ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
բանաստեղծուհի, արձակագիր
ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի
առթիվ
«Գրական թերթը» միանում է
շնորհավորանքին
***
Քայլերս երկինք են գրում, թևերս՝ թռիչքի ճիչեր,
թե լռեմ ես մի օր աններում,
ինձ այսպե՛ս, հե՛նց այսպես հիշեք…
Ինձ հիշեք օրերում դժնի,
սերերում հազարգույն, հազարնախշ,
կարոտեք անպատեհ մի ժամի,
հանդիպեք ինչ-որ տեղ չսպասված…
Խշխշան բառերով ինձ զարդեք՝
թող ձեզնից մի աշուն ինձ մնա…
Հևքերս երկնքին ավետեք՝
թող նորից լուսանամ անխնա…
Քայլերս երկինք են գրում, թևերս՝ թռիչքի ճիչեր…
Թե լռեմ ես մի օր երգերում,
ինձ այսպե՛ս, հե՛նց այսպես հիշեք…
ԵՐԿԻՐ
Շապիկդ թաց է,
բեր՝ փոխեմ, Երկի՛ր…
Ցամաք աչքով այն հինը հագցնեմ.
մի քիչ չորանաս, Երկի՛ր,
մի քիչ տաքանաս,
մի քիչ հավատաս, Երկի՛ր,
մի քիչ մեծանաս…
Թե ինձ էլ չհավատացիր՝
կորած ես, Երկի՛ր
ինձ էլ չսիրեցիր՝
մեռա՜ծ ես, Երկի՛ր…
Շապիկդ թաց է,
բեր՝ պատռեմ, Երկի՛ր…
***
Ափդ փակի՛ր, Երկի՛ր,
իմ գուշակելու ժամանակն անցավ…
Արդեն շա՜տ է ուշ…
Քո Բախտի վրա բացված վերքերից
ես կաթկթում եմ
այս անսիրության ճամփեքի փոշուն…
Իսկ դու հիշո՞ւմ ես՝ ինչ էիր հուշում,
երբ իմ թևերին փշեր էին ծաղկում…
Հիմա Դու ես իմ պսակը փշե…
Դրել եմ գլխիս,
ու աշխարհն ասես ինձ չի ճանաչում…
…Ափդ բաց, Երկի՛ր՝
տեսնեմ քանի բախտ կտեղավորվի
Ցավիդ Ամրոցում…
***
Դու այնպես ես լռել,
ասես երգերդ բոլոր
մոռացել ես ինչ-որ սառած կոկորդում,
որ մինչ երեկ ձայնում էր ապրումներդ լուսե,
այսօր պապանձվել է անսեր ակորդում…
Ուզում եմ՝ երգես, Երկի՛ր,
տխուր թե ուրախ,
մեղմիկ թե բարձրաձայն,
միայն երգես, Երկի՛ր…
Որ ձայնակցել քեզ ես կարողանամ.
կիսաձայն թեկուզ, թեկուզ կերկերուն…
Որ միասին կտրենք այս լռության շղթան
ու պատրաստվենք Նոր Ցավը սիրելուն…
***
Երբ տեսա՝ բոլոր երգերդ երգված են,
որոշեցի քեզ նվիրել ամենասիրուն երգս,
բայց երկար ստացվեց
ու… չհավատացի փայլփլուն բառերիս…
Ձեռքերս պարզեցի, որ փակեմ վերքերդ,
տեսա՝ ուրիշներն են քեզ վիրակապում,
ու չկարողացա հավատալ Ցավիս…
…Հետո ուսերիս երկինքներ փլվեցին,
ու թևերիս մեջ ծովեր որբացան…
Եկա, կանգնեցի Սփոփանքիդ եզրին,
տեսա՝ ներքևում ծաղիկներ ես քաղում
երազանքներիս չորացած դաշտերից…
…Ես գիտեմ՝ մի օր կբերես փունջն այդ
Լուռ խոնարհելու
կորցրած Հավատիս…
***
Դու փոքրացել ես այս
աշուններում,
այս ձմեռներում ես չեմ
մեծանա
արդեն քո կողքին…
Աշնանացանս
մնաց երկնքում,
գարնանացանով հիմա որբացած
հոգիս եմ փրկում…
Դու փոքրացել ես այս աշուններում…
Թե մեկը լիներ ու ձեռքդ բռնած
քեզ ինձ մոտ բերեր,
ես կմաքրեի քո պաղ ճակատից
ամեն մի խոստում
ու կգրկեի անցած օրերի այն գորովանքով,
որ մի ժամանակ կարողացել էր
քո սիրտը գերել…
Դու փոքրացել ես այս աշուններում,
այս ձմեռներում ես կծերանամ
Ցավիդ հեգնանքից…
Թե ես ու դու ենք Հավերժի Ճամփորդ՝
էս ո՞ւր ենք գնում,
երբ որ աշխարհի
աչքը սառել է Դժոխքի ճամփին…
***
…Քեզ գլխատում են՝
դու ոտքերդ ես վիրակապում, Երկի՛ր…
Թևերդ կտրում են՝
երկնքի ցավերն ես աղաղակում, Երկի՛ր…
Արթնացի՛ր, խնդրում եմ,
Միա՛կս, Թա՛նկս…
Քեզ բարձրացրել են մի նոր բագինի՝
դատապարտելու նոխազի պես…
Վերցրու Հավատս, Հույսս, Սերս…
Բայց, խնդրում եմ,
հանկարծ ծանրութեթև չանես.
Գիտեմ՝ շատ դժվար է,
բայց դու պիտի տանես…
Չխեղճանաս հանկարծ,
հանկարծ չվարանես
ու անսեր ճամփեքին
բաժան-բաժան չանես…
…Ինձ մասնատում են,
աղաղակի՛ր, Երկի՛ր…
Որովհետև իմ Աղն էլ ես դու,
իմ Մատաղն էլ…
Ու քո մեջ է ծաղկում Հարությունը իմ…
Ինձ գլխատում են…
Էլ Երկրորդ Գալուստ չի լինի,
փրկի՛ր…
***
Այս պարտությունը թեև շատ ջահել է,
բայց այնպե՜ս եմ ուզում, որ շուտ մեռնի…
Որ Քեզնից ջնջեմ այս խեղճությունը,
ու հպարտությունդ նորից իմ դեմ հառնի…
Այս խառնակ, անսեր ժամանակներում
վախերս են դարձել կրծքազարդը Քո…
Այդպես անզարդար էս ո՞ւր ես գնում.
գոնե երգերս Քեզ հետ վերցրու…
Սպասումներս հազար տարեկան
կյանքս դրել են քո պատվանդանին…
Ինձ մի՛ գլորիր՝ ես կդիմանամ.
ահա չոր հացս՝ դատարկ սեղանիդ…
…Այս պարտությունը թեև շատ ջահել է,
բայց այնպե՜ս եմ ուզում, որ շուտ մեռնի…
Որ հետքերն այս օտար Քո մեջ չդարանեն,
ու Լույսն իմ Քեզանից նորից մարմին առնի…
***
Դանակավորներդ ո՜նց են շատացել…
Բայց ընկած եզդ թող ե՛ս լինեմ, Երկի՛ր…
Քո լավ օրերում շատ եմ ցնծացել…
Հիմա եկել եմ,
որ լռին տանեմ խարանը Բախտիդ…
Դանակավորներդ ո՜նց են շատացել.
