Պատերազմից հետո անձնական հարաբերական հաջողությունների համար մարդ չի կարողանում ուրախանալ. պառակտված երկիրը, քաղաքականության անտաղանդները, գրագիտության ու կուլտուրայի պակասը, մեծահոգության սովը, քչաթիվ մտավորականների տառապանքը, ներկայում արդեն անցյալ դարձածներին քծնելու ծիսակարգը, աշխարհաքաղաքական վայրիվերումները, իրար բզկտելու էսթետիկական հաճույքը և ամենասարսափելին՝ պետականությունը կորցնելու վտանգը չէին կարող չազդել զգայուն, զգայուն, զգայուն հոգիների վրա: Ձեր հարցին կարող է պատասխանել հավասարակշիռ ինքնագնահատման կուլտուրա ունեցողը. ի վերջո ընթերցողի համար պետք է հիշարժան լինի նյութը, իսկ քեզ ուղղված դրվատանքը թևեր է տալիս երևի մեկ օր, դրանից հետո օրը շարունակվում է սովորականի պես… Այո՛, սկսնակ ժամանակ առաջին տպագրված նյութերիդ մասին կարծիքները կարևորում ես, ուրախանում, հետո այն դառնում է սովորական, ավելի հետո՝ երբեմն ձանձրալի: Լավ գրողներ ու գրականագետներ ունենք, այդ առումով մտածելու բան չունենք, բայց, ա՛յ, գրամոլությունը մտածելու տեղիք է տալիս…
Այնուամենայնիվ հիշեմ լուսահոգի, շատ հարգարժան մի մտավորականի անուն, որի հետ զրուցելն իսկ հաճույք էր, ուներ գնահատման կուլտուրա. այդ ժամանակ, ճիշտն ասած, իրեն դեռ չէի ճանաչում. Ալեքսանդր Թոփչյանը մի օր զանգ տվեց ու խոսեց իմ նոր տպագրած նյութի մասին… Շոյվեցի, այդ շատ դրական բառերից մի փոքր էլ ամաչեցի…
Ի սրտե շնորհավորում եմ մեր լեգենդար «Գրական թերթի» 90-ամյակը. յուրաքանչյուր համարը նման է արտիստի նոր դերակատարմանը՝ մի օր հաջող է, մի օր՝ ոչ այնքան: Շատ դժվար է թերթի հմայքը պահել, եթե այն միայն քեզնից չէ կախված, հասկանում ենք, բայց դա ընթերցողին, մեղմ ասած, չի հետաքրքրում. նա ուզում է, որ մսի փոխարեն խոտ չդնես իր առաջ: Գնահատում եմ «Գրական թերթի» բոլոր աշխատակիցների վաստակը, աշխատանքը, շնորհակալություն եմ հայտնում երբևէ այս թերթի վրա լիարժեք աշխատանք թափած մարդկանց: Թող նոր, մեծ հաջողություններ ունենա մեր թերթը, բայց նաև կցանկանայի տեսնել նորացումներ, անակնկալներ, «պարտադիր, ուզած-չուզած զետեղված» բաներից շեղում, նորարարական փայլատակումներ: Իհարկե, հրաշալի աշխատանք են տանում բոլոր-բոլորը, բայց ցանկությունս է՝ էլ ավելին տեսնել, դա բոլորիս օգուտն է և ուրախությունը: Շնորհավորում եմ բոլորիս, մաղթում վերելք, երկրին՝ ամրություն…