմատիկայի արտացոլումը գրքում` Պ. Դեմիրճյանը նկատեց, որ Խանդութի գրականությունը ուղղված է մարդուն ճանաչելուն:

Բանաստեղծ Արևշատ Ավագյանի հավաստմամբ` Խանդութը մարդկային բոլոր զգացողությունների խտացումն իր մեջ ունեցող անձնավորություն է: «Խանդութի հետաքրքրությունների շրջանակում միշտ Հայաստանն է, Արցախը, նրա մտահոգությունները երկրային և երկնային ընդգրկում ունեն»,- ասաց նա:

Արձակագիր Շնորհիկ Շահինյանը, Խանդութի արձակը համարելով բազմաշերտ, նշեց, որ «Պալատի ուրվականը» գրքի գրեթե բոլոր պատմվածքներում խոսքը կտրուկ է, դիպուկ, իր նկարագրություններով մերթ հասնում է գրոտեսկի, մեկ էլ` դառնում քնարական:

Ելույթ ունեցան նաև Թորոս Թորանյանը, նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը, դերասան Սամվել Բաղինյանը և ուրիշներ: Ամիրան Գալստյանը և Մայրանուշ Գրիգորյանը հատվածներ կարդացին գրքից: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Խանդութը: Շնորհանդեսը վարում էր արձակագիր Ալիս Հովհաննիսյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։