Հարամեցիք, տղե՛րք, հարամեցիք: Մեր ապրած օրերը էս ո՜նց հարամեցիք: Իբր մի լավ օրի էինք, իբր յուղումեղրի երանության մեջ ծփում էինք, հոգսի մի հավելյալ կնճիռ էլ դուք ակոսեցիք մեր պաղ ճակատին. չարաղետ դիմակով եկաք ու սև ժխորի մեջ մեր կեցության հերկը խոզան դարձրիք, ձեր հորինած լավության պատրանքը դառնությամբ օծեցիք և մեզ ներքաշեցիք չարության ու մաղձի գարշանքի ճահիճը: Խավարի թիկնոցը ուսերիդ, խավարի ոգին երակներիդ մեջ, խավարի կողմից վրա տվիք և երանության չեղած դռները մեր աչքի դեմը ժանգոտ մեխերով մեխեցիք։ Դուք ծաղկած մարգագետնից չէիք եկել, ծափուծիծաղի շուրջպարի թևերով չէիք եկել, դուք պղտոր ջրերի ընդերքից էիք եկել, եկել էիք իբր մեր թշվառության վրա աչքներս բացելու, բայց աճպարարի հմտությամբ ձեր խաղը խաղացիք ու խավարից զատված անեծքի մտրակով մեր սիրտն ու հոգին դաղեցիք։ Ու դա ձեզ հաջողվեց։ Եվ հիմա չարությունն ու մաղձը կախված ճոճվում են օդում, թափվում մեր անպաշտպան գլխին, հոսում լցվում են տուն ու դպրոց, մտքի ու սրտի քունջ ու պուճախ, շնչում ու դիվոտում ենք։ Սատանայական էս ի՞նչ շրջապտույտ էր, որ մեզ իր տարերքի մեջ առել ու հալածում է, էս ի՞նչ խավարափեշ մոգությամբ ջանացիք «ցավդ տանեմ»-ի ժողովրդին իր վարքի մեջ մոլորեցնել ու դարձնել «ցավս տանես»-ի ժողովուրդ. յուղոտ կերակրամանի հիշողությո՞ւնն է ցավագար մորմոքով ձեր հոգին պղտորել, սովածի երազա՞նքն է ապագայի խոստումով ձեզ խաբել ու տեսիլքի խաբկանքում հեքիաթի ճոճք հյուսել, թե՞ աթոռապաշտի ձեր հին ախորժակն է գրգռվել ու շնաձկան երախով վերստին բացվել։ Ձեր մեղքը ձեր վիզը, բայց գոնե գիտե՞ք, որ չարության ճանապարհն անցնում է օձի երախով, գլուխներդ ինչո՞ւ եք մտցնում օձի երախ: Մեզ չեք խնայում, գոնե ձեզ խնայեք: Ձեր խոսքին թույն խառնելուց առաջ՝ երկնքին նայեք, օգտակար է: Խոսքս քարոզ մի՛ ընկալեք, պարզապես խորհում եմ, խորհում ու ձեզ ասում եմ՝ ատելության հայրենիքը դժոխքն է, ձեր եռանդի քմահաճույքով մեր չքնաղ երկիրը ինչո՞ւ եք դարձնում դժոխք: Կյանքի համը դժոխքի ամլության մե՞ջ եք որոնում, թե՞ երիցս փորձարկված մեր կենսունակությունն եք դժոխքի կրակներում վերստին փորձարկում: Թե չէ՝ խավարի մեջ խավար, լույսի մեջ խավար, դրսում խավար, ներսում խավար. լավ, բա ձեր երեխեքին վաղը դուք որտե՞ղ եք տեսնում, ձեր մտքի պղտոր միգամածությունն ի՞նչ հնարքով եք նրանց համար պարզեցնելու, ինչպե՞ս եք դժոխքը դարձնելու հայրենիք… Բացատրեք, հասկանանք՝ ձեր պարտադրած չարության ճիրաններում պատեպատ զարկվելով մենք ինչպե՞ս մարդ մնալով ապրենք: Ու դեռ վաղվա օրվա խոստումին հավատանք: Ու հավատալով դեռ երազենք: Երազենք մաքուր, անպղտոր ու դեռ չապականված մեկի հետ բարևի աղոթքով առնչվել, որ մեջներս վերադարձի արահետ բացվի դեպի բարության հովիտ, բայց թույնի տիեզերածավալ ժխորում դուք մեր մեջ փռված արահետը փուշ ու տատասկով ծածկեցիք ու չարությունը դարձրիք անեծքի զանգակ: Եվ թաքուն քրքջացիք: Ու հիմա մոլորության սարդոստայնն ընկած, բախտից ու ժամանակից հալածված ու ինքն իր վարքից շփոթված մտահոգ հայը տարակուսանքով խորհում է. քաղաքագետի դիմակով այս աղանդավորները որտեղի՞ց հայտնվեցին, ռաբիսությունը քաղաքականության ժխորում փառաբանող այս ղաչաղները որտեղի՞ց ծլեցին: Ճիշտ կա, որ հավատալու ճիշտ չէ, դուք հենց այդ հորինովի ճշտով մեզ խաբեցիք. սատանայի հետ լեզու գտել, սատանայի բերանով մեզ խաբում էիք: Ու ամոթը ամոթ ծնեց. սև աղետը խտացել, մեր թալկացած սրտի վրա փառ էր կապել, դուք մեկմեկու բզկտեցիք, թշնամիներով շրջապատված իրար մեջ մանրադիտակով թշնամի որոնեցիք ու իրար դեմ դանակավորվեցիք, ողբի մշուշը դեռ ազգի գլխին՝ դուք իրար լափեցիք, սա՞ էր առաջին քրիստոնյա ազգի վարքն ու բարքը, թե՞ ազգը ձեզ համար նահապետական գյուղի սմքած-պառաված տատիկ էր, ում ձեռքի հացն ուտում՝ ուրիշի գոմաղբի գլխին ծուղրուղու եք կանչում: Ամոթ է: Թեպետ դուք ամոթն էլ պղծեցիք, ու ամոթն այլևս ամոթից չի շիկնում: Իսկ դա արդեն անդունդի սև երախ է, որ առաջքայլ չի հանդուրժում: Իբր թե իրավիճակով մտահոգված խոսում էիք, բայց ձեր խոսքը խո՞սք էր, թե՞ գուշակի սև ճիչ, որ կեռված պոչի ծայրին թույնը եռացնում ու արևաշող մեր օրը տառապանքի վերմակի տակ էր ներքաշում: Չէ՛, ձեր խոսքը խոսք չէր, համատարած պղտորի մեջ շառաչուն աղմուկ ու անհոդաբաշխ ժխոր էր, որի մեջ Աստված չկար, հայ մարդ չկար, չարությամբ հունցված հայհոյամաղձ փղձուկ էր: Մեր խոսքը աղոթք ու Աստծո մրմունջ էր, դարձրիք զառանցանք ու բանդագուշանք: Չարության ծնողը չարությունն է, և դուք՝ Հայոց աշխարհի թրծված մեծեր ու մեծ դառնալու հավակնությամբ տառապող ուշահաս փոքրեր, իշխանավորներ ու ոչ իշխանավորներ, կշտությունից բթացած աղետյալներ ու հավերժ ընչաքաղց որկրամոլներ, նամուսից խոսող ու հենց խոսքի հոլովույթում նամուսը հուղարկավորող աննամուս հոգիներ, ի՞նչ եք ուզում դուք մեզանից, ինչո՞ւ եք ապականում Աստծո խղճի մեջ ծվարած մեր ժողովրդի կեցության խորհուրդը, մեր հույսն ու հավատը, մեր հոգու լույսն ու աղոթքը ինչո՞ւ եք բովում ձեր հիվանդ մտավարժանքներում հյուսվող տեսիլքներում: Հավասարակշռությունը կորցրած ու լինել-չլինելու ահուդողից խելագարված աշխարհը կախված ճոճվում է ժամանակի անդունդի երախում, դուք դեռ դիզելու մոլուցքին տրված՝ իրար կոկորդ եք կրծում, հին բնազդի սև էջերում մոլագարության նոր էջ եք թերթում: Կույր ատելության էդ ի՞նչ ահռելի չափաբաժին էր, որ այդպես վայրագ անգթությամբ ձեր սրտի մեջ մաղձի վերածվեց, ու դուք ձեր հյուսած սարդոստայնում խճճված՝ չարության ծնունդը փառաբանեցիք. թքեցիք ու մրեցիք, հայհոյեցիք ու անիծեցիք, ծեր ու մանուկ չխնայեցիք, բոլորին անխնա խփեցիք՝ աջից ու ձախից, վերից ու վարից, դեմից ու թիկունքից, և յաթաղանի բացշեղբ արթնության մեջ՝ թուրքը վերստին խլրտաց ու հրճվեց, գորշագայլերի ոհմակը եռանդի եկավ, մեր իրարամերժ վարքից խենթացավ ու կապը կտրեց: Եվ եռանդի եկած՝ թուրքավարի լկտիացավ: Եվ «բերանն արնոտ մարդակերը էն անբան», դարձյալ հայի արյան համին ընկած, հիմա էլ եկել շնթռել է մեր երկրի սահմանին և հայացքը մեր քներակին ու թաթը մեր հողին դրած՝ մեր վրա է հաչում: Սա՞ էր ձեր ուզածը: Արձանագրենք. ձեր ուզածին հասաք: Տունը որ վառվում է, նախ կրակն են հանգցնում և նոր միայն պատճառի թնջուկում մեղավոր ու անմեղ փնտրում: Դուք կրակի վրա յուղ լցրիք ու ձեռքերդ տաքացրիք: Ձեր խառնաժխոր շքերթում տարուբերվելով տեսաք՝ իրար չեք կարող ուրախացնել, թշնամուն ուրախացրիք: Թշնամու տապալող շնչից կուչուձիգ եկած՝ իրար դեմ դանակավորվեցիք: Եվ հիմա այս ամենը դուք տեսնում ու չտեսնելու եք տալիս, կույրի աղետյալ բնազդով անպատվության խարանը ձեզանից վանում ու ենթադրյալ մեղավորին խոշորացույցի տակ եք առնում՝ թունավոր խոսքով ու սեղմված բռունցքով: Չպատկերացնելով անգամ, որ սեղմված բռունցքը, ի վերջո, կատաղության փրփուր ու ճղված հոնք է, դանակի բացշեղբ ու արյան մղձավանջ է: Մատաղացու գառան անիմաստ զոհողություն՝ հանուն ինչի՞: Առողջ միտքը գրոշի արժողությամբ աճուրդի եք հանում ու անունը դնում սկզբունք: Սկզբունք՝ անսկզբունք բովանդակությա՞մբ: Սկզբունք՝ թունաշաղախ թանձրույթով ու խտացումներո՞վ: Դուք հազար հայհոյողներ, ես՝ հայհոյանքը մերժող հազարից մեկը, ծուռ նստեմ ու շիտակ հարցնեմ՝ դուք ձեր արածից գոհ ե՞ք, տղե՛րք: Բա դուք սրտի դող ու մեղքի սարսափ չեք զգո՞ւմ, մեղքի ուրվականը ձեր աչքի առաջ երբևէ մահվան սարդոստայն չի հյուսե՞լ, որ էդպես անսիրտ ու անհոգի եք իրար հանդեպ: Եվ չհանդուրժող. ինքներս մեզ էստեղ ուտում ու դեռ տղայական ապահովության թևերով վերացական ճախրում ենք՝ աշխարհում տասը միլիոն հայ կա… Բայց որտե՞ղ է հաշվարկի ծիրը, ազգը մեկտեղող-ամփոփող պարագիծը տեսանելի՞ է ինչ-որ մեկին, թե՞ դարձյալ քնաբեր երանությանն ենք տրվում, թե՝ գիտե՞ք… Գիտենք՝ չլինելու պես կանք՝ տրոհված, աշխարհով մեկ սփռված, անջատ-անջատ. մեկն իր խեցու մեջ է մարմրում, մեկն իր ստվերի մեջ կուչուձիգ եկած է սեփական վախը չափում, մեկն իր դղյակի շքեղության խաբկանքում է ջայլամավորվել, բայց կարևորը անշեղ նպատակամղումով լուսապսակված երազանքն է՝ ծովից ծով Հայաստան… Ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով, ասեք՝ ծափ տամ: Ծովից ծովը, նախևառաջ, թև թևի և ուս ուսի միասնություն ու միասնությամբ օծված հզորություն է, իսկ դուք արդեն բաժանվածն ու տրոհվածը նորից եք բաժանում ու տրոհում և կենացի զորության անզորությունը հռչակում եք ապագայի խոստում՝ վերջը լավ է լինելու: Ինչի՞ վերջը, վերջի վերջը՞… Աստված մարդու սրտի մեջ սեր ու հոգու մեջ բարություն է դրել, բայց դուք ձեր հայացքը Աստծուց շեղում՝ դանակի շեղբով ու արյան ցոլքով եք ձեր չարացած միտքը նժարում: Ձեր՝ նորամանկան թաթիկը պաչող, շուրթերով դուք էդ ո՞նց եք կարողանում պղծել ՍԵՐԸ՝ երկրի, հարազատի, մարդու հանդեպ: Նախնյաց շիրիմների լռությունը ո՞նց եք կարողանում խլացնել ձեր անհոդաբաշխ խոսքի վայրիվերո ժխորում: Գետնից բարձր ու երկնքից ցածր խմորումներում տարակուսում ու ես ձեզ չեմ հասկանում: Չեմ հասկանում, որովհետև շատ դժվար է անհասկանալին հասկանալ. դիմություն ենք՝ չափի նրբանկատությունից բեկված մտրակավոր հեծյալ ենք, ընդդիմություն ենք՝ տանուլ տալուց գազազած վրեժխնդիր չարք ենք, իսկ արանքում ժողովուրդն է՝ հավերժ խաբվող ու հավերժ հանդուրժող, հավերժ հիշող ու հավերժ մոռացող, հավերժ ոգևորվող ու հավերժ հիասթափվող ժողովուրդը…
Չէ՛, տղե՛րք, դա անցնելիք ճանապարհ չի, որ դուք եք անցնում. բոբիկ ոտքերով փշրված ապակու վրա չեն քայլում, դա մոլագարի բնազդի բորբոքում ու փսորված վարք է, որ, ինչպես միշտ, խավարածին դողէրոցքով ու մահվան սարսուռով է ամփոփվում:
Անճարի բողոք ու թշվառի մղկտոց չէր, աչքառաջ հյուսվող մղձավանջ էր, ու մենք, մի տեսակ չեզոք ամայություն մղված, ականատեսն ու վկան էինք այդ ամենի, ձեր վարքի անըմբռնելի թափից կուչուձիգ եկած՝ ամոթից սսկվեցինք ու դեռ ջուրը չտեսած՝ բոբիկացանք, դեռ չսկսված՝ ավարտվեցինք, դեռ չմեծացած՝ ծերացանք…
Հարամեցիք, տղե՛րք, հարամեցիք: Երազանքով հյուսված մեր մի պուտ ուրախությունը էս ո՜նց հարամեցիք: Ձեր բերած աղետն իբր քիչ էր, ձեզնից ետ չմնալով, ձեր թիկունքը պահելով ու ձեր թիկունքին շնչելով՝ իգական մի այնպիսի՜ շառաչուն երախ բացվեց, որ զարմանքը զարմանքից քարացավ. սրբապատկերի պես նայող երեկվա անմեղները հանկարծ ու միանգամից այնպե՜ս կերպափոխվեցին, որ քսանմեկերորդ անվարտիք դարն անգամ ամոթից պապանձվեց: Երեկվա ծպտյալ լրբերը կարծեցին, թե տղամարդու էն իքից իրենք էլ ունեն ու էն իքի թվացյալ զորությամբ ուշունցի ժանգոտ դարբասները այնպիսի՜ վայրագ թափով բացեցին, որ նրանց ականջալուր խեղճ հալիվորների ոսկորները սարսռեցին…
Այդ այդպես եղավ, ու դուք մոլորվածին ու քոքվածին հավասարապես խաբեցիք, և ձեր հողմապտույտ տարերքի մեջ չարության խորշակը խանձեց ամեն ինչ՝ սիրտ ու հոգի, խիղճ ու հավատ: Բոլոր սրբությունները ծաղրեցիք, ապականեցիք, տակետակ ջնջեցիք ու տակը թողիք ՈՉԻՆՉԸ: Եվ հիմա Հայոց աշխարհում ամենամեծ արժեքը ՈՉԻՆՉՆ է: Ինքն իրենով սնվող, ինքն իրենով փքվող ու ոչինչ չասող ոչինչը: Ու ծնվեց մի նոր աղանդ՝ ոչնչապաշտություն: Եվ հիմա համատարած ոչնչապաշտությունը թխսավարի փեշերը փռել ու մեր շնչի վրա ծանրացել է:
Իսկ մենք դեռ երազում ենք: Ծովից ծով երազեցինք ու քսանմեկերորդ դարում մեկ լճի հույսին մնացինք: Համահավաք միասնության մեջ անվտանգ ու ապահով կյանք երազեցինք՝ յաթաղանի սարսափն ու մահվան սև ճիչը թիկունքներիս՝ մասնատվեցինք: Երկիր շենացնող թագավորի ուժեղ կամք երազեցինք, բայց հիշեցինք, որ բոլորս ենք թագավորացու, ու մեր երազանքը ոտքի տակ փոշիացրինք… Թե չէ՝ համաշխարհայի՜ն, տիեզերակա՜ն… Մի պուտ կյանք է՝ ապրեք, էլի: Անխռով ու համով ապրեք: Աստված ինքը կասի՝ համաշխարհային ենք, թե համաշխարհային չենք… Միայն թե ձեր չարամաղձ ինքնահոշոտմանը մեզ մասնակից մի՛ դարձրեք ու մեր երազանքը մի՛ փոշիացրեք: Իսկ մեր երազանքը անթև-անփետուր էր. երազում էինք ձի ունենալ՝ ձի չունեցանք: Ձի չունեինք՝ ձիավոր չդարձանք: Եվ քանի որ ձիավոր չդարձանք ու ձիու սլացքին անհաղորդ մնացինք՝ սկսեցինք մեր էշը քշել: Բայց ուշացել էինք, շատ էինք ուշացել. իրենց էշը քշողները, բթամիտ համառությամբ, երկիրը վաղո՜ւց մեջ-մեջ էին արել ու էշությունը հռչակել էին արժանապատվության խորհրդանիշ: Եվ մենք մեր զարմանքի մեջ մոլորվեցինք ու վերջապես հասկացանք, որ մենք ո՛չ ձիավոր էինք, ո՛չ էլ՝ էշավոր. մենք ընդամենը ոտավոր էինք, և որպեսզի ձիավորի ու հատկապես էշավորի սմբակների տակ շունչներս չփչեինք՝ լուռ ու աննկատ մեր իսկ ստվերների մեջ ներքաշվեցինք: Ու ասպարեզը մնաց համբակներուն: