Պատերազմից հետո շեփորները լռում են
և մնում է իրական կենցաղը:
Գլուխ 1. մայրը, որդին, հայրը
Ինքը (մայրը) գալիս ասում է՝ խի ես նստել, հե՛լ քայլի՛, ասում է՝ Սիլվայենք գառ են մորթել գնամ դմակը բերեմ ոտերիդ կապեմ (չե՛մ ուզում) սաղ դրանից է, որ չես ուզում, Հիսուսն ասում ա՝ ուզի՛ և կլինի. ինքը (հայրը) տնից դուրս է ելնում ու թափ-թափ գալիս, ասում է՝ տղուն հանգիստ թո՛ղ անասո՛ւն, ձեռքը հանում, բարձրացնում է, ավելի վեր է ձգում, թևատակի կարերը ճռճռթում են՝ կտամ կսատկե՛ս, սեղմած բերանով. նե տեղից չի շարժվում, գլուխը կռացնում շան նման անշարժ մնում ու աչքի տակով գլխավերևի ձեռքին է նայում. ուղղակի ձայնը կտրում է. ինքը (հայրը) բահը վերցնում հեռանում է. ա՛յ, ասում է նե՝ գոնե հորդ կօգնեիր, ջուր անելուց հետը կըլնեիր, չէ՜ պատերազմ պտի գնա բա ի՜նչ… Ինքը (հայրը) թթի ծառի մոտից շրջվում իրենց է նայում, կարծես քթի տակ հոխորտում է, նե նկատել ու ձայնը կտրել է. ինքը (հայրը) շարունակում է առաջ ընթանալ, հենց տեսադաշտից կորում ու թեքվում է վերևի փողոցի վրա, նե հասնում ու սայլակին նստած տղային քաշքշում է, վե՜ր ես ընգե, ու գիտեմ, քեզ դուր ա գալիս, չէ՞, իսկ Հիսուսն ասում ա՝ ուզի՛ր, հենց հիմա ցանկացի՛ր և կստանա՛ս. քաշում ու որդու հետ միասին ընկնում են գետնին, նե գրկում է տղային, ոտքը երկարում է, որ հեռու գլորված անվասայլակը, ձգի իրենց, հետն էլ կրկնում է՝ ուզի՛ր, որ ստանաս, ուզի՛ր որ ունենաս: Տղան գլուխը հարվածում է մոտեցրած սայլակին, մոր ձեռքը պոկում է դրանից, ու մի ցատկով նստում. կրակը ծերանա՛ սպիտակ փառ կապի՛ էրեսին գելի ոռնոցը լսվի՛ ու աստղերին մատերովս կպնե՛մ նոր կմտածե՛մ էկող օրվա մասին. մե՜ր դրե՛ք միսը կրակին հանե՜ք շշե՛ք խորովածը… Ինքը (մայրը) փոշոտված դեռ նստած է հողին. գիժ անտեր գոռաց ու քշեց գոռաց ու էրկու ակի հուպ տալով գլորվում ա չգիտի որ լացելուց տեսել եմ…
Գլուխ 2. մայրը
Ինքը (մյուս որդին) չի՛ գա, հաստա՛տ չի գա, էս էլ ոտքի չի՛ կանգնի, էն էլ չի՛ գա, մնաց գաղթական, հարսին թողեց ու գնաց, հարս ունենք տունը, ով կասի, փորը հելե կպել ա դնչին, ո՞ւմից, ո՞նց, ի՞նչ, չե՛մ հավատում… ու լավ եմ արէ, որ գյուղամեջում ասել եմ՝ Հիսուսն ա ծնվելու, նրա երկրորդ գալուստն ա, ես գիտեմ, որ տենց ա… նե մարդ չի՛ ծնի, որ մարդ ծնի Առդոն կսպանի՛, չէ՛, կա՛մ դև պտի ծնի կա՛մ աստված. հինգ տարի ամուսին չունի գլխին, ի՞նչ անի, օդից էլ կհղիանար. դե հանգիստ մնա՜ շան ծնունդ (շունը վնգստում է) հալովդ սթրվի՛ լափդ տամ գնամ տենամ ինչ ա գալու կոտիս. ծնվավ, քեզ էլ Առդոն չի խնայի, թե՞ գիտես գիշերվա հաչացողներին վնաս չկա, կա՜, էն էլ ոնց, կտանի այ էն դոշին կխփի, հենց մի գնդակով գանգդ ցրիվ կտա, հը՞, հասկանում ես չէ՞, չիմանայիր չէիր լիզի ձեռներս, ե՞ս փրկեմ, ես հազիվ մտածեմ իմ հարսից ծնվողի ու էն չքայլող պատերազմողի մասին. պատերազմողիս տեսեք, հերիք ոտերս լիզես, մեկ ա դու զոհ ես, զոհաբերություն, ոնց որ աստվածաշնչում Իսահակն ես, կամ չեմ հիշում ով էր. քեզ զոհելու ենք աստծուն, որ դրա (Առդոյի) հերսը թողնի, եթե թողի. քինոտ մարդ ա. չգիտեմ Առդոյի հերսի թե աստվածի, բայց մեկի համար հաստա՛տ քեզ կզոհենք, համ էլ պառավել ես…
Գլուխ 3. հարսը
Սկսվե՜ց, վերմակն էլ քաշել տարել են. դու չե՛ս մրսի, չե՛մ թողի, պետք ա օրվա մեջ հազար անգամ կճմտեմ ինձ ու հավատամ ես կա՛մ ու էս դժոխքում եմ, ասում են՝ անտեր մնամ, ինձ չպետք ա հա՞ ոչ մեկը տենա, ու կմնամ, կպաղկվեմ պանրի բոչկի մեջ կբերեմ քեզ, ճի՞շտ չեմ, սիրունս, աղջիկ ես թե՞ տղա…
Գլուխ 4. հայրը (Առդոն)
Թքա՛ծ. ձեր մերը, բայլուս, ի՞նչ, հա՜ լավ ա տղեն, հա՛ զանգում ա, չէ՛ հլը չի՛ գալու, գալու մասին բան չկա, հերո՞սը, հերոսը նստած ա հա՛ ըհը հա՛ չի՛ քայլի… սաղիդ մերը, տղեդ ո՞նց ա, զանգո՞ւմ ա, ամեն օր նույնը, քեզ ինչ ոնց ա, ինչ մեղքիս համար անոտ տղա, պատերազմ էիր գնում հա՞, մյուսն էլ քայլում վազում ա, բայց մենակ հեռու ա վազում մեզնից հեռու. հեռու կնգադ տանեիր, չէ՜, թող մնա որ փոր աճեցնի, որ սատկելուցս առաջ թքեն էրեսիս, թող մնա՛ բայց չի՛ ծնվի բիջը. իմ օջախում բոզի լակոտ չի՛ ծնվի։
Գլուխ 5. հարսը
…ուրեմն մոշերն անցնեմ արունլվա հասնեմ քո մոտ որ տենամ քեզ որ չմտածեմ որ նորից հետ եմ անցնելու ջանս քերծելով ճղելով ու դու չգաս էրեկ ու դրա առաջի օրը. էրեխուս հարցը պետք ա լուծենք, մտածի՜, մի հնար գտի, կսպանեն…
Գլուխ 6. հայրենասեր
Այս ամենը ինձ պատմում է նա, ով հարսի փորն աճեցրել է, խոսում է ու հրճվում:
Վերջաբան. աշուն
Աշնանը ծորում է բնությունը. տերևները ծառերից, ամպերը երկնքից: Գուցե գույների բազմությունից է աշխարհը մեղրածոր դառնում, կամ թախծի դրսևորումն է այդպիսին: Սկիզբ են առնում սառը առավոտները. արևը տեղ-տեղ է ընկնում և ջերմացնում, կեսօրվա կողմ տարեցները փնտրում ու կանգնում են այդ արևկող կտորների վրա, քանզի արևի կլանումը ոմանց համար վերջին անգամն է: Աշնանային տրամադրություն, ուր մտածողներն ընկնում են դոնդողանման ունայնության խորքը:
Աշնան ծնվածներն առաջինն են տեսնում Երկրի գույները, մինչդեռ, այն ժամին, երբ մարդիկ խորը քնի մեջ են, երբ միայն առարկաներն են ապրում. երկիրը դեռ քնած է, գետնին թափված տերևները եղյամով պատված, որոնք շուտով ձյան տակ են մնալու, փտեն, հող դառնան. նե ծնում է, երեխային տանում թաղում է լեռան ստորոտի փշատենու տակ. փշոտ ծառի տակ, որ մարդ ու կենդանի չմոտենան: