«Գրական թերթի» 70-ամյակը նշվեց Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում: Բեմում «նախագահում էին» Զահրատը, Աղասի Այվազյանը, Անահիտ Սահինյանը, Լևոն Անանյանը: Խմբագիրն ավելի շատ հանդիսավարի դերում էր (տոնական նախապատրաստությունների իրարանցման մեջ այդ մասին մոռացվել էր): Իրար էին հաջորդում շնորհավորանքները, բեմ էին բարձրանում թերթի բարեկամները՝ մեր ազգի սերուցքը… Եվ նրանցից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը: «Հետահայցը» ներկայացնում է Վարպետի խոսքը:
Հայաստան աշխարհի ուզածդ հոբելյան մեր ապրած կյանքի տարիներն են…
Գրական թերթ – Ինչպես ապրեցինք միասին, ովքեր եկան ու անցան… Ինչ փառահեղ անուններ, մարդկային ինչ որակներ, ինչքան բան սովորեցինք:
Գրական թերթ – Դու գրական թերթ չես եղել միայն: Մեր ժողովրդի մաքառման, հույսի, արդարության, նվաճումի զարկերակի վրա ես եղել միշտ… (ինչքան էլ օգնեն մեզ կորցնելու մեր հիշողությունը, այնուամենայնիվ, նվաճումներ եղել են):
Գրական թերթ – 70-ամյա իմաստնացած երիտասարդ, քայլիր, խնդրում եմ, չհոգնես, այսօր ավելի ես պետք:
Գրական թերթ – Եկ հիշենք քո հսկայական ծառայությունների մասին, քո արածների մասին, բայց նախ՝ ի՞նչ կարող էինք անել, որ չարեցինք, այդ մասին հիշենք:
Գրական թերթ – Արի ափսոսանք նաև մեր չապրած տարիների համար:
Գրական թերթ – Օգնիր, խնդրում եմ, որ լավ հասկանանք, թե անկախությունը սեփականաշնորհում չէ, այսպես կոչված՝ ընտրյալների անկախությունը ավելի մեծ կախվածություն է ժողովրդից, ազգի ճակատագրից:
Գրական թերթ – Օգնիր, որ Երևանի փողոցներում քո և մեր ծանոթ բարեկամները շատանան, ափսոս է այս երկիրը:
Գրական թերթ – Հիշո՞ւմ ես՝ ինչքան պայքարեցինք, դիմակայեցինք, դիմադրեցինք, սիրելու ժամանակ չմնաց:
Գրական թերթ – Թող քո սերը չպակասի մեր ժողովրդի, համայն աշխարհի հայության մայրաքաղաք չքնաղ Երևանի՝ թող որ այսօր տխուր օրեր ապրող, բայց, միևնույն է, երկիր դրախտավայր Հայաստանի նկատմամբ:
Գրական թերթ – Վերջապես դու երրորդ անգամ հանձնվեցիր էլի հմայիչ մի տիկնոջ և ընդունեցիր, որ Հայաստանում մայրիշխանություն է:
Գրական թերթ – Դու աստղագուշակով Ձուկ ես, ջրի հոսանքին հակառակ մի՛ գնա, լողա համընթաց, գնա մեր փրփրաբաշ գետերով, հասիր ծով ու օվկիան, գնա, ասա աշխարհին, որ հայը կա, որ ոչ մի երկրաշարժ, ոչ մի շրջափակում, ոչ մի անամոթություն, ոչ մի անխղճություն, ոչ մի լկտիություն մեզ չի ընկճելու, որ եղել ենք, կանք ու պիտի շատանանք…