Բոլոր ժամանակներում էլ՝ թե՛ խորհրդային տարիներին և թե՛ վերջին 3 տասնամյակներին, «Գրական թերթը» եղել և մնում է գրողների, ընթերցողների, մտավորականների, տարբեր տարիքի ու զբաղմունքի բազմաթիվ մարդկանց սիրելի պարբերականը:
90 տարիներ շարունակ թերթը լուսաբանում է հանրապետության գրական, մշակութային, հասարակական կյանքը, գրական անցուդարձը, եղել է Հայաստանի գրողների միության, սփյուռքահայ գրական օջախների տարեգիրը, մեր գրողների, մշակույթի գործիչների հեղինակավոր և բարձր ամբիոնը:
1969 թվականից, երբ 10-րդ դասարանի աշակերտ էի և նոր էի սկսել ստեղծագործել, բաժանորդագրվել եմ «Գրական թերթ», «Գարուն» և «Սովետական գրականություն» ամսագրեր: Այդ պարբերականները բաժանորդագրվեցի նաև Սևաստոպոլում, երբ ծառայում էի խորհրդային բանակում:
1970-ականներից սկսած՝ «Գրական թերթում» հրապարակվել են իմ մի շարք բանաստեղծություններ, հոդվածներ:
Երբեք չեմ մոռանա իմ առաջին հանդիպումը «Գրական թերթի» նախկին խմբագիր, անվանի բանաստեղծ, երջանկահիշատակ Հրաչյա Հովհաննիսյանի հետ: 1978թ.-ի հոկտեմբերյան մի օր եկա խմբագրություն և բանաստեղծություններիս շարքը ներկայացրեցի Հրաչյա Հովհաննիսյանին: Նա կարդաց մի քանիսը և ասաց. «Սամվե՛լ, կան լավ, հետաքրքիր բանաստեղծություններ, կտպենք, հետևիր «Գրական թերթին»: Տպագրվեց «Հայրենիքիս» բանաստեղծությունը (01.12.1978, թիվ 47), այնուհետև՝ «Խաղաղություն», «Շինելը» և այլ ստեղծագործություններ: Ավելի քան 50 տարի թերթը եղել է իմ բարեկամը, բարի խորհրդատուն, գրական, մշակութային կյանքում իմ ճշմարիտ ուղեցույցը:
Հոբելյանի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, իսկ խմբագրակազմին մաղթում մշտատև ընթացք, բեղմնավոր և արգասաբեր գործունեություն: