Սիրելի՛ «Գրական թերթ», 90-ամյա իմ երիտասարդ բարեկամ.
Իմ առաջին հանդիպումը քեզ հետ կայացել է շուրջ 75 տարի առաջ՝ հայրենի Շատին գյուղում։ Մայրենիի իմ ուսուցիչն էր թերթը դպրոց բերել։ Գրական առաջին թոթով քայլերս խրախուսող ուսուցիչը թերթը ինձ մեկնելով՝ ասաց.
– Եթե մի օր տպագրվես «Գրականում», բոլորը քեզ կճանաչեն, մեր գյուղն էլ կհպարտանա իր գրողով։
Հետո ուսուցիչս թերթի ուրիշ համարներ էլ բերեց, ագահությամբ կարդում էի և նախանձում այն երիտասարդ գրողներին, ում բանաստեղծություններն ու պատմվածքները տեղ էին գտնում թերթի էջերում։ Ինչո՞ւ միայն նրանց։ Շատ անվանի գրողների հետ քո էջերով ծանոթացա։ Այդպես դու դարձար իմ անփոխարինելի գրական ուսուցիչը։ Եվ մի օր էլ համարձակվեցի իմ բանաստեղծություններից մի քանիսը քեզ ուղարկել։ Եվ ա՛յ քեզ հրաշք. մեկ ամիս անց իմ անուն-ազգանունը «հայտնվեց» քո հինգերորդ էջի մի անկյունում: Աշխարհով մեկ էի եղել, ողջ գյուղն ու դպրոցը այդպես ճանաչեցին 17-ամյա բանաստեղծ Վարդգես Խանոյանին։ Ուրախ էի, որ գրականագետ Վազգեն Մնացականյանը այսպես էր արձագանքել. «Վերջապես Վարդգես Խանոյան անունով երիտասարդը խախտեց լռությունը, և «Գրական թերթում» ու Եղեգնաձորի «Վերելք» թերթում տպագրվեց նրա բանաստեղծությունների շարքը, որ իմ երաշխավորությամբ ներկայացնում եմ ընթերցողներին, այն հույսով, որ վաղը նրան հանդիպեմ ինքնուրույնության ճանապարհին, որովհետև հավատում եմ նրա սիրո ու հավատի անկեղծությանը։ Ես էլ հույսի խոսքեր եմ գրում և բարի գալուստ ասում նրան։ Թող գա…»։
Այնուհետ, ստեղծագործական կյանքիս ընթացքում դու մշտապես խրախուսել ես իմ գրական քայլերը, գնահատանքի խոսքեր ասել առաջին և հաջորդ գրքերիս մասին, և մեր ազնիվ բարեկամության արգասիքն էր նաև իմ ծննդյան 70-ամյակի շնորհավորանք-անդրադարձը՝ «Բանաստեղծը, որ գալիս է լեռներից» խորհրդանշական խորագրով։ Եվ հիմա, երբ գրական-մշակութային շրջանակներում ըստ արժանվույն նշվում է քո ծննդյան 90-ամյակը, ես չէի կարող այդ փառավոր իրադարձությունը շրջանցել և երախտագիտության թեկուզ և հակիրճ խոսքով չշնորհավորել իմ թանկագին բարեկամի և իբրև բանաստեղծ կայանալու ընթացքում մեծագույն դերակատարություն ունեցող թերթի հոբելյանը և մաղթել բազում իննսունամյակներ՝ ի փառս հայ գրականության և հոգևոր մշակույթի հավերժական ճանապարհի։