ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Թումանյանը աչքի էր ընկում հպարտության և բարձր արժանապատվության զգացումով: Նա երբեք չէր տրտնջում զրկանքներից, նյութական միջոցներ չունենալուց, և շատերի համար ոչ թե բազում պարտատերեր ունեցող, ինչն իրողություն էր, այլ ապահովված մարդ էր, ինչն առասպել է: Դուստրը` Նվարդը, վկայում է, որ հայրն ամենուր «իրեն պահում էր հարուստի նման», միշտ առաջնորդվում էր «Աստված եղածը օրհնի» սկզբունքով: Նույնիսկ պատանեկության տարիների ընկերների աչքից չէր վրիպում պոետի բնավորության այդ գիծը: Նրանցից մեկի` Արսեն Ղլտճյանի խոսքերով, պատանի Թումանյանը «Շատ քաշվող էր, համեստ, միևնույն ժամանակ շատ հպարտ էր, ինքնասեր և դյուրազգաց»:
Երբեք հանուն ոչ մի անձնական շահի պոետը չի նահանջել իր սկզբունքներից, ավելին, նա հաճախ է գիտակցաբար տուժել իր արժանապատիվ կեցվածքից: Նրա հպարտությունը դրսևորվում էր և՛ անձնական, և՛, առաջին հերթին, հասարակական կյանքում: Բոլորն էին խոստովանում, որ պոետը բնավորությամբ «հպարտ էր, ազնվական, ուժեղ, ուներ ուժեղ տեմպերամենտ»:
Թումանյանին բնորոշ էր պայքարի մեջ մտնել այլոց համար և հատուցել սեփական շահով: Սկզբունքայնությունն ու ուղղամտությունը ձուլվում էին պոետի հպարտ նկարագրին և մշտապես վնասում նրան: Հանուն Շիրվանզադեի հեղինակային իրավունքի` նա հրաժարվում է Հրատարակչական ընկերության հետ ստորագրած մի պայմանագրից, որից նա ստանալու էր նյութական եկամուտ, և արդեն ստացած ավանսը վերադարձնում է: Թումանյանը իր հրաժարականը բացատրում է նրանով, որ Հրատարակչական ընկերությունը «անփույթ է գտնվում դեպի գրողի դատն ու պատիվը… Ես միայն զգացմունքներով կարող եմ կապված լինել ընկերության հետ և ոչ թե թարգմանության պատվերներով, իսկ երբ զգացմունքները վերացած են մեջտեղից, մեր մեջ չի կարող լինել որևէ հարաբերություն»:
Գրական ֆոնդի ստեղծման առաջին իսկ օրերից` իբրև գրողների ընկերության նախագահ, ամեն կերպ ձգտում էր հասարակության աչքում բարձր պահել գրողի հեղինակությունը: Երբ նրա նախագահած տասնյակ ընկերություններից որևէ մեկի նկատմամբ հանրային հարձակում էր տեղի ունենում, նա այնպիսի կրքոտությամբ էր պաշտպանության տակ առնում այդ հաստատությունները, որ ձեռք էր բերում անձնական թշնամիներ: Նույնիսկ իր կենցաղավարությամբ փորձում էր բարձր պահել հայ գրողի պատիվը: «Մեզանում ընդունված է,- ասում էր նա,- որ հայ գրողը միշտ զուրկ ու նեղ ապրի, ներքի հարկում, մութ ու խոնավ փոքրիկ սենյակում, իսկ ես, ընդհակառակը, միշտ բարձր հարկերումն եմ ապրում, լեն ու բոլ, ուրախ և լավ էլ ապրում եմ ու հյուրասիրում, ցույց տալիս, որ հայ գրողը կարող է և պետք է լավ ապրի»:
Մշտապես լինելով կարիքի մեջ` Թումանյանը հաճախ է հրաժարվել նյութական օգնությունից, թոշակներից ու նպաստներից, եթե մատուցման ձևի մեջ զգացել է ինչ-որ վիրավորական մի բան: 1901թ. Բաքվի հայ գրասերներից պարբերաբար ստացվող նյութական օժանդակությունը բանաստեղծին դադարեցվում է, ապա որոշվում է վերականգնել` նրան անձամբ Բաքվում տեսնելու պայմանով: Սակայն պոետը հրաժարվում է` բնորոշելով առաջարկը «անվայել» ու գրողի արժանապատվության դեմ (9, 249), և հայտարարում է. «Գրողի հետ չպետք է պայմաններ կապել»:
1903թ. ժողովածուի հրատարակության ծախսերը հոգալու և իրեն ապահովելու նպատակով նրա հովանավորները կազմում են դիմում-շրջաբերական` ակնկալելով բաժանորդների թվի աճ` ընդգծելով, որ իրենց բուն նպատակը հեղինակին հասանելիք արդյունքի մեծացումն է: Գրողի արժանապատվությունն այնպես է ընդվզում, որ չի հանդուրժում ոչ մի բացատրություն, դիմում-խնդրագիրը արդարացնող ոչ մի պատճառաբանություն: Նա կտրուկ մերժում է իր կամ իր ընտանիքի անվան հիշատակությամբ որևէ մեկին դիմելու և այդ ճանապարհով նյութապես իրեն աջակցելու առաջարկը. «Ես միանգամայն հրաժարվեցի… այդ դեպքը, որ մեզանում ոմանց նախանձն է շարժել, այնքան խիստ ազդեց ինձ վրա…»: Դիմելով Ֆիլիպին` նա գրում է. «Ասում եմ, հիշեցնում եմ, որ սիրես` բացի իմ ֆիզիկական առողջությունը, մի քիչ էլ հոգու հպարտությունը… Ի՞նչ անենք, որ բանաստեղծ լինելով, նյութական նեղության մեջ լինելով, ապավինած եմ մի քանի մարդու օգնության: Մի՞թե դեռ պետք է շրջաբերականով հռչակեմ իմ խեղճությունն ու նպաստներ ժողովեմ… Այդ դիմումը չպետք է լինի»: Դիմումի հեղինակներից իշխանուհի Մարիամ Թումանյանին գրում է. «Ավելի ծանր ու դժվար դեպք չի կարող լինել երբեք, քան երբ մարդու` իրեն ապրելու և իր ընտանիքը պահելու հոգսն ու խնդիրը դուրս է գալի իր ձեռքից ու դրվում հրապարակ…»: Հոգեկան այս ապրումներից բանաստեղծի մոտ ուժեղ անքնություն է առաջանում, նա սաստիկ նիհարում է («տասը օրում` վեց ֆունտ»): Ահա թե ինչու բժիշկներն են սկսում անհանգստանալ հիվանդին նյարդայնացնող զանազան դիմումների հարցով: Եվ նույնիսկ բժիշկներն են խորհուրդ տալիս իշխանուհուն հանուն պոետի առողջության խնդիրը չբարձրացնել հրապարակայնորեն: Արդյունքում ընդամենը մի քանի օրում «հաղթում» է Թումանյանը, և այդ դիմումին ընթացք չի տրվում: Բանաստեղծն ինքն իրեն զրկում է նյութական այնպիսի օժանդակությունից, որի շնորհիվ կարող էր ապահովել իր բազմանդամ ընտանիքի ապրուստը:
Թումանյանին հուզում էր յուրաքանչյուր գրողի արժանապատվությունը: Նա Գրական ֆոնդը ձևավորելիս որոշում է կայացնում երբեք չդիմել անհատների կամ մեծահարուստների: Նա զայրանում էր, երբ գրողների մասին խոսելիս շատերը իբրև հարգանքի ու կարեկցանքի նշան բարձրացնում էին «լալկանության ու հառաչանքի ողորմուկ ձայնը», երբ ընդգծում էին գրողի թշվառությունը: «Վիրավորական հարգանք» հոդվածում գրում է. «Ասպետական զգացմունքը պակասում է մեր մեջ: Մեր մարդը սիրում է խեղճությունն ու լացը և զարդարվում է նրանցով… Ամոթ է վերջապես»:
Հպարտ էր նաև ստեղծագործելիս, ինքն էր գրական ու գեղարվեստական ճաշակ թելադրում և երբեք չէր հարմարվում ցածրաճաշակ արվեստի պահանջարկին. «Ես իմ ողջ էությամբ ապրում եմ մարդկային կյանքից ավելի մեծ կյանքով, հենց էնպես, ինձ համար, և անընդունակ եմ մի որևէ վանդակի մեջ փակվելու ու էն տեսակ երգեր երգելու, որ ձեզ դուր գամ»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։