Պարզվում է՝ շատ գրական ամիս է մարտը. Գրողների միջազգային օր… Պոեզիայի համաշխարհային օր… Իսկ մարտի վերջին մեզանում ավանդաբար կայանում է Մանկապատանեկան գրականության շաբաթը, որը տևական դադարից հետո վերականգնվել ու 2001 թվականից սկսած՝ Գրողների միության կողմից անցկացվում է արդեն ամեն տարի: Գրական այս միջոցառումներն, անշուշտ, շատ կարևոր են և նպաստում են ընթերցողական դաշտի ընդլայնմանը, մարդկանց, մասնավորապես երեխաներին ու պատանիներին կապում գրքի հետ, ճանաչելի դարձնում գրական արժանի ստեղծագործությունները, այսօր ապրող, գործող գրողներին: Իսկ մեր օրերում հատկապես, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները, համակարգիչն ու համացանցը գերիշխող են դարձել ամենուր, անգամ հենց մանուկների, դպրոցականների կյանքում (ավաղ, օգտակարի հետ բացասական որոշ դրսևորումներով նաև), դրանց դերը է՛լ ավելի է կարևորվում մատաղ սերնդի դաստիարակության ու ճիշտ ձևավորման գործում:
Ինձ համար, իհարկե, հաճելի էր, որ Մանկապատանեկան գրականության շաբաթն այս անգամ Գավառում՝ հայրենի իմ քաղաքում մեկնարկեց, Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի հիմնավորապես վերանորոգված, տպավորիչ ու կանչող շենքի կամարների տակ: Հրաշալի, գեղեցիկ, լեցուն օր էր, որ, անկասկած, շատ բան տվեց և՛ այդ առթիվ քաղաքում հյուրընկալված գրողներիս (Էդվարդ Միլիտոնյան, Տիգրան Նիկողոսյան, Անուշ Վարդանյան, Ռուբեն Ստեփանյան, Լևոն Բլբուլյան), և՛, իհարկե, միջոցառմանը ներկա ուսուցիչներին ու աշակերտներին, ուսանողներին, մտավորականության ներկայացուցիչներին… Նախ գրողների մեր պատվիրակությանն ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Հաճելի, օգտակար զրույց ունեցանք մարզի հոգևոր-մշակութային կյանքի հետ կապված խնդիրների ու առաջնահերթությունների շուրջ: Ապա հենց մարզպետի հետ միասին գնացինք մարզպետարանի հարևանությամբ գտնվող թատրոն: Շատ հետաքրքիր ու գեղեցիկ էր մարզի դպրոցականների ձեռքի աշխատանքների՝ ճեմասրահում բացված ցուցահանդեսը, նաև մարզային գրադարանի ներկայացրած գրքի ցուցահանդեսը, որտեղ հաճույքով հանդիպեցինք մեր գրքերին ևս: Ի դեպ, այդ ընթացքում երբեմն բանաստեղծություններ էինք լսում մեզ դիմավորող, ուղեկցող բավականին համարձակ, անկաշկանդ աշակերտներից: Դե, իսկ հետո արդեն լեփ-լեցուն դահլիճում ավելի քան երկու ժամ հիմնավորապես ասմունքը, երգն ու երաժշտությունն էին իշխում՝ Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներից եկած աշակերտների մատուցմամբ: Իհարկե, մենք ևս ներկայացրինք մանուկների, պատանիների համար գրված մեր ստեղծագործություններից, սիրով պատասխանեցինք դահլիճից մեզ տրվող հարցերին, խոսեցինք ընթերցանության կարևորության մասին, մեր ու մեր գրչընկերների գրքերից նվիրեցինք մարզի գրադարաններին… Մանկապատանեկան գրականության շաբաթի մեկնարկն, անկասկած, ջերմ էր ու տոնական: Շնորհակալություն կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներին: Բայց շաբաթվա շրջանակներում, իհարկե, գեղեցիկ այլ միջոցառումներ էին նախատեսված ու հաջողությամբ իրականացվեցին նաև մայրաքաղաքում ու հանրապետության մյուս մարզերում. գրական հանդիպումներ ու քննարկումներ, մանկական գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդես-վաճառքներ, պարզապես ընթերցումներ: Իսկ եզրափակիչ հանդիսությունն այս անգամ ևս կայացավ Խնկո- Ապոր անվան մանկական գրադարանում՝ ոչ պակաս ջերմ մթնոլորտում, դարձյալ գրողների, դպրոցականների, ասմունքողների ակտիվ մասնակցությամբ, օրվա խորհրդին վայել ելույթներով ու կատարումներով: Թող որ հագեցած շաբաթվա արդյունքում ստեղծված ոգեղեն մթնոլորտը երկար ուղեկցի բոլորիս: