«Գրական թերթի» փառահեղ 90-ամյակը մեկ այլ 90 հիշեցրեց՝ 90-ական թվականները, երբ ՀԳՄ նախագահ էր Հրանտ Մաթևոսյանը, ու ես առաջին անգամ թերթին պատմվածք առաջարկելու համարձակությունն ունեցա: Քելբաջարից էի բերել հետս, «Հետախուզում մարտով»-ն էր (հետո մրցանակի արժանացավ):
Հիմա, հետահայաց որ նայում եմ, վերնագիրն ակամա սիմվոլիկ էր՝ «մարտական» տրամադրված, ասես «հետախուզման» էի գրական աշխարհ, զինվորական հագուկապս էլ՝ երևի չնահանջողի փաստարկ: Չէ՛, էն ժամանակ շքանշաններ չունեի:
Կարդաց, զննող, երկար նայեց ու, իրեն հատուկ, դիմացինի «կրնկին» անսպասելի, խփող խոսք-որոգայթը.
– Կամավոր ես գնացե՞լ, թե՞ տարել են:
– Տարել են՝ ես էլ գնացել եմ:
(Ասեի գնացել եմ՝ պարծենալու պես կլիներ, երևի չէր էլ հավատա, ասեի տարել են՝ հո ճամպրուկ չէի, որ տանեին, իմ ոտքով էի գնացել…)
Էսա-էսա լարած «որոգայթի» խորամանկ ժպիտը վայելելու էր, միտքը փոխեց, հայացքը գնաց լուսամուտից դուրս, ու ասես ներկա չէի.
– Գրածի նման՝ պարզամտության չափ բաց, բայց և խոսքից չխեղճացող…
Հետո, թե՝
– Պատմվածքիդ դիպաշարը ետուառաջ անելու տեղեր ունի, խմբագրելու խնդիր կա:
Եսիմ, պատեհությունից առավելագույնն ստանալու առիթի գայթակղությո՞ւնն էր (դե պատկերացրեք էդ պատկերը՝ իմ ձեռագրի էջերին անձամբ Հրանտի ձեռքով արված նշումներ…), թե՞ լոռեցու չչափաբերված համարձակությունս էր մեծ.
– Դուք կխմբագրե՞ք:
Ծիծաղեց.
– Ա՛յ տղա, ուզում ես ասել՝ ես Արա Նազարեթյանից լավ եմ գրո՞ւմ,- էլ պատասխանի փնտրտուք-շփոթում ինձ խճճվելու արանք չտվեց.- Արա՛ ջան, կանեի, բայց ինչին ձեռք եմ տալիս՝ ինձ նման է դառնում, քո անելիքը դու պիտի անես:
Ի դեպ, էդպես միայն ասեց, հետագայում հակառակի ականատեսն եմ եղել (ու ոչ մեկ անգամ), թե ինչպես է դա անում, բայց աննկատ, չերևալով: Էդպես առաջին գրքիս ճանապարհը հարթեց, ու ես, բանից անտեղյակ, էդ ճանապարհը գնում էի օրն օրի աճող ինքնավստահությամբ, թեև, խոստովանեմ, մի քիչ ինքս ինձնից զարմացած…
Բայց դա մեկ այլ պատմություն է:
Երբ թերթի 90-ամյա հոբելյանի առիթով խոսք տրամադրվեց, աչքի անցկացնելով թերթում ներկա եղածս, ինձ համար ակամա, նկատեցի՝ պատմվածքներիս վերնագրերի շարքն իսկ ասես ժամանակագրություն լինի: Էդքանն իմ համեստ չափով, հապա ինչքաա՜ան տարեգրություն կա, ուրեմն, անցած 90 տարում… Ինչի առիթով և շնորհավոր մեր հոբելյարին, «Գրական թերթի» փառավոր վաստակն անչափելի է: