Իսկ անուն ունի՞ հիվանդությունը,
Որ անորսալի հոտերի մասին ինչ-որ հիշատակ,
հուշ է պահպանում…
Այդպես կորցրած սիրելիին են երևի հիշում.
Եվ վարձու տան մեջ հայտնված մարդու
ակամա հաշտվող հայեցումը խեթ`
Նախորդած բոլոր վարձակալների
անվտարելի ներկայությանը՝
Տասնյակների և քո հիշողությամբ, անկախ քո կամքից,
Քեզ դարձնում է մասն այդ ամենի.
Չառանձնացողը, հարմարվողն ես դու
Վաղուց հաստատված՝ թիկնաթոռի մեջ խորացող փոսին,
թիկնակին ծռված,
Ուր ամեն անգամ հայտնվում են քո վիզն ու գլուխը…
մտածումը քո…
Օդափոխության նույն սարքի առաջ,
նույն կոճակներին ձեռքդ մեկնելով,
Դու ընդամենը պտտեցնում ես գաղտնի խորշերում,
անկյունների մեջ
Թաքնված նրանց շնչառությունը,- հոտառություններ,
որ, երևի թե,
Իրենցից անկախ կանխազգացել են մի օր քեզ այնպես,
Ինչպես դու հիմա կանխազգում ես քեզ անծանոթ մեկին,
Պատկերացնում ես՝ մի տեսակ օտար, անսովոր խանդով,
Որ մեկ ուրիշը վաղը կհենվի նույն գլխատեղին,
Անփույթ կօգտվի լողասենյակի ցնցուղից, կոնքից,-
Հայելու առաջ, նույն այն հայելու,
որին նայում ես ամեն առավոտ,
(Որը նայում է հաճախ կոնքերիդ),
ուրիշ, ուրի՛շ դեմք պիտի հայտնվի.
Եվ նույն պահին էլ մտածում ես թե՝
քեզ չի՞ ներառել հայելին արդյոք,-
Եվ մի՞թե պիտի այդ նոր կենվորը քո դեմքը տեսնի.
Իսկ եթե նաև մերկությո՞ւնը քո՝ լոգանքի պահին,-
Անհնարին է, թեև ճիշտ նույնքան կանխատեսելի…
Անկողնուց վերև՝ ննջասենյակի առաստաղին
կա մի պատկեր կախված,-
Խոնավությունից դուրս պրծած մի դեմք,
որ քեզ բաներ է պատմել լիուլի.
Սա և տեսել է ճառագումը քո սիրո պահերին,-
Մի՞թե ուրիշին պատմելու է սա.
Այս եռաչքանին, առաստաղային այս բորոտը խենթ՝
Ծամածռվածի իր տգեղությամբ
գեղեցիկն իր մեջ խեղաթյուրելով,
Աճուրդային իր ժպիտը սեղմած…
Բայց սա տեսել է
Քո ներշնչանքի պահերն անթերի,- հորդումը հոգուդ,-
քեզ կվկայի՞,-
Հօգուտ քե՞զ արդյոք…
Կլսե՞ն դրան… Իր հետ կխոսե՞ն…
Չխոսեն՝ ինքը չի խոսի… սակայն կլռի՞ հաստատ.
Եվ անորսալի հոտերի մասին որ ինչ-որ հուշ
կամ հիշատակ մնա,
Գլխապտույտով դու կամբողջացնես
անփակ պարույրի մի շրջապտույտ՝
Մի շունչ կամփոփես՝
Փոխանցելով քո շնչառությունը
հոտառությանը առաստաղների՝
Բանտախցերում, վարձով տներում,
հիվանդանոցում (տուփի մեջ գուցե),
Ուր հայտնվում են տեղին-անտեղի, միշտ ակամայից,-
Առանց ափսոսանք, առանց վարակի
Հիվանդությունը կփոխառես դու
Փրկելու համար անառողջ մեկին՝ կյանքով հարակից.-
Աշխարհն էլ իր հետ կփրկվի արդեն
ՀՈԳՈՒ ՈՒԾԱՑՄԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԻՑ…