Կարծում էի՝ սեպտեմբերի 27-ը կմիավորի ազգին իր ցավի շուրջ, և Եռաբլուրը կդառնա այն հոգևոր ազգային հրաբխի ակունքը, որը պիտի մաքրեր ամեն խոտոր բան մահապարտների սրբազան բագինի առաջ: Սակայն զուր հույսեր՝ վարչապետն առանձին եկավ, կաթողիկոսը՝ առանձին, նախագահը՝ առանձին, հայրենապաշտներն՝ առանձին, ընդդիմությունը՝ առանձին… Մի՞թե այս ցավը մեկ ազգի կորստի ցավ չէր, և հետո հարցնում եք, թե թշնամին ինչու է դեռ Սև լճի կողքին ամուր նստե՞լ: Ո՞րն է ձեր ուզածը, մեկն ու մեկը վերջապես ճշմարտությունը պե՞տք է ասի, թե՞ ոչ, այսպիսի խայտառակություն որևէ տեղ տեսե՞լ եք, երբ գերեզմանի վրա հարազատները, իրարից խռով, մեկ-մեկ այցելեն: Եկել էիք, որ ի՞նչ անեիք, ձեր գալը ցավի մեջ խեղդված ազգի համար ազգային միասնության շեփոր պետք է լիներ: Անկեղծորեն եմ ասում՝ ինձ և ժողովրդին չի հետաքրքրում, թե ով ում չի սիրում, խնդիրը այստեղ մեկն էր՝ Հայրենիքը և նրա համար ՄԱՐՏԻՐՈՍՎԱԾՆԵՐԻ հիշատակի միասնական հարգանքը… որն ազգի հավաքական ուժի վերականգնում կլիներ:
Եվ սա էր պատճառը, որ այս օրերին ձեռքս չէր գնում գրելու, այդ լռությունը կարող էր երկարել, եթե չվերցնեի Աբովյանի «Վերք Հայաստանին»…
Այն օրերը, որ ապրել է հայոց ազգը 18-19-րդ դարերում՝ թուրքերի ու ղզլբաշների իշխանության ու վայրենի հալածանքների տակ, աննկարագրելի է, և Չարենցից առաջ ընկնելով, նա հայ ժողովրդին միաբանության, իրար նկատմամբ բարեհոգի, սեփական ազատությունն ու անկախությունը պաշտպանելու, Հայոց Մեծ ազգի ժառանգությանը տեր լինելու տողեր է պատգամել: Փաստորեն, մենք անուղղելի ենք, մեր թվարկության 387 թ. Հայաստանը ընդմիշտ բաժանվեց երկու խոշոր տերությունների միջև, որի արդյունքում վերջիններս էլ մաս-մաս վաճառեցին այլ տերությունների, ինչը շարունակվեց անցյալ դարի 20-ական թվականներից մինչև օրս: Լավ, այսքան խելացի, աշխարհում մեծ ճանաչում վայելող գիտնականներ, արվեստագետներ, բժիշկներ, գրողներ, պատերազմի մարշալներ տվող ազգը չկարողացա՞վ այս մի բուռ մնացած տարածքը գոնե անխոցելի պահել: Ցավող ատամը միշտ հեռացնում են, եթե բուժման ենթակա չէ: Ազգի ցավող ատամը կամ ատամները ինչո՞ւ ժամանակին չեն հեռացվում, որ կորոնավիրուսի նման աղետ չդառնան, այս ի՞նչ շարունակական ներողամտություն է սեփական գենն ու երկիրը իրենց շահերի համար վտանգի ենթարկող ազգի տականքի նկատմամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանացիները գերիների վրա փորձարկումներ կատարելիս նրանց օրեր շարունակ սոված էին պահում և խոտ էին լցնում նրանց առաջ, և գերիները ստիպված, բնազդին տրված՝ խոտ էին ուտում… Հայ հասարակությանը այս հոգեվիճակին հասցնողների, ազգի ունեցվածքը քամուն տվողների, գործազրկության հեղեղի մեջ՝ երկրի երակները փակ պահելու, արտագաղթի դռները բաց անողների, սեփական երկրի վարելահողերը անմարդաբնակ տարածքների վերածողների կենսագրության էջերը մինչև ե՞րբ են փակ մնալու: Եվ մամուլում, եթերով, սոցցանցերում հռետորական ելույթներով հանդես եկողները ե՞րբ են իրենց դիվանագիտական հմտությունները միայն ազգային արտաքին քաղաքականության համար ծառայեցնելու, որ հայը երբևիցե խնդրող ազգ չդառնա աշխարհի դռներին: Ամեն մեկը յուրովի «Ստամբուլը արյան ծով դարձնող է», ցավոք, Արցախը լավ կողոպտելուց հետո, կրկին հանձնվեց թուրքին… Ի՜նչ ամոթ էր հայոց ազգի հերոսական արքաների համար, այսպիսի ժառանգություն նրանք երբեք չէին կանխատեսում…
Ժամանակները փոխվել են, այո՛, սակայն չեն փոխվում ընչաքաղցները: Մովսես Խորենացին ասում էր. «ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՎ ՄԻՆՉԵՎ Ո՞ՒՐ…»։ Ամբարիշտներն են պատերազմներ հրահրում: Այո՛, նրանք միշտ էլ կհրահրեն, իսկ որտե՞ղ է ազգի առողջ ուժը: Երիտասարդ գենը զոհելով չէ, որ երկիր պիտի պահել, առանձին-առանձին ճոխ սեղանների շուրջ բաժակներ վերցնելով չէ, որ երկիր պիտի պահել, դղյակներ և պարիսպներ կառուցելով չէ, կազինոներով չէ… Երկրի հզորությունը նրա տնտեսական զարգացման, նրա բանակի հզորության և մանկածնության բարձր տոկոսի ու դիվանագիտության մեջ է, որի վրա պետք է բևեռել ողջ կառավարող ուժերի այսօրվա և վաղվա ծրագրերը՝ հանուն այս սքանչելի երիտասարդության, որը վերջապես պետք է ապրի իր երազանքի հայրենիքում: