Լիպարիտ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Իսկ Տերը գիտեր
Դու հասակ առար Լոռվա սարերում,
Ծաղիկների մեջ՝ խենթությամբ բուրող,
Քեզ գագաթների հմայքն էր գերում՝
Շղարշված կապույտ, ճերմակ ամպերով…
Երազանքների ճամփան էր կանչում
Հեռուներն անհայտ՝ կարոտով մի լուռ,
Դու քեզ այդ պահին չէիր ճանաչում,
Իսկ Տերը գիտեր՝ ինչ ես դառնալու…
Իսկ Տերը հոգիդ հույզերով լցրել,
Շնորհ էր տվել բանաստեղծելու,
Աշխարհին, մարդուն սիրահարեցրել՝
Թիկունք լինելու և կարեկցելու…
Նրանց Սեր, Հավատ, նաև Հույս տալու՝
Փորձությունները հիշել դարավոր,
Հավատալ՝ դեռ նոր օրեր են գալու,
Եվ Արշալույս է բացվելու մի Նոր…

Հրաշք են կանայք
Հեքիաթի ծնունդ, հրաշք են կանայք,
Քույրերը կախարդ Լույս փերիների,
Նրանցով պիտի միշտ հպարտանանք,
Բոլոր մայրերով բոլոր ազգերի…
Աստվածներ են մեր մայրերը, իրավ,
Իրենց կրծքի տակ Արարման ոգին,
Պահապանները օջախի ու տան.
Աշխարհը անմայր՝ կլիներ Ոչինչ…

Հորս խոսքերը
Հայրս հնձվոր էր, հայրս՝ սերմնացան,
Գարունը բացվեր՝ հողն էր դուրս կանչում,
Նա անգիր գիտեր ամեն ձոր, կածան,
Մեր սարերն էին նրան ճանաչում…
Սիրում էր հողը նա որդու նման,
Պաշտում, գուրգուրում՝ որպես ծնողի,
-Որդի՛ս,- ասում էր,- թող լավ իմանան
Մարդիկ, որ խեղճ են առանց Մայր հողի…
Մարդն առանց հողի նման է որբի,
Թափառականի՝ անտեր ու անտուն,
Հայրենի հողը ցավեր կսփոփի,
Բարիք կդառնա և հարստություն։
Հողը քրտինք է սիրում, աշխատանք,
Որ առատ սեղան բացի մեր առաջ,
Հողը սիրելով՝ մարդ կերջանկանա
Եվ երբեք, որդի՛ս, չի մնա քաղցած։
Սիրի՛ր մայր հողը, ինչ գործ էլ անես,
Ինչ պաշտոնի էլ հասնես քո կյանքում,
Մեղավորների կողքին չկանգնես,
Արդար մարդուն են բոլորը հարգում…
Հորս խոսքերը ես չեմ մոռացել,
Բայց այն ժամանակ ինչ իմանայի,
Որ ուսուցիչ էր հայրիկս դարձել
Եվ ինձ իմաստուն դասեր էր տալիս…

Մեր որդիները
Մեր որդիները՝ մատաղացու գառ,
Հանուն Հայրենի հողի փրկության,
Զոհվեցին դաժան մարտերում համառ,
Երբ ամեն մեկը ճրագ էր մի տան…
Երբ ամեն մեկը նոր էր ծիլ տալու,
Նոր էր դառնալու մի օջախի սյուն,
Իր Սիրո դուռը նոր էր բացելու,
Զգալու նրա քաղցրությունն անհուն։
Նրանց սրտերը՝ երազներով լի,
Չեն բաբախելու, ավա՜ղ, էլ արդեն,
Իսկ մենք, ինչպե՞ս ենք ապրելու էլի,
Սիրելինե՛րս, ես այդ չգիտեմ…
Ես այդ չգիտեմ…

Դու պիտի ծաղկես
Դու պիտի ոտքի կանգնես, Հայո՛ց տուն,
Դու պիտի ծաղկես, պիտի շենանաս,
Դու Լույսի աղբյուր ունես քո սրտում,
Աշխարհում պիտի դու հավերժ մնաս։
Դու Հայկ ու Բելի կռվի մասնակից,
Փրկիչ-հանգրվան Նոյի տապանի,
Դու Քրիստոսի սուրբ դավանակից՝
Անմահ Ուխտավոր Հավերժականի…
Դու պիտի ոտքի կանգնես, Հայո՛ց տուն,
Փյունիկ թռչունի նման վեր ճախրես,
Քեզ Արարիչն է պարգևել թևեր,
Հողին գամվելու իրավունք չունես…
Դարեր շարունակ ապրել ես հպարտ՝
Արարումներով քո զավակների,
Եվ պիտի քայլես սրտով անաղարտ՝
Նոր ճամփաներով նոր բարձունքների…

ՈՒԹՆՅԱԿՆԵՐ
* * *
Գուցե ինձ կյանքում չհիշեք երբեք,
Իմ անունն անգամ երբեք չիմանաք,
Բայց ձեր մասին եմ գրել ամեն երգ,
Դուք եք ինձ տվել հույս ու ներշնչանք…
Ձեր ցավի համար մնացել անքուն,
Խորհել՝ գտնելու բալասան ու ճար,
Եվ այդ ամենը պահած իմ հոգում,
Որ հանձնեմ ես Ձեզ մի օր անվճար…

* * *
Ես վրդովվում եմ, երբ ինչ-որ մարդիկ,
Մի ծառ չտնկած՝ անտառ են հատում,
Երբ որ քրտինք չեն թափում մի կաթիլ,
Եվ վերածվում է հողն անապատի…
Ուրիշի տունն են քանդում, ավերում,
Սրի են քաշում ծերերի, մանկանց,
Եվ մարդիկ մեր այս լուսավոր դարում
Ներում են նրանց, ներում է… Աստված…

* * *
Գործո՛վ հաստատիր իմաստը կյանքիդ.
Պարապ մի՛ մնա դու ոչ մի վայրկյան,
Լույսի մի շող էլ ծնվի քո ջանքից՝
Քեզ բախտավոր ու երջանիկ զգա…
Մարդը ծնվել է, որ միշտ արարի,
Որ հեռանալու, պահը երբ որ գա,
Հետ նայի անցած իր ճանապարհին՝
Գործերը դառնան ապրածի վկան…

ՔԱՌՅԱԿՆԵՐ
* * *
Սերը՝ Աստված, Սերը ծնունդն է կյանքի,
Թևե՛ր տվեք նրան հպարտ ճախրանքի,
Միայն Սերը ողջ աշխարհում, իմացե՛ք,
Ե՛վ դավերի,
և՛ խեղճության դռներն ամուր կփակի…

* * *
Ձեր հողից մի՛ հեռացեք,
Հողը թանկ է, մայր է հեզ,
Որ ողջ կյանքում, ուր լինեք,
Կանչելու է գիրկը ձեզ…
* * *
Նոր ցավ մի՛ խառնիր իզուր հին դարդին,
Նոր գործի համար ճանապա՛րհ հարթիր,
Ոչ մի աշխատանք վերջ չի ունենում,
Քո սկսածը թոռդ կավարտի…

* * *
Իմ հա՛յ ժողովուրդ՝ աշխարհով ցրված,
Աշխարհին Մաշտոց, Նարեկ նվիրած,
Հազար ցավ տեսար, կոտորած, ավեր.
Մի՞թե դա էր քո ճակատին գրված…

* * *
Մարդու մասին իր գործն է վկայում,
Հազար աչքեր են միշտ նրան նայում,
Եվ որքան կուզես թաքցնել, իզո՜ւր,
Մեկ է, կերևա կյանքի հայելում…

* * *
Երկիրն հազար ձոր, լեռ ունի, իմացե՛ք,
Գարո՜ւն, ամա՜ռ, ձմե՜ռ ունի, իմացե՛ք,
Մարդն իր մեջքին, կապված անտես թելերով՝
Հոգսի հազար սուրբ լեռ ունի, իմացե՛ք…

ՏՐԻՈԼԵՏՆԵՐ
* * *
Քո ամեն քայլին Տերն է հետևել՝
Հեռու պահելով փորձանքից, շառից,
Խորհուրդ հաղորդել քո խոսք ու բառին.
Քո ամեն քայլին Տերն է հետևել…
Կյանքդ, որ այսքան երկար է տևել,
Պարտք ես Տիրոջը մեր Արդար, Բարի.
Քո ամեն քայլին Տերն է հետևել՝
Հեռու պահելով փորձանքից, շառից…

* * *
Մի բուռ հողից է մարդը արարվել,
Մի բուռ հող պիտի դառնա նա մի օր,
Հողը հարազատ Մայր է շնչավոր.
Մի բուռ հողից է մարդը արարվել…
Նրանից թանկ բան չունենք առավել,
Շինական լինենք, իշխան, թագավոր.
Մի բուռ հողից է մարդը արարվել,
Մի բուռ հող պիտի դառնա նա մի օր…

* * *
Անբան մարդուն ո՞վ կյանքում կհարգի,
Ո՞վ նման մարդուն կդառնա ընկեր,
Ով իր ուսին չի առնում ոչ մի բեռ.
Անբան մարդուն ո՞վ կյանքում կհարգի…
Ծույլն արժանի է միշտ անարգանքի,
Հենց նա է կոչվում պարապ հացակեր.
Անբան մարդուն ո՞վ կյանքում կհարգի,
Ո՞վ նման մարդուն կդառնա ընկեր…

* * *
Հպարտացիր լոկ քո՛ աշխատանքով՝
Քո հողում թեկուզ տնկելով մի ծառ,
Թղթին հանձնելով մեսրոպյան մի բառ.
Հպարտացիր լոկ քո՛ աշխատանքով…
Բարձունքի հասիր սեփակա՛ն ջանքով,
Քո՛ տունն ունեցիր՝ մի ամբողջ աշխարհ.
Հպարտացիր լոկ քո՛ աշխատանքով՝
Քո հողում թեկուզ տնկելով մի ծառ…

* * *
Համբուրեմ ձեռքը այն շինականի,
Ով իր հայրենի հողն է ակոսում,
Ով իր ազգի մեծ ցավից է խոսում.
Համբուրեմ ձեռքը այն շինականի…
Իր հետ նա մի օր մեզ Մուշ կտանի,
Սեղան կբացի նա մի օր Կարսում.
Համբուրեմ ձեռքը այն շինականի,
Ով իր հայրենի հողն է ակոսում…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։