Հրաչյա Սարուխանը սեպտեմբերի 3-ին կդառնար 75 տարեկան: Լոռու մարզային գրադարանում սեպտեմբերի 20-ին կազմակերպված քննարկումը նպատակ ուներ ևս մեկ անգամ արժևորելու բանաստեղծի գրական մեծ վաստակը: «Հրաչյա Սարուխանը հայ պոեզիայի համաբնագրում իր ուրույն տեղն ունեցող պոետ է: Ուշագրավ է, որ Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթը և Սարուխանի «Կրկնաաղերս» բանաստեղծությունը զուգորդվում են ապագայի նկատմամբ տարակուսանքի արտահայտության հարթությունում: Արձակագիր Արմեն Օհանյանը (Հայաստանցի) «Կիկոսի վերադարձը» պատմվածքում գրում է, որ Թումանյանի երեք հեքիաթներում քարացել է հայոց պատմության ողջ ընթացքը: «Ձախորդ Փանոսը» հայի անցյալն է, «Քաջ Նազարը» հայի ներկան է, իսկ «Կիկոսի մահը»՝ վախն ապագայի նկատմամբ: Ես կարծում եմ, որ Սարուխանի «Կրկնաաղերս»-ում խտացվել է վերոնշյալ երեք գաղափարը՝ առավելապես ընդգծելով տագնապը հայոց ապագայի նկատմամբ,- բացման խոսքում ասաց գրականագետ, գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը:
«Կարեն Մանուչարյանի ասածին և՛ համաձայն եմ, և՛ համաձայն չեմ: Ճիշտ է, որ «Կիկոսի մահը» հեքիաթում սարկաստիկ ձևով Թումանյանը ներկայացնում է հայի վախը և անորոշությունն իր ապագայի նկատմամբ: Սարուխանն էլ ապագայի նկատմամբ տարակույսն ու անվստահությունը ներկայացրել է «Կրկնաաղերս»-ում: Սակայն ասել, թե «Կրկնաաղերսը» «հղանալիս» Սարուխանն ազդվել է «Կիկոսի մահ»-ից կամ նկատի է ունեցել Թումանյանի ակնարկած կիկոսականությունը, կարծում եմ՝ սխալ է: Ստեղծագործությունների, առավել ևս ստեղծագործողների միջև զուգորդումներ տանելիս, առնչություններ ու աղերսներ քննելիս ու քննարկելիս պետք է ծայրաստիճան ուշադիր լինել»,- հակադարձեց բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը:
«Դժվար է որոշել Հրաչյա Սարուխանի ստեղծագործության ընդգրկումը: Այնտեղ ակնարկումներ կան հայ և համաշխարհային դիցարանից, աղերսներ ու առնչակցություններ կան Աստվածաշնչից, միջտեքստայնությունների և զանազան համաբերումների միջոցով անդրադարձներ կան համաշխարհային փիլիսոփաներին ու նրանց ստեղծագործություններին, իր ժամանակակիցներին, գրչեղբայրներին,- իր խոսքում նշեց «Մարգահովիտի Զորավիգ» թերթի խմբագիր, գրադարանի աշխատակից Հովհաննես Սարդարյանը:
Հր. Սարուխանի ստեղծագործությունը բարձր գնահատեց և արժևորման խոսքեր ասաց բանաստեղծ, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը. «Հրաչյա Սարուխանի ստեղծագործությունները կարիք ունեն խորքային ուսումնասիրության: Այսօր գրականագետների մեծ մասն իրենց հոդվածներում վերլուծում են տվյալ հեղինակի գործերի բովանդակությունը, ընթերցողին «բացատրում», թե հեղինակն ինչ է ուզում ասել: Գրեթե չի երևակվում այն նորությունը, որ բերել է հեղինակը, իր նոր երանգն ավելացնելով գրական համապատկերում: Իսկ Սարուխանի գործերում կան միայն իրեն հատուկ պատկերային, մետաֆորային, ենթատեքստային և այլ լուրջ նորություններ, որոնք բացահայտման ու հանրությանը ներկայացնելու կարիք ունեն»:
Ավարտին Կ. Մանուչարյանը կարդաց Հրաչյա Սարուխանի «Ծննդյան հուշ» և «Հոբելյանական-56» բանաստեղծությունները, և ներկաները միահամուռ հույս հայտնեցին, որ պոետի ասած՝ «անանուն անտարիք արբելու» մեր այս ժամանակներին փոխարինելու են գալու լուսավոր օրերը, և հավուր պատշաճի նշելու ենք ինչպես Սարուխանի, այնպես էլ մեր մյուս արժանավորների հոբելյանները՝ լիասիրտ ուրախանալով ու բացականչելով՝ «…իսկ հետո՝ Հոբելյան ու ծափեր»:
Հովհ. ՍԱՐԴԱՐՅԱՆ
Դեռ լինելու են «Հոբելյան ու ծափեր…»