բայց ես չեմ թողնի,
որ Դու բարձրանաս զոհասեղանին…
Ցավերդ քանի՜-քանի անգամ եմ
փեշերիս կարել,
բայց երբ հաղթել ես՝ քանդվել եմ թել-թել,
որ զարդակարվեմ Քո սիրո ժամին…
Դանակավորներդ ո՜նց են շատացել…
Բայց ընկած եզդ թող ե՛ս լինեմ, Երկի՛ր…
Քո լավ օրերում շա՜տ եմ ցնծացել…
Գոնե այս դժվար օրերն ապրելուն
հավուր պատշաճի նախապատրաստիր…
***
…Դու ամեն վայրկյան սորում ես ափիցս…
Ու ամեն հատիկդ իմ սրտից պոկված
ժայռեղեն բեկոր է…
Ես մերկանում եմ անընդհատ այսպես՝
չհավատալով, որ արդեն տկլոր եմ…
Բայց ես չեմ փոքրանա, Երկի՛ր, լսո՞ւմ ես…
Որովհետև դեռ պիտի ժողվեմ Քեզ.
թիզ առ թիզ,
շեն առ շեն,
երկիր առ երկինք…
Չեմ փոքրանա, լսո՞ւմ ես…
Որովհետև ինձ ժողվելու համար
Դեռ մի օր գալու ես…
***
Մի օր, երբ խաղաղ լուսաբացներիդ
դռների դիմաց
դու ժամադրես բոլոր Տղերքին,
ես որդեկորույս մայրերի ողբը հուշիկ հավաքած
կգամ, կհասնեմ Ցավիդ եզերքին,
ու մենք երկուսով,
անտուն բառերից հոգնած, հալածված,
կլռենք կրկին…
Ու մենք երկուսով դանդաղ կմեռնենք՝
Լույսի երակին…
Ու նրանց չապրած տարիներն հագած
օրը՝ ուսերին գցած կիջնի ցած մի մահե աշուն,
աշխարհի վրա փռվելով իբրև որբացած Կարոտ
ու… Ցավի շրշյուն…
***
Այս խաղաղությունը թաց շապկի պես է,
հագել՝ չեմ տաքանում…
Տակից երևում են ցավիս դուրս ցցված
ոսկորները բոլոր,
կրծքերս, որոնցից արյուն է կաթկթում,
ողնաշարս, որի վրա փշեր են աճել,
երակներս, որոնցով հոսող քարտեզի
մասշտաբը Շուշին է…
Այս շապիկով ոչ ոք ինձ չի ճանաչում…
Բայց գիտեմ՝ թե հանեմ, անգամ՝ մերկանամ,
այս պատերազմը չեն հասկանալու…
…Ու հիմա միայն գիշերները գիտեն,
թե քանի՜ հազար անգամ եմ տրոհվում
այս ճերմակարյուն դատարկության վրա
ու… չեմ վերջանում…
Ես այնտեղ ամենալքվածն եմ, ամային ամենա,
ինչպես անապատն այն, ուր քամիները
դարսդարսում են ավազների հիշողությունը՝
կամա թե ակամա…
Այս խաղաղությունը թաց շապկի պես է,
հագել՝ չեմ չորանում…
***
…Քանի քամիները
ինձ չեն քշել-տարել այս օրերից անգույն՝
իբրև Ցավի վկա՝
ժամանակի ձեռամբ,
Քանի մութը նոր-նոր բաներ չի հորինել
ու կարդացել ունկիս
այն հեքիաթի նման,
իբր մոռացել եմ պատգամները ես Քո՝
Սիրո, Հավատի ու Արդարության…
Քանի երազներս տարված են Քեզանով
ու ձեռքդ պինդ բռնած թռչկոտում են կողքիդ՝
երեխայի նման,
քանի կատարներս Քո երկնքում են մով
ու կանգնած են մահիդ դեմ հանդիման…
Արի՛ խոստովանեմ,
որ Քեզ շատ եմ սիրել…
Սակայն Դու չես կարող
այսքան անսեր լինել,
այսքան անսիրտ լինել ու աննորոգ…
…Մի օր կզարդարվես վառվռուն օրերով,
սերերով հազարան
ու կծածանվես իմ բարձունքների վրա՝
իբրև Հավերժության
ճախրանք բազմադարյան…