…շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր…
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
Չարենց
Նեռի ժամանակները եկան ու չեն գնում: Մահեր, ավերածություն, վիշտ, ցավ, աղետ, սուգ, կորուստ, կորո՜ւստ… Մարդկանց մի մասը՝ ընկճվածության խորը փոսի մեջ, մի մասը՝ մշտապես ներկա ցավից անտարբեր դարձած, մի մասը՝ դեռ ունակ բողոքի հուսահատ կայծերի, մի մասն էլ գոհունակությամբ տանում է իր ուսերին նեռի ծառային՝ չիմանալով, որ սատանան նախ պարարտացնում է իր զոհին, հետո նոր խժռում: Ողջ երկիրն է հիմա Սուրմալու… Չարի ժամանակաշրջանը չի էլ գնա, քանի դեռ մշակած պարարտ հող կա չարի համար՝ պառակտում, ատելություն, ագրեսիա, քաոս և… անտարբերություն: Մի տեղ ձեռքերով փլատակ են մաքրում, որ մարմին հանեն, մի քանի կմ այն կողմ զանգվածային երգ ու պար է, ու դեռ հոխորտում են, թե ինչո՛ւ են սաստում իրենց: Նույնը հետպատերազմյան օրերին էր, երբ մեզ համար իրենց կյանքը տված հայորդիների դիերի առատությունից չէին հասցնում հուղարկավորություններ կազմակերպել, ամեն օր զոհված զավակների ոսկորներ էին պարկերի մեջ ծնողների ձեռքը տալիս, միևնույն ժամանակ մարդկանց ստվար զանգված քեֆ-ուրախությունների մեջ էր: Իսկ ժամանակին անգամ հեռուստացույց չէին բարձր միացնում, երբ փողոցում հանգուցյալ էր լինում: Այդ ինչպե՞ս սատանան կուրացրեց մեր հոգիները, խառնեց իրար ամենն ու մոլորեցրեց Աստծո մարդկանց: Այդ ո՞ւմ է ձեռնտու լվանալ մարդկանց ուղեղները, արմատախիլ անել ընտանեկան, ազգային արժեքները՝ հեգնորեն ծաղրելով բարի ավանդույթները: Համաշխարհային ի՞նչ չարի ձեռք է համահարթեցնում մշակույթ ու չափանիշ, ազատության անվան տակ ստեղծում այնպիսի քաոս, որից գլուխ հանելը, առավել ևս դուրս գալը անգամ շատ խելացիների համար է բարդ ու խնդրահարույց… Անտարբերությունը, թերևս, չարյաց նվազագույնն է, որի հարմարավետ ավազանն են իրենց նետում շատերը, և դա հենց չարի խայծն է: Նախ, խորը անտարբերությունը սթրեսին հետևող հիվանդություն է (apatia), որը երբեմն առանց բժշկական միջամտության չի էլ բուժվում: Իսկ թե ո՞ւմ է ձեռնտու հիվանդ հասարակությունն ու նրա անտարբերությունը, պարզ ու դասական իրողություն է: Չարաչար սխալվում է «ինձ չի վերաբերում» ասող ու մի կողմ քաշվող անտարբերը, որովհետև կողքինի դժբախտությանը կողքից նայողը շատ շուտով ինքն է ընկնում նույն իրավիճակի մեջ, որովհետև «ինչ չափով որ չափում եք, նույնով էլ ձեզ կչափվի» (Ավետարան): Ապրելով նույն փոքր համայնքում, չի կարող լինել ուրիշի ցավ, և որքան էլ օրենքներ խմբագրվեն, փոփոխման ենթակա չեն կարող լինել մշտանորոգ օրենքները՝ պտտվող շրջանը, չփոփոխվող բումերանգի օրենքը և աստվածաշնչյան «Մի՛ արա ուրիշին այն, ինչ չես ցանկանա քեզ անեն»-ի ոսկե օրենքը: Եթե անտարբեր ես անարդարության հանդեպ, ուրեմն կողմ ես դրան, ուրեմն և՝ հանցակից: Անտարբերության լուռ հայացքի առջև անարգել կարող են կատարվել ամենաանարդար արարքները: Անտարբերությունը թույլատրված հանցանք է, հետևաբար՝ արտոնված մահ է: Եվ, այնուամենայնիվ, ինչպե՞ս է հնարավոր մի փոքր երկրում ապրել այսքան տարբեր, զուգահեռ իրականություններում: Շատերն են այսօր փորձում արդարացնել իրենց վարքագիծը, թե իբր՝ «քաղաքականությամբ չեն զբաղվում»: Այդ ո՞ր օրվանից հայրենիքի սահմանները պաշտպանելը դարձավ քաղաքականություն, ո՞ր օրվանից հայրենի հողի համար իր առողջությունը, ձեռք ու ոտքը կորցրածի խնդիրների մասին բարձրաձայնելը դարձավ քաղաքականություն, տնավեր եղած, իրենց բնօրրանից տեղահանված հազարավոր հայրենակիցների, արցունքոտ աչքերով պայծառ երեխաների մասին անհանգստությունը դարձավ քաղաքականություն: Այսօրվա մեր հասարակության մեջ անտարբերությունը անմարդկայնության տիպիկ դրսևորում է, բարոյականության բացահայտ անկում: (Թեև, երբ ակամա բարձրաձայնում ես այդ ամենի մասին ու տեսնում, թե ինչպես են վազում, հայտնում ղեկավարությանը, թե՝ արգելե՛ք, հասե՜ք, քաղաքականությունից են խոսո՜ւմ, մտածում ես՝ գուցե ավելի լավ է անտարբե՞ր լինեն, քան այդ տեսակ «տարբեր»): Զրո է այն հուզախառն արձագանքը, որ հաջորդում է առավոտյան ականջին հասած լուրին կամ սոցցանցում աչքովն ընկած հուզիչ նկարին, եթե դրան անմիջապես հաջորդելու է միմիայն սեփական բարօրության շուրջ տիեզերական կենտրոնացումը, հնարավորինս ուրախ ժամանցների կազմակերպումը (սոցցանցերում առատ սեղանների ու տաշիտուշի նկարները վկա) և դրանով իսկ իր կողքին ապրողներին մոռացության անդունդը գլորելը… Չէ՞ որ նրանց փոխարեն կարող էինք լինել ամեն մեկս: Անտարբերությամբ մենք խտացնում ենք առանց այն էլ թանձրացող խավարը: Երբ օգնում ես մեկին, ինչ-որ չափով փրկում ես նրան, իսկ մեկին փրկելը մարդկությանը փրկելու պես մի բան է:
Այդ երբվանի՞ց ապրումակցումը, հարգանքը մեկ ուրիշի դժբախտության հանդեպ մեզանում դարձավ բարձր կատեգորիա: Տե՛ր, ցո՛ւյց տուր մեզ ապաշխարելու ու Մարդուն վերադառնալու ճանապարհը…
Անտարբերությունը մարդու վաղաժամ մահն է՝ կենդանության օրոք, ապա նաև՝ հասարակության, ազգության, պետության: Անտարբերությունը նվազեցնում է մեզ, սպանում մեր ստեղծարար ոգին: Մորթապաշտությունը չի կարող տևական ժամանակ փրկել սեփական մորթը: Ջլատվում է հասարակությունն այնտեղ, ուր չի անդրադառնում ձայնը, ուր չկա համապատասխան արձագանք, և այդտեղ է, որ «մնացյալը կարող է դառնալ լռություն»: Տա՛ Աստված, որ մեր անտարբերության զոհը չդառնանք ազգովի: Եվ անգամ, եթե չեզոքությունը զգոնության կեցվածք է ենթադրում, ապա յոթ հարյուր տարվա հեռվից Ալիգիերի Դանթեն պատասխանում է դրան. «Դժոխքի ամենաթեժ անկյունները նրանց համար են, ովքեր չեզոքություն են պահպանել բարոյական ճգնաժամի պահերին»: Լույսի ու խավարի համաշխարհային կռվի մեր օրերում անտարբերությունը հենց այն քաղցր թմրանյութն է, որով հաջողվել է համաշխարհային նեռին պարուրել մարդկանց ուղեղները… Նեռի կատարյալ ծառայությունն այնտեղ է, որտեղ մարմիններից բացի նաև հոգիներ են զոհաբերվում: Նեռի ծառան պիտի շարունակի հոգիներ լափել: Իսկ այդ հոգիները պատրաստ են ուրանալ ամեն ինչ՝ հարազատ, ընկեր, բարեկամ… Նրանք շատ են, ամբոխ են, իսկ որտեղ ամբոխն է, այնտեղ է սատանան վստահորեն առաջնորդում: Այնտեղ է նեռի որդու լիակատար հենարանը, գոյության իմաստը, երանությունը: Որտեղ աղմուկ է, այնտեղ քաոս է, այնտեղ սատանան լիիրավ տեր է:
Հայոց հողը եփվում է հրի ու կրակի տակ, տնքում է վշտից, իսկ կրակի քուրաներից բարձրանում է գայթակղվածների գոչյունը. «Մեզ փրկե՜լ են, էլի՛, էլի՜ ենք ուզում, փրկե՜ք մեզ…»:
Մարդկային մահերն ու կորուստները ավելի ծանր են մնացողների համար: Ոչ ոք չգիտի՝ ինչպիսին է գնացողի բաժինը, գուցե ավելի թեթև՞ է նրանց համար: Հոգիներ, որ համբարձվեցին ու փրկվեցին երկրային պայքարից… Նրանք ամեն բան տեսան ու գուցե իմացան ճշմարտությունը: Համբարձվեցին, որ լռեն, ու փրկվեցին: Դժվար է լռելը երկրի վրա այն մնացողների համար, ովքեր ցավ են զգում հողի հեծեծանքներից, որոնց համար կորուստների ցավը ժամանակ չի ճանաչում: Այդ հոգևոր պաշար ունեցողներն են, որ ցած չեն գցում հույսի վահանը՝ դիմադրելու համար խավարին: Չվհատվող հոգիներն են, որ հայացքը ոչ մի պահ չեն շրջում լույսից. այնտեղից է ճառագում հույսը: Պայքարը նրանցն է: Երբեմն նրանք չեն էլ իմանում այդ մասին: Եղիցի՛ լույս:
Հ.Գ. Տևական ժամանակ աչքս չէի կարողանում հեռացնել սոցցանցում մեր օրերի մի թարմ լուսանկարից, որտեղ մի երիտասարդ ձեռքերի մեջ ամուր պահել էր տեղահանված խաչքարի՝ հավանաբար տապանաքարի մի կտոր, ու իր ողջ մտքով, հոգով, հայացքով փարված էր նրան… Լուսանկարում պատկերվածը միայն նա էր, բայց երեխաների տխուր ու դատարկված աչքեր կային այնտեղ, լքվող տների պատերն անհագ համբուրող կանայք կային, անզորությունից բռունցքները սեղմած, ատամները կրճտացնող տղամարդիկ կային, ձեռքերը երկինք պարզած արտասվող ծերեր կային ու նաև արդեն հավերժորեն բացակա, իրենց հողը սիրող լիքը երիտասարդներ կային… Բայց դե, «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում», կասեն շատերը՝ որպես արդարացում, ու նրանց կթվա, թե արդարացան…