«Գրական թերթի» իննսունամյա կենսագրությունը մամուլի պատմության աննախադեպ վկայություն է: Երևակայելն անգամ անհնար է: Բայց էականն այն է, որ «Գրական թերթը», նախորդ տասնամյակներում որքան էլ ունեցել է անկումներ ու վերելքներ, կրել է գաղափարական կլիշե, այնուամենայնիվ, իրենով վկայում է պատմությունը, որ մշակույթն է պահպանում: Ինձ համար, ահա ինչու, թերթի հետ հարաբերությունը ունի երկու տեսանկյուն. իբրև ընթերցող այն ամենասպասելին է ամեն ուրբաթ, իսկ իբրև քննադատ, որ մասնակիցն է գրական պրոցեսի, պատասխանատվության զգացողությունը, որ ինքս եմ կրում թերթի էջերում:
Իբրև ընթերցող՝ իմ հիշողության մեջ անջնջելի է նախորդ դարի ութսունականների բանավեճը պոեզիայի հարցերի շուրջ, որի մասնակիցներն էին և՛ քննադատները, և՛ գրողները: Մենք մեր անվանիներին ճանաչում էինք ու գնահատում բանավեճի ընթացքում: Եվ մինչև հիմա ինձ թվում է, թե հենց թերթում մեկ հրապարակումը բավական էր քննադատի ճանաչելիության համար: Ժամանակն էր այդպիսին… Եվ թեև բանավեճը այդպես էլ ճանապարհ չէր բացում, բայց հետագայում, որքան էլ բանավեճերի միջով անցա, այդպիսին մնաց իմ զգացողությունը (թեև այսօր ոմանք ճանաչելիության հետ կատակներ են անում ֆեյսբուքում, և, ավաղ մեզ, ֆեյսբուքային քննադատությունն է կերել մեզ, շրջել էջը հիշողության ու մտքի):
Այնուամենայնիվ, քննադատների ամեն սերունդ հրապարակ է գալիս իր սերնդի գրողների հետ: Սա նախապայման է: Իմ սերունդն էլ ուներ տաղանդավոր անուններ, որոնք գրական անուն չդարձան: Բայց նորը և նորի զգացողությունը իմ արյան մեջ էր: Թեև ինձ համար դժվար է հիմա պատասխանել, թե ո՞րն է իմ ամենահիշարժան հրապարակումը «Գրական թերթում», բայց, ճանապարհի հեռվից, շրջադարձային էր ինձ համար աստվածաշնչյան Ժողովողի գրքի մեկնաբանությունը, որը ինձ համար մնում է միայնակը: Հետազոտությունը՝ «Իմաստություն իմաստությանց կամ Բանք ժողովողի», նախ հրապարակվեց Սփյուռքում, այնուհետև նոր՝ հայրենիքում: Ուստի, որքան էլ տասնյակ հոդվածներ եմ հրապարակել, անգամ անարդար բանավեճերի ծանրությունը կրել, գրական մի ամբողջ սերունդ արձակագիրների՝ Լ. Խեչոյան, Վ. Այվազյան, Գ. Խանջյան, Ռ. Նահապետյան, Վ. Թամարյան, Ս. Հարությունյան բերել հրապարակ, վերջին 60-ամյա հայ պոեզիայի համակարգը գիտական վերլուծության ենթարկել, հրապարակել գրքերով, այժմ իմ վերլուծության նյութը նախորդ դարի 50-60-ականների պոեզիան է, և կարելի է ասել, իմ քննության նյութը հարյուրամյա գրական շրջանի պատմությունն է, բայց ամեն մի հատված ավարտելիս ինձ միշտ հետապնդում է արածի և անելիքի անբավարարության զգացողությունը: Վերլուծելիս ըմբռնում էի, թե որքան աղքատ է մեր գրական միտքը: Եվ որքան էլ կան անվանի վերլուծողներ, բայց մեր գրականությունն ավելին է, քան գրականագիտությունը՝ բանասիրության պատանդ և… պետք է վերականգնել հասակների տարբերությունը…
Մշակութային մեծ սերունդ է հեռանում հրապարակից՝ 60-ականների սերունդը, որի ստեղծածը կարոտ էր վերլուծության ու համակարգելու: Ինձ համար անգնահատելին հենց 60-ականների ոգևորությունն էր, երբ «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գիրքը դրվեց սեղանին, որի առանձին էջեր հրապարակել էր հենց «Գրական թերթը»: Ահա ինչու թերթի էջերը տան զգացողության տպավորությունն ունեն մեզ համար, այն է՝ հոգևոր տան, որը մեզ է պահպանում, մեր մշակույթը, պատմությունը: