Օրերս Հայ-ռուսական համալսարանում հայոց լեզվի և գրականության ամբիոնի կողմից կազմակերպվել էր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, որի կազմակերպման պատասխանատուն բ. գ. թ., դոցենտ Ռ. Ավետիսյանն էր:
Ցերեկույթն այնպես էր մտահղացված, որ ծրագրի և՛ ձևին, և՛ հատկապես բովանդակային կողմին մասնակցեն, առաջին հերթին, ուսանողները, ապա` հյուրերը և, իհարկե, դասախոսները:
Բացումը սկսվեց Ս. Կապուտիկյանի ձայնով. նա ասես համալսարանի ուսանողներին պատգամեց, որ ուր էլ լինեն, ուր էլ գնան` մայրենին չմոռանան: Սա հատկապես խորհրդանշական է հնչում Հայ-ռուսական համալսարանում, քանի որ համալսարանի ուսանողների մեջ զգալի թիվ են կազմում արտերկրից եկած հայազգի սովորողները, որոնցից շատերն այս տարի են սկսել սովորել հայերեն: Եվ շատ հաճելի էր, որ նրանք ամենաեռանդուն մասնակցությունն ունեին հենց այս միջոցառմանը: Ծրագիրը վարում էր տնտեսագիտական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Նելլի Ամիրխանյանը, որն իր խոսքում մեջբերեց Ավետիք Իսահակյանի` 1955 թ. տված գնահատականը Ս. Կապուտիկյանին:
Բացման խոսքով հանդես եկավ և գնահատանքի ջերմ խոսքեր ասաց հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ. գ. դ., պրոֆեսոր, Կապուտիկյանի ստեղծագործությունն ու անձը մոտիկից ճանաչած գրականագետ Ա. Եղիազարյանը:
Բանաստեղծուհու և Հայ-ռուսական համալսարանի միջև միշտ ջերմ հարաբերություններ են եղել, որոնք դեռ 2005 թ.` բանաստեղծուհու մահից մի տարի առաջ, պսակվեցին նրան համալսարանի բարձրագույն պարգևով` ադամանդակուռ արմավենու ճյուղով պարգևատրելով: Արդեն պատմություն դարձած այս արարողությունից առանձին կադրեր ցուցադրվեցին:
Ուսանողները սիրով ու զգացմունքով կատարեցին Ս. Կապուտիկյանի ինչպես սիրային, այնպես էլ մորը, հայրենիքին նվիրված բանաստեղծությունները: «Մախմուր աղջիկը» երգեց լեզվաբանության առաջին կուրսի ուսանողուհի Տ. Գալստյանը, պարային կատարումը` նույն կուրսի ուսանողուհի Մ. Մարտիրոսյանի, նվագակցեց հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բ. գ. թ. Անի Փաշայանը, «Թե աչքերս քեզ որոնեն» երգի կատարումով հանդես եկավ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երրորդ կուրսի ուսանողուհի Լիա Հարությունյանը, որը նվագակցեց նաև մյուս երգերի կատարումներին: «Մայրիկիս», «Ես ամեն ինչ արի», «Կարոտի պահին», «Դու վայրի ժայռի ծայրին», «Դու հեռացար» և էլի ուրիշ բանաստեղծությունների ու երգերի կատարումով հանդես եկան բանասիրության, լեզվաբանության, տնտեսագիտական բաժինների առաջին կուրսեցիներ Մելինե Մկրտչյանը, Լուսինե Մարտիրոսյանը, Մերի Մարտիրոսյանը, Աննա Հովեյանը, Մարի Մնացյանը և ուրիշներ:
Հրավիրված հյուրերից ելույթ ունեցավ Ս. Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Ա. Դեմիրճյանը, Կապուտիկյանի հետ ունեցած իր բարեկամությունից հուզիչ դեպքեր պատմեց, ապա «Քելե լաո» բանաստեղծությունն արտասանեց Սիլվա Յուզբաշյանը, դահլիճը ջերմ ծափերով ու ողջույններով ընդունեց Երևանի պոեզիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, արվեստագետ Արթուր Սարգսյանի` Ս. Կապուտիկյանի «Մտորումներ ճանապարհի կեսին» ստեղծագործությունից ընտրված հատվածի ընթերցումը:
Ցերեկույթն ավարտվեց կազմակերպչի` Ռ. Ավետիսյանի շնորհակալության ու փակման խոսքով, որը նաև փոխանցեց ռեկտորատի որոշումը լավագույն մասնակից ուսանողներին պատվոգրերով ու գրքերով պարգևատրելու մասին:
Ժենյա ՌՈՍՏՈՄՅԱՆ