Իրոք, ո՞րն եմ համարում «Գրական թերթում» իմ ամենահիշարժան հրապարակումը: Կարո՞ղ եմ առանձնացնել դրանցից մեկը: Կարծես թե իմ առջև հառնեցին ընթացիկ տարվա բոլոր զավակներ-հոդվածներս: Ջրաբերդյան «Կաթողիկոսասարի մոռացված վանքը» հոդվածը ասես կանչում է՝ «Ես եմ կարևորը, քանի որ մոռացությունից փրկեցիր մեր անցյալների հիշատակը»: Սակայն հայտնվեց իմ հոբելյանի առթիվ հրապարակված «Ջամասպ և Կավատ Սասանյան արքայից արքաները» պատմավեպի «Արյունոտ հրապարակ» հատվածը: Տիզբոնի կրակապաշտների Կարմիր տաճարի քուրմ Մազդակը այստեղից սկսեց իր հեղափոխությունը, որը փաստորեն համայնավարական գաղափարախոսության սկզբնավորումն էր: Բայց ինձ համար պակաս կարևոր չէին Քաշաթաղի և Քարվաճառի նորահայտ ամրոցների հետազոտության արդյունքները, որոնց մասին հոդված հրապարակվեց թերթում: Ազատագրված տարածքներում հայտնաբերվել էր հայկական 64 հինավուրց ամրոց: 44-օրյա պատերազմի հետևանքով պատմական Սյունիքի և Արցախի հուշարձանները անպատասխանատու թեթև ձեռքով նվիրվեցին թշնամուն: Ինձ համար հարազատ էր և «Տեխնոլոգները» պատմվածքի հրապարակումը թերթում: Այն նաև իմ ինժեներական գործունեության մի հեռավոր հուշ էր: Գուցե և ամենակարևորը այս հրապարակումների մեջ 6-րդ դարի սկզբին Հոռեկավանքի եպիսկոպոս Քարդոստի կողմից մերձկասպյան հոների համար գրերի ստեղծման ու այդ գրերով Սուրբ գրքի թարգմանության գործն էր: Նման քայլով հայոց եկեղեցին փորձում էր ավարառու հոներին քաղաքակիրթ դարձնել, որպեսզի բացառվեն դեպի մեր երկիրը արշավները: Այդ պատմությունը մանրամասն նկարագրել եմ «Վաչական Բարեպաշտ թագավոր» պատմավեպում: Ի վերջո, ինձ համար պակաս կարևոր չէ և պատմավեպի հետ կապված Արցախի պետհամալսարանի գրականության ամբիոնի վարիչ, բանաստեղծ Սոկրատ Խանյանին հասցեագրված իմ նամակը:
Անորոշության մեջ էի, երբ հիշեցի «Գրական թերթում» հրապարակված «Միտք» վերնագրով իմ հոդվածը: Հիմնական թեման մտքի ու միտքը կրողների, մարդու ուղեղի կարողության գնահատման համակարգն է, որի բացակայությունը ավելի զգալի է այսօր: Մարդկային հասարակությունում այն երկիրն է առաջընթաց ապրում, որտեղ գնահատվում է միտքը, գաղափարը, նրա կրողը, ու մարդիկ գնահատվում են ըստ ուղեղի ունակության, հնարավորություն է ստեղծվում ճիշտ տեղում կիրառելու այն: Այս տեսանկյունից կարելի է հաստատել, որ մարդկային քաղաքակրթության համար ամենաթանկ բանը ոչ թե ընդերքի ոսկին է, նավթը, հանածոները, այլ միտքը: Հենց ունակ մարդկանց միտքը չգնահատելու պատճառով էին Հայոց պետության վերջին տարիների անհաջողությունները, երկրի կառավարման հետ կապ չունեցող պատահական մարդկանց պետության ղեկին հայտնվելը: Նման երևույթը կարող է կործանել ցանկացած ժողովրդի, ցանկացած պետության: Այնպես որ, հենց տվյալ երկրի բնակչությունը պատասխանատու է երկրի ամենաթանկ հարստության՝ մտքի ու նրա կրողների ճիշտ գնահատման համար:
Թվաց, թե գտել եմ «Գրական թերթում» իմ ամենակարևոր հրապարակումը, երբ հիշեցի ազգային գաղափարախոսության մասին իմ հոդվածը: Չէ՞ որ այսօր ամենակարևոր խնդիրը հայոց պետականության փրկությունն է, որի համար առաջարկում եմ՝ «Յուրաքանչյուրիս շահը համընդհանուր շահի մեջ է»: Սակայն դա էլ ՄՏՔԻ արդյունք է…