Ահա եկավ «Գրական թերթին»՝ 3 անգամ 30-ամյա պարբերականին, սեր խոստովանելու ժամանակը։ Գիտեք՝ պետք է ասեմ՝ ալևո՞րս, խոհե՞մս… Իհարկե, ո՛չ։ 90 տարիների զգաստությամբ և իմաստությամբ, իմ և՛ պատանի, և՛ երիտասարդ, և՛ զգայուն, և՛ համբերող, և՛ անզիջում, և՛ պոռթկացող, և՛ զուսպ, իմ գրական, իմ խռովված և խաղաղարար ամե՛ն, ամենա՛ Գրական։ Քո բոլոր տարիների ելվերումների ու դադարների մեջ, քո էջերը, քո հրապարակումները միշտ փնտրվող ու ընթերցվող են։ Քո նոր համարի ծննդյան ուրբաթները, սպասման ուրբաթները ո՜վ կմոռանա։ Հիշում եմ, 90-ականներն էին. գյումրեցի լրագրող Ռոբերտ Հակոբյանը աշխատում էր «Շիրակ» հանրային ռադիոյում, ես էլ՝ հեռուստատեսությունում. Ռոբերտը ժպտալով ինձ ավետում էր՝ Սոնա՛, Գրականում գործերդ կան, կարդացի, գնա վերցրու… Հետո Արա Արթյանին, որ Գորկայի այգու դիմացի կրպակից միշտ խնդրում էր «Գրական թերթ» և ոտքի վրա անհագորեն կարդում էր սկզբից մինչև վերջ։ Տիկին Ֆլորան՝ կրպակավարը, ինձ տեսնելիս երբեմն բողոքում էր, թե՝ Սոնյա ջան (ինքն էր այդպես դիմում), ձեր Արթյանը թերթը կարդացել է՝ հերիք չէ, մի բան էլ ճմռթել է… Հիմա ի՜նչ կարևոր է. ճմռթած, ծալծլած թե նոփ-նոր… կարևորը կարդացվող է, անգամ` չճարվող։ Նրանք այլևս չկան, ցավոք, ո՛չ ոտաց վրա կարդացող ընկերներս, ո՛չ կրպակավարը։
Յուրաքանչյուր կրպակ «Գրական թերթի» իր կայուն ընթերցող-գնորդներն ուներ, և հնարավոր էր կրպակավարների համերաշխության արդյունքում նրանցից մեկը մի ավել մնացած «Գրական թերթ» խոստանար քեզ, թեև այն երբեք չէր ավելանում։
Իսկապես ավետիս էր «Գրական թերթում» տպված տեսնել քո կամ ընկերներիդ բանաստեղծությունը, պատմվածքը։ Եվ ինչպես գրքի, այս դեպքում էլ առանց գինու ու շնորհավորանքի չէր լինում։ «Գրականը» տոն էր դարձնում մեր սովորական օրը՝ բառի մոգությամբ խրախճանող։ Դու էլ մեզ հետ, քո խայծանետ ներկայությամբ, թերթային փխրուն խշշոցով և գրերիդ աննման բույրով։
Քո էջերում խոկումներ կան շատ, սեր ու կռիվ, տագնապ ու ցավ՝ տարբեր ու նման այդ օրերին, բայց քո գիրը միևնույնն է, միշտ դեպի լույսը ձգվող ճյուղն է` պինդ, չճկվող, քո գիրը զուլալ, ցոլացող հայերենն է։
Ամեն, ամեն ինչ էր հետաքրքիր «Գրականում». և՛ գրաքննադատական հոդվածները, և՛ բանավեճերն ու գրամարտերը, որոնց շարունակությանն անհամբեր սպասում էինք հաջորդ համարներում։ Կարևորը մեկս ունենար թերթը, մնացյալն արդեն շղթայական փոխանցման կանոններով։
«Գրական թերթում» ցանկացած հրապարակում ինձ համար շատ կարևոր է։ Հիշարժան-ոչ հիշարժան. այդպիսի տարորոշումը բացառում եմ, որովհետև առանց այդ էլ մեծ դժվարությամբ եմ բաժանվում բառերով կեղևված իմ ստեղծածից, այդ աշխարհում պահված թանկ ապրումներից։
Իսկ առաջինը… հիշո՞ւմ ես, «Գրակա՛ն», ծննդյան տոներից առաջ էր, ես ծառ էի, երբ քամին ինձ քո գիրկը բերեց, քո էջին բառս ճյուղ տվեց, ծլեց, ծաղկեց… «Հիշո՞ւմ ես ծառ». իմ առաջին հրապարակումը «Գրական թերթում»։ Խմբագիրը Հովհաննես Գրիգորյանն էր. ընդառաջ գալով` ձեռքս խրախուսող ժպիտով սեղմեց։ Հետո էլի եղան հիացումներ, նվիրումներ, կարոտներ բանաստեղծությամբ, մտորումներով և այսպես շարունակական։
Այնպես, ինչպես քո ապրած ժամանակն է լի և շարունակելի, այդպես էլ մենք միշտ քեզ ասելու բան ունենք, քո էջերում միշտ ճերմակ բացատներ թո՛ղ մեր խորհրդածությունների համար, ձիրք ու շնորհքով մեր «Գրական թերթ»։ Իսկ այսօր քո հոբելյանին և հետո էլ ես քո Գիր-ընկերն եմ, քո գրական վաստակի գնահատողներից մեկը։
Հ.Գ. Հիշի՛ր, որ յուրաքանչյուր ուրբաթ ժամադրություն ունես։ Եթե ինչ-որ բան փոխվի, ինձ անպայման տեղյա՛կ պահիր։
Միշտ սպասումով՝ քո Նրբիրան Սոնա ԱՆՏՈՆՅԱՆ
ԳԻՐԴ ԻՄ ՏՈՂԻ ՇԻՎՆ Է / Սոնա ԱՆՏՈՆՅԱՆ
